կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-17 17:40
Առանց Կատեգորիա

ԱՄՆ-ը Հայաստանում անցնում է հակագրոհի

ԱՄՆ-ը Հայաստանում անցնում է հակագրոհի

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը երեկ ծավալուն հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին Հայաստանում կոռուպցիայի առկայության և դրա վերաբերյալ Վաշինգտոնի գնահատականների մասին:  Դեսպանը նշել է, թե Հայաստանում կոռուպցիայի ընդհանուր մակարդակը և փաստացի դրա դեմ պայքարի անբավարարությունը «խոչընդոտում են» Հայաստանի և ԱՄՆ-ի ընդհանուր նպատակների իրականացմանը: Շեշտադրումները, որոնք հարցազրույցում կատարում է դեսպանը, խոսում են նրա կողմից  բոլորովին այլ` քաղաքական, նույնիսկ` ինչ-որ իմաստով աշխարհաքաղաքական ենթատեքստեր ունեցող նպատակներ հետապնդելու մասին:

Նախ` դեսպանն ինքը շեշտում է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար կա, և բերում է դրա մասին վկայող մի քանի օրինակներ: Եթե կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նշում է դեսպանը, ինչ-որ գործընթացներ տարվում են, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչո՞ւ է այդ խնդիրը սրվում` ընդհուպ որպես ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին խոչընդոտող գործոն: Միլսի հարցազրույցից տպավորություն է ստեղծվում, որ նա հենց նոր է հայտնագործել, որ Հայաստանում կոռուպցիա կա: Եթե այսքան ժամանակ լռություն պահպանելուց հետո Վաշինգտոնը որոշել է խոսել, նշանակում է` դրա շարժառիթներն առավել քան քաղաքական են: Եվ դա հարցազրույցում հաստատում է դեսպանը` ինքը:

«Կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճին, վտանգում մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ, այն երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը»,- ասում է Միլսը: Ուշադրություն դարձնենք` նա ոչ միայն շեշտում է, որ կոռուպցիա կա նաև Հայաստանի ազգային անվտանգության ոլորտում, այլև զգուշացնում է դրա հետևանքով Հայաստանի` արտաքին ուժերի ազդեցության տակ ընկնելու մասին: Թե, «արտաքին ուժեր» ասելով, ո՞ւմ նկատի ունի դեսպանը, թերևս, թողնում ենք ընթերցողի երևակայությանը: Այլ կերպ ասած` դեսպանը կոռուպցիոն խնդիրներն ուղղակիորեն կապում է Հայաստանի արտաքին քաղաքականության կամ վերջին շրջանի զարգացումների հետ` պարզորոշ ցույց տալով, որ դրանք ոչ միայն Վաշինգտոնին դուր չեն գալիս, այլև` որ այդ տենդենցների շարունակման պարագայում դրանք կանխելու դիտավորությամբ ԱՄՆ-ը Հայաստանում քաղաքացիական հասարակության միջնորդությամբ անցնելու է վճռորոշ գործողությունների: Այս իմաստով խոսուն է նրա հորդորը վերջիններիս և ՓՄՁ-ների ներկայացուցիչներին` «ուղիներ գտեք ուշադրություն սևեռել դրա (կոռուպցիայի-հեղ.) վրա, մի\' վախեցեք բարձրաձայնել»: 

Պատահական չէ, որ հարցազրույցը նա տալիս է թե\' ԱՄՆ-ի, թե\' Հայաստանի համար նշանակալի երկու իրադարձությունների ֆոնին: Առաջինը Դուշանբեում կայացած` ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանն էր, որտեղ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ նախագահներին առաջարկեց Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ ջոկատների պատրաստման կենտրոնի հենքի վրա ստեղծել ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման բազային կազմակերպություն: Դա այլ բան չէր, քան Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու նախաձեռնություն: Նույնքան պատահական չէր, որ դրան անմիջապես հաջորդեց արտաքին քաղաքական ոլորտում Վաշինգտոնի ոչ պաշտոնական խոսափողը համարվող ամերիկյան հեղինակավոր STRATFOR հետազոտական կենտրոնի մի վերլուծության հրապարակում, որտեղ մտահոգություն է հայտնվում ԼՂ հակամարտության գոտում Ռուսաստանի կողմից միակողմանիորեն խաղաղապահներ տեղակայելու հիմքեր նախապատրաստելու կապակցությամբ: Բացի սրանից` Դուշանբեում Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ ստորագրեց  հայտարարություն, որն իր բնույթով հակաամերիկյան էր և ամբողջական աջակցություն էր հայտնում Ռուսաստանի վարած քաղաքականությանը` բոլոր ուղղություններով: 

Ըստ ամենայնի` այս պրոցեսներում Վաշինգտոնը Հայաստանին դիտարկում է որպես Ռուսաստանի պլանների իրականացման գործիք` հաշվի առնելով Մոսկվայից նրա տնտեսական, քաղաքական, ռազմական կախվածությունը: Կախվածություն, որը ժամանակի ընթացքում կարծրացել է առավելապես հենց ներքին ու արտաքին կոռուպցիայի ենթահողի վրա:

Երկրորդ իրադարձությունը, որն արդեն բացահայտում է կոռուպցիայի այդ մեխանիզմներից մեկը, Հայաստանի ՀԷՑ-ը օֆշորային գոտի համարվող Կիպրոսում գրանցված ինչ-որ կազմակերպության վաճառելու` Հայաստանի կառավարության և ռուսական «Ինտեր ՌԱՕ» կազմակերպության մտադրության բացահայտումն էր, որի մասին Միլսը չէր կարող նախօրոք տեղյակ չլիներ: Սա ԱՄՆ-ին առնչվում է այնքանով, որ էլեկտրաէներգիայի` բնակչության համար թանկացած մասը  ՀՀ կառավարությունը որոշեց փակել և սուբսիդավորել Որոտանի կասկադի վաճառքից առաջացած ամերիկյան միջոցների հաշվին: Այսինքն` կասկադի վաճառքից առաջացած գումարները չեն ծառայելու այն հիմնական նպատակին, որի համար, կարելի է ասել, ԱՄՆ-ը Որոտանի կասկադը ձեռք բերելու շահագրգռություն դրսևորեց: Խոսքը վերաբերում է Հայաստանի էլեկտրաէներգետիկայի համակարգը զգալիորեն դիվերսիֆիկացնելու և դրանով այս ոլորտում ռուսական ազդեցությունը նվազեցնելու` Վաշինգտոնի հեռահար նպատակներին:

Այս ամենը ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ Հայաստանը ամբողջությամբ հայտնվում է ռուսական ծիրում: Դա ստիպում է ձեռնարկել կանխարգելիչ քայլեր առաջին հերթին հենց հայաստանյան իշխանությունների նկատմամբ ճնշումները մեծացնելու եւ իրենց կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին ակտիվացնելու միջոցով: Իսկ կոռուպցիան այն հիմնական սեղմակն է, որը Վաշինգտոնը Երևանում կարող է սեղմել, երբ ցանկանա: Դեսպան Միլսն, այսպիսով, սկսել է այդ սեղմակից:

Գևորգ Դարբինյան