կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-10 17:06
Քաղաքական

ԲՀԿ-ական պատգամավորը չհերքեց, որ խմբակցությունում տարակարծություններ կան

ԲՀԿ-ական պատգամավորը չհերքեց, որ խմբակցությունում տարակարծություններ կան

ԲՀԿ խմբակցության պատգամավորները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դրական տեսակետ են հայտնել, սակայն կուսակցության պաշտոնական տեսակետը դեռևս հայտարարված չէ: ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն ասել էր, որ ողջամիտ ժամկետներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհայտնի իր տեսակետը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ` առանց որևէ մեկից վախենալու կամ քաշվելու:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե ո՞րն է այդ ողջամիտ ժամկետը, և ե՞րբ հայտնի կլինի կուսակցության պաշտոնական տեսակետը:

«Դա կլինի ժամանակին, ողջամիտ ժամանակում կլինի, երբ մենք ամբողջությամբ մեր հայտարարությունը կանենք: Արդեն իսկ նախապես ասված է, որ այդ փաստաթղթի վրա չեն աշխատում միայն խորհրդարանական խմբակցության պատգամավորները, փորձագետները: Մենք կուսակցությունում որոշում ունենք, որ տարածքային կառույցներում ևս փաստաթուղթն ուսումնասիրեն, վերլուծեն, իրենց կողմից առաջարկություններ ներկայացնեն: Այս ամբողջության մեջ ամեն ինչ կենտրոնական գրասենյակում կամփոփվի, մեր առաջարկությունները շատ հստակ ձևով կձևակերպվեն, և առաջիկայում մենք համապատասխան հայտարարություն կանենք»,- ասաց նա` առանց որևէ` գոնե մոտավոր ժամկետ նշելու: «Մոտավոր ժամկետ ես այս պահի դրությամբ չեմ ասի, որովհետև դա կլինի այն ժամանակահատվածում, որը բավական է: Մենք մեր տեսակետը կարտահայտենք»,- հավելեց Էնֆիաջյանը:

Դիտարկմանը, թե ԲՀԿ խմբակցության ներսում տարակարծություններ կան սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, նա պատասխանեց. «Յուրաքանչյուր ոք կարող է ունենալ իր կարծիքը, խմբակցությունն էլ կունենա իր կարծիքը: Խմբակցությունում եղել են հանդիպումներ, խոսակցություններ, որոնք եղել են զուտ մասնագիտական բնույթի»: