կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-11 14:14
Հասարակություն

Դպրոցի տնօրենը չի բացառում, որ Զարզանդ Նիկողոսյանին կրկին փոխտնօրեն կնշանակեն

Դպրոցի տնօրենը չի բացառում, որ Զարզանդ Նիկողոսյանին կրկին փոխտնօրեն կնշանակեն

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը մոտ տասն օր առաջ նշանակվել էր Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն, սակայն երկու կարմիր դիպլոմ ունեցող Նիկողոսյանի` փոխտնօրենի կարիերան շատ կարճ տևեց` ընդամենը մեկ ոչ լրիվ օր: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Զարզանդ Նիկողոսյանին աշխատանքից ազատելը վերագրեց իրեն, Սյունիքի ամենակարող մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ հայտարարեց, թե ինքն է նման որոշում կայացրել:

Ուշագրավ է, որ դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասել էր, որ ինքն անձամբ է հրավիրել Նիկողոսյանին` աշխատելու իրենց դպրոցում, քանի որ ուսուցչական կոլեկտիվի, ծնողների ու երեխաների կողմից սիրված անձնավորություն է: Դավթյանն այսօր էլ Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց` ինքը շարունակում է մնալ նույն համոզմանը, որ Զարզանդ Նիկողոսյանն ունի համապատասխան փաստաթուղթ, արժանիքներ` դպրոցի փոխտնօրեն լինելու համար:

«Իր մանկավարժական հմտություններով, աշխատանքային գործունեությամբ այս կարճ ժամանակահատվածում մարդն իրեն դրսևորեց այնպես, որ իսկապես ընդունվեց և՛ կոլեկտիվի, և՛ աշակերտների կողմից: Նույն ձևով հիմա ասում եմ` դա եղել է որոշում, դա եղել է կոլեկտիվի նախաձեռնություն, առաջարկություն: Նրանք բոլորը սիրում են Զարզանդ Նիկողոսյանին: Ի վերջո, դպրոցի կյանքով ինձանից ավելի մտահոգ` չեմ կարծում, որ մեկը գտնվի»,- ասաց տնօրենը` հավելելով. «Ես պետք է ասեմ, որ չէի հասցրել մարզպետի հետ խորհրդակցել այդ հարցով, անկեղծ եմ ասում, որ դա իմ կողմից վրիպում էր: Այդ հրամանը չտրվեց, որոշումը ժամանակավորապես չեղյալ համարվեց»:

Մեր ճշտող հարցին` եթե ժամանակավորապես է չեղյալ հայտարարվել Զարզանդ Նիկողոսյանի` փոխտնօրեն նշանակվելու որոշումը, արդյոք չի՞ նշանակում, որ առաջիկայում նա կրկին կնշանակվի փոխտնօրենի պաշտոնում, Դավթյանը պատասխանեց. «Իմ կարծիքով` Նիկողոսյանն այն մարդն է, ով արժանի է լինել մեր դպրոցի փոխտնօրենը: Պարզապես, խորհրդակցելով մեր` Սյունիքի մարզպետի հետ, այս պահին նպատակահարմար չենք գտել, որ նա փոխտնօրենի պաշտոնում աշխատի»:

Մեր դիտարկմանը, թե փոխտնօրենի պաշտոնին հավակնողը մանկավարժի` առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ պետք է ունենա, դպրոցի տնօրենը պատասխանեց. «Դրա համար էլ այդ որոշումը չեղյալ է համարվել: Իհարկե, նա ունի աշխատանքային ստաժ` Գորիսի զորամասում աշխատել է` որպես կազմակերպիչ: Դա մանկավարժական չի համարվում, և հենց դրա համար էլ այս պահին այդ որոշումը չեղյալ է համարվել»:

Հարցին, թե Զարզանդ Նիկողոսյանին այդ պաշտոնում նշանակելիս ինչո՞ւ հաշվի չի առել այդ հանգամանքը, պատասխանեց. «Դե, դրա համար էլ ասում եմ, որ վրիպում եմ թույլ տվել: Ես որոշել էի, բայց չէի խորհրդակցել, և այդ մի հարցն էլ ուշադրությունիցս վրիպել էր, որ իրավունք չունեի»: