կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-02 13:20
Հասարակություն

Զարզանդ Նիկողոսյանն աշխատում է նվիրումից ելնելով, կես դրույքով, աշխատավարձն էլ չի հետաքրքրում. դպրոցի տնօրեն

Զարզանդ Նիկողոսյանն աշխատում է նվիրումից ելնելով, կես դրույքով, աշխատավարձն էլ չի հետաքրքրում. դպրոցի տնօրեն

Արդեն տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը նշանակավել է Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն: Դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Զարզանդ Նիկողոսյանն այդ պաշտոնը ստանձնել է կես դրույքով: «Մեզ մոտ թափուր էր դպրոցի փոխտնօրենի պաշտոնը: Նախկին փոխտնօրենն անցել է կենսաթոշակի և տնօրենի տեղակալի պաշտոնը թափուր էր, ես անձամբ եմ հրավիրել Զարզանդ Նիկողոսյանին: Նա անձամբ իմ հրավերով անցած ուսումնական տարում աշխատել է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, այնպես չէ, որ այլ տեղից նրան բերել ենք ու նշանակել դպրոցի տնօրենի տեղակալ: Զարզանդ Նիկողոսյանն աշակերտների, ծնողների, ուսուցիչների, ամբողջ կոլեկտիվի կողմից սիրված մարդ է: Նա մասնագիտացված է կրթական աջակցությունների գծով»,- ասաց Դավթյանը: Ըստ տնօրենի` Նիկողոսյանն աշխատում է կես դրույքով, որովհետև համատեղում է այլ աշխատանքի հետ: «Առաջ էլ է կես դրույքով այս դպրոցում աշխատել»,-նկատեց նա: Դպրոցի տնօրենը, խոսելով Զարզանդ Նիկողոսյանի աշխատավարձի մասին, ասաց. «Աշխատավարձն ի՞նչ կապ ունի, երբ մարդն ուզում է նվիրվել դպրոցին, աշխատում է և իրեն չի էլ հետաքրքրում աշխատավարձը: Ինչի՞ Դուք չգիտեք մանկավարժի աշխատավարձն ինչքան է: Հավատացնում եմ Ձեզ, որ նվիրումից ելնելով է Զարզանդ Նիկողոսյանն աշխատում դպրոցում»:

Ի դեպ, Դավթյանը նշեց նաև, որ Զարզանդ Նիկողոսյանն ունի երկու կարմիր դիպլոմ: «Գերազանցությամբ ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը և Գորիսի պետական մանկավարժական համալսարանը: Երկու ուսումնական հաստատություններն էլ կարմիր դիպլոմով է ավարտել»,- ասաց դպրոցի տնօրենը:

Հիշեցնենք, որ Նիկողոսյանի անունը կապվում է մի շարք աղմկահարույց դեպքերի հետ: