Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հղիության ու ծննդաբերության նպաստները կամ արձակուրդի դիմաց տրվող վճարները սկսեցին հարկվել, որի արդյունքում խեղաթյուրվեց այդ վճարների հիմնական նպատակն ու իմաստը: Պատգամավորի խոսքով`սոցիալական ապահովագրության փիլիսոփայությունը սոցիալական աջակցության քաղաքականությամբ շարունակվեց հետագայում զբաղվածության քաղաքականության փոփոխության ոլորտում, գործազրկության, կենսաթոշակային համակարգերում:
«Երբ պարոն Հակոբյանն այստեղից կրծքով պաշտպանում է սոցիալական ապահովությունը, ինքն իրեն հակասում է, որովհետև հենց կուտակայինի գաղափարը ապահովագրության համակարգն է»,- ասաց պատգամավորը:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ սոցիալական ապահովության հայեցակարգ չկա, և կառավարությունն արդեն որերորդ անգամ բերում է կիսատ-պռատ օրենքներ, ինչի արդյունքում հասարակության մեջ սերմանվում է անհանդուժողականություն, մինչդեռ, ըստ պատգամավորի, հանդուժողականությունը և հատկապես` սերունդների միջև հանդուրժողականությունը սահմանադրական նորմ է:
«Երբ դուք խաղի կանոն եք փոխում, բարի եղեք այդ կանոններով աշխատող մարդկանց հարցնել, չէ՞ որ դուք ժամանակին վերցրել եք սոցիալական ապահովության վճարներ: Հիմա փոխում եք, մի հատ էլ նրանց կարծիքը չեք հարցնում և դեռ նրանց սոցիալական վիճակն եք վատթարացնում: Անունն էլ դրել եք` բարեփոխում, ի՞նչ բարեփոխում: Խոսում եք չարաշահումների մասին, բայց այն, ինչ օրենքով կարգավորվում է, և մարդը օգտվում է դրանից, դա չարաշահում չէ, այլ դա նշանակում է, որ մարդը այնքան խելացի է, որ, օգտվելով բոլոր օրենքով սահմանված ընթացակարգերից, բարելավում է իր վիճակը: Չարաշահումը քրեական հանցակազմ պարունակող հասկացություն է: Բերեք, ներկայացրեք` ինչ հանցակազմ է պարունակում»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ այդ նույն` հինգ միլիոն դրամ ստացող կնոջից, որը բարձր նպաստ է ստանում, ժամանակին էլ գանձել են վճարներ, ինչի մասին մոռանում են:
Արծվիկ Մինասյանը պնդում է, որ խնդիրը ոչ թե այնտեղ է, որ բարձր աշխատավարձ ստացող մայրը բարձր նպաստ է ստանում, այլ աշխատավարձի քաղաքականությունն է սխալ կառուցված:
«Դուք չեք հասկանում` ինչ բան է սոցիալական քաղաքականությունը և սոցիալական պետությունը: Ոտնահարելով` գնում եք առաջ, առանց մտածելու, որ Սահմանադրությամբ նախատեսված` հղիության և ծննդաբերության դեպքում կինը նույն վճարովի արձակուրդի իրավունք ունի: Ու հիմա արձակուրդը փոխարինում եք նպաստով: Ձեզ դուր կգա՞, որ դուք` որպես պատգամավորներ, ձեր տարեկան մեկ վարձատրվող արձակուրդի փոխարեն ստանաք նպաստներ: Բա չեք ասի՞` մենք աշխատող մարդիկ ենք, ինչ՞ նպաստ: Հիմա ինչո՞ւ ենք մենք մեր քաղաքացիների մեջ ներարկում անհանդուրժողականություն»,- ասաց պատգամավորը:
Ապա դիմելով ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին` ասաց. «Պարո'ն Հակոբյան, ես մեծ հպարտությամբ նշեցի, որ Դուք մարտունեցի եք, որովհետև ծնունդները և շատ այլ դրական արժեքներ այդ տարածաշրջանում կա: Բայց հիմա Դուք խոսում եք մի բանի մասին, որը հակասում է այն տարածաշրջանի արժեքներին, որտեղից Դուք եք: Վստահ եմ, որ Դուք այդպես չեք մտածում, բայց ստիպված եք: Ինչո՞ւ»:
Արծվիկ Մինասյանը իր տարակուսանքը հայտնեց, որ մեկ փաթեթով են ներկայացվում լավ և վատ օրինագծերը: Մասնավորապես` պատգամավորը նշեց, որ ինքը շնորհակալություն է հայտնել այն օրինագծի համար, որով չաշխատող կանանց տրամադրվում է աջակցություն, բայց դրան միացվել է մեկ այլը` «այլանդակություն»: Պատգամավորը նշեց, որ կառավարության արածը հակաժողովրդագրական է, հակաիրավական ու հակասոցիալական:
«Չի կարելի մտածել, որ եթե քաղաքական մեծամասնություն եք, ուրեմն պետությունը դուք եք: Դուք պետությունը չեք: Դուք պետության կամքը որոշող ժամանակավոր պաշտոնական անձինք եք: Բայց երբ կանգնում, ասում եք` պետությունը սենց է որոշում, նենց է որոշում… Ո՞վ ասաց: Պետությունն այս ժողովուրդն է, որն ընդունել է Սահմանադրություն: Ուրեմն պարտավոր եք այդ կամքով առաջնորդվել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա` նման օրինագծերով հասարակության մեջ անհանդուժողականություն է սերմանվում: Պատգամավորը շեշտեց, որ ցավով է դրա մասին վկայում, որովհետև հենց ինքն է հանդուժողականության ու համերաշխության ջատագով, ով որևէ ակնկալիք չունի որևէ պաշտոնի, սակայն ցանկանում է, որ երկրում տեղի ունենան «ըստ էության» բարեփոխումներ, ոչ թե ասեն, որ «հանուն արդարության կտրում են նպաստները»:
«Ո՞րն է արդարությունը, երբ խլո՞ւմ եք մայրերի ձեռքից: Ոչ ճիշտ քաղաքականությունը սոցիալական ոլորտում էլ ավելի է սրելու անհանդուրժողականության մթնոլորտը, էլ ավելի է սրելու վիճակը, դա անարխիստական մոտեցում է: Մինչդեռ մենք, իբրև սոցիալական պետություն, պարտավոր ենք ստեղծել մարդկանց համար բարեկեցիկ պայմաններ»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ երեկվա դրական մթնոլորտի ֆոնին այսօր կառավարությունը բերել է հակասոցիալական, պետությանը դեմ գնացող ու փնթի նախագծեր: