կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-21 17:24
Քաղաքական

Այստեղից տեղ չեմ գնալու` մինչև այս Սահմանադրությունը կյանք չդարձնենք. Արծվիկ Մինասյան

Այստեղից տեղ չեմ գնալու` մինչև այս Սահմանադրությունը կյանք չդարձնենք. Արծվիկ Մինասյան

Խորհրդարանում այսօր երկրորդ ընթերցման է ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ այս հարցը տեղափոխվում է սկզբունքային հարթություն, քանի որ վաղվանից ուժի մեջ են մտնելու սահմանադրական փոփոխությունների` առաջինից երրորդ գլուխները, որոնք որոշակի հակասություններ ունեն այս օրենքի նախագծի հետ:

«Վաղվանից ուժի մեջ են մտնում ՀՀ սահմանադրական փոփոխությունները, և սահմանադրական փոփոխություններով, անկախ նրանից, թե ովքեր  են «ոչ» ասել, կամ ովքեր են «այո» ասել, միևնույն է, առաջինից երրորդ գլուխները սահմանում են կանոններ թե\' պետականության հիմնադրույթներին առնչվող, թե\'  մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին վերաբերող: Այս նախագծին ես դեմ եմ, որովհետև այն հաշվի չի առել սահմանադրական փոփոխությունների մի քանի սկզբունքներ»,- ասաց պատգամավորը և թվարկեց այն հակասող դրույթները, որոնք, ըստ նրա, առկա են բարեփոխված սահմանադրության և քննարկվող օրենքի նախագծի միջև:

«Սահմանադրության 50-րդ հոդվածում, որը վաղվանից ուժի մեջ է մտնում, խոսվում է պատշաճ վարչարարության իրավունքի մասին: Ամրագրված է` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք պարտավոր են, մինչև անձի համար միջամտող ակտ ընդունելը, լսել նրան` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Այս նախագիծը չի տալիս այս հարցի պատասխանը, և հունվարի 11-ից ուժի մեջ մտնող այս փոփոխությունները, որքան էլ բարձր գնահատեմ մեղմացնող հատվածը, միևնույն է` քաղաքացուն, վարորդներին չլսելու հիման վրա տուգանքի է ենթարկում: Սա սկզբունքային հարց է, այսինքն` այս նախագիծն իր ծնվելու պահից արդեն իսկ հակասում է այն փաստաթղթին, որը ձեզ հետ այս պառլամենտում քննարկել ենք»,- նշեց Մինասյանը:

Նա ասաց նաև, որ պետք է  հետևողականություն ցուցաբերել: «Ավելի լավ է, որ միայն մեղմացնողը բերեիք ու ասեիք, որ առաջիկա վեց ամսվա  ընթացքում էլ ամբողջ օրենսդրությունը կփոխենք և կհամապատասխանեցնենք Սահմանադրությունը, քան բերել եք այստեղ և հաճախ գովաբանում եք ու ասում, որ լավ բան ենք արել: Լավ բան չենք արել, մենք դեռ լավ բան չենք արել: Սահմանադրական փոփոխությունների այս  հիմնարար իրավունքը  չի կարող սահմանափակվել` բացառությամբ արտակարգ և ռազմական դրությունների»,- ասաց պատգամավորը` հավելելով. «Սահմանադրության 78 և 79 հոդվածները սահմանում են համաչափության և որոշակիության  սկզբունքը: Համաչափության սկզբունքն ասում է, որ հիմնական իրավունքների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Չկա համապատասխանություն` այս երկու հիմնարար սկզբունքների առումով: Դուք այս ի՞նչ եք այստեղից գովաբանում: Մենք այսօր քննարկում ենք մի նախագիծ, որը վաղվանից չի կարող ապահովել սահմանադրական այս նորմերի իրացումը: Վարչական պատասխանատվության ենթարկելը նշանակում է պետության կողմից հարկադրանքի միջոցի կիրառում: Վարչական տուգանքը ենթակա է  պետական բյուջե գանձման, այլ ոչ թե որևէ մասնավոր կազմակերպության: Բերեք բյուջե, պետական գնումներով հայտարարեք մրցույթ, այդ գնումներին համապատասխան գնեք ծառայություն»,- ասաց պատգամավորը:

Մինասյանի խոսքով`ամեն երկրորդ մետրին մեկ արագաչափ ու տեսանկարահանող սարք է: «Սա բիզնես չի կարող լինել, որովհետև սա պետության անվտանգության համակարգի մաս պետք է լինի, իսկ այդպիսի համակարգը չի կարող մասնավոր ծառայության դաշտ լինել, առավել ևս` բիզնես: Հայտարարեք` երբ եք բերելու համապատասխան փոփոխությունը, որպեսզի համապատասխանեցվի Սահմանադրության փոփոխություններին: Ես քարոզել եմ սահմանադրական փոփոխություններ և հետևողական եմ լինելու, այստեղից տեղ չեմ գնալու` մինչև այս Սահմանադրությունը կյանք չդարձնենք: Ես դեմ եմ քվեարկելու այս նախագծին»,- եզրափակեց Մինասյանը: