կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-26 14:36
Քաղաքական

Հովհաննես Շահինյանը չհերքեց իր` փոխքաղաքապետ նշանակվելու մասին լուրը

Հովհաննես Շահինյանը չհերքեց իր` փոխքաղաքապետ նշանակվելու մասին լուրը

ՕԵԿ-ը չի ներկայացրել դիզայնով կամ տյունինգ արված ցուցակներ, ներկայացրել է մարդկանց, ովքեր գնալու են աշխատելու, ՕԵԿ ցուցակը ազնիվ ցուցակ է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Շահինյանը:

 

Նա, իհարկե, այդպես էլ հրաժարվեց Yerkir.am-ին ասել, թե ում ցուցակներն են «տյունինգ» արված ու ոչ անազնիվ: «Տյունինգ արված են այն ցուցակները, որոնցում ընդգրկված մարդիկ, պատրաստ չեն գնալու` քաղաքապետարանում ավագանի լինելու, փոխքաղաքապետ լինելու»,- նշեց Շահինյանը եւ հայտարարեց, որ կողմնակից չէ, որ մտավորականներով հագեցած լինեն ավագանու ցուցակները:

 

Մեր թղթակիցը Հովհաննես Շահինյանից փորձեց նաեւ պարզել, թե հնարավո՞ր է` ընտրություններից հետո իրեն տեսնենք Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնում, ինչով էլ պայմանավորված է նրա ներկայիս մեղմ վերաբերմունքը ՀՀԿ-ի եւ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ:

 

Շահինյանը տեղեկությունը չհերքեց եւ նշեց, որ ամեն ինչ պարզ կլինի ընտրություններից հետո: Սակայն նա հերքեց, որ ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ կան ներքին, կուլիսային պայմանավորվածություններ:

 

Ի դեպ, ասուլիսի ընթացքում Շահինյանը հայտարարեց, որ շուտով ներգաղթի ականատես ենք լինելու: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ներգաղթը չեղավ անցած հինգ տարիների ընթացքում, նա արձագանքեց. «Ո՞վ է ասում, որ չի լինում, իհարկե, լինում է»: Հարցին, թե` կարո՞ղ է թիվ ասել, Շահինյանը պատասխան չտվեց: