Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչներն այսօր փակել էին գյուղի ճանապարհը․գյուղացիները բողոքում են, որ Կառավարությունը համայնքների խոշորացումից հետո որոշում է կայացրել, որ Ջրահովիտ և Արևաբույր համայնքները մեկ դպրոց պետք է ունենան։ Yerkir.am-ի հետ զրույցում Ջրահովիտի դպրոցի տնօրեն Սիլվա Գրիգորյանն ասաց, որ մասնագետների ուսումնասիրութունից հետո դպրոցը ոչ սեյսմակայուն են գնահատել, և անհրաժեշտ են համարել նոր դպրոց կառուցել։ Ըստ ամենայնի՝ ծրագիրը հաստատվել է, բայց նոր դպրոցը պետք է Արևաբույրում կառուցվի։
«Այս պահին միավորման մասին չեմ կարող ասել, որովհետև հստակ հանձնարարական չենք ստացել»,-ասաց Սիլվա Գրիգորյանը։
Մեր այն հարցին, թե՝ հնարավոր միավորվելու դեպքում ինչ դժվարությունների առջև կկանգնեն աշակերտները, տնօրենն ասաց․ «Ծնողների մտահոգությունն այն է, որ եթե հանկարծ Ջրահովիտի դպրոցը միավորվի, այլ դպրոց տանող 2 ճանապարհները վտանգավոր են։ Մեկն անցնում է ջրատար մեծ կանալի կողքով, որտեղ, նույնիսկ, համայնքի բնակիչ է ընկել ու խեղդվել, իսկ մյուս ճանապարհը գերեզմանատան կողքով է անցնում․ այսինքն, զուտ աշակերտների տեղաշարժի առումով, նախ բավական հեռու է, և երկրորդ՝ անվտանգ չէ»,-ասաց տնօրենը։
Սիլվա Գրիգորյանի խոսքով՝ դպրոցն այս պահին ունի 164 աշակերտ, 22 ուսուցիչ։
«Լավատես եմ և վստահ եմ, որ յուրաքանչյուր համայնք կունենա իր դպրոցը, որովհետև համայնքի դեմքը դպրոցն է, նաև վստահ եմ, որ խնդիրը կկարգավորվի ու այս միջհամայնքային ավելորդ իրավիճակը չի ստեղծվի»,-ասաց Սիլվա Գրիգորյանը։
Հերմինե Զեյնալյան