կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-19 16:23
Քաղաքական

Ռուզաննա Մուրադյանը չհերքեց ՀՀԿ կանանց թեւում մրցակցության մասին լուրերը

Ռուզաննա Մուրադյանը չհերքեց ՀՀԿ կանանց թեւում մրցակցության մասին լուրերը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի կարծիքով` սահմանադրական փոփոխությունները մտել են գործառնական փուլ, մասնավորապես` ներկայիս քաղաքական դաշտում քաղաքական կուսակցությունները փորձում են դիրքավորվել ու հնարավորության դեպքում՝ կոնսոլիդացվել: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ներկայումս երևում են մեկ տարի հետո անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցող գործընթացների սաղմերը. որոշ կուսակցություններում ինքնամաքրում է տեղի ունենում, ստեղծվում են նոր կուսակցություններ:

Ինչ վերաբերում է այդ համատեքստում «ինքնամաքրման» փուլ հայտարարած կուսակցություններին, մասնավորապես` ԲՀԿ-ին, պատգամավորը նշեց. «Յուրաքանչյուր կուսակցության վարած գիծն իրեն է հայտնի, մեզանից յուրաքանչյուրին դա հայտնի է կողքից: Շատ կուսակցություններ շատ բան հռչակում են իրենց մասին, բայց իրականում չկան դրա մեջ: Հռչակել իրեն ընդդիմադիր, դեռ չի նշանակում դա իրականացնել»:

Ռուզաննա Մուրադյանը դժվարանում է ասել, թե ո՞րն է նոր քաղաքական իրողություններում ԲՀԿ-ի գաղափարախոսությունը: Նրա խոսքով՝ ազգային ինքնության պահպանման գաղափարախոսությունը ամրագրված է թե\' ՀՀԿ-ի, թե\' Դաշնակցության գաղափարախոսության մեջ, այդ երկու ուժերը ունեն անցած ճանապարհ, հստակ գաղափարախոսություն, որից երբեք չեն շեղվում, և հենց այդ սկզբունքների ընդհանրության վրա  այդ երկու ուժերի միջև ստորագրվեց քաղաքական համաձայնագիրը:

Նշենք, որ այսօր ապագա խորհրդարանում տեղ ունենալու համար պայքար է գնում ոչ միայն տարբեր կուսակցությունների միջև, այլև հենց Հանրապետական կուսակցության անդամների միջև, մասնավորապես` Հանրապետական կուսակցության կանանց թևում: Մի քանի հանրապետական կանայք ամենատարբեր տեխնոլոգիաներով փորձում են իրենց անունը շրջանառել ԶԼՄ-ներով` հույսով, որ կհայտնվեն ընտրական ցուցակում:

Հարցին ի պատասխան, թե ի՞նչ կարգի պայքար է ընթանում, Ռուզաննա Մուրադյանը չժխտեց, որ մրցակցություն ու պայքար կա`ասելով, որ այս տարի նախընտրական տարի է, և դա բնական է: «Այնպես չէ, որ երեք-չորս տարի ձեռքերը ծալած նստեցիր ու հիմա հանկարծ սկսեցիր ակտիվանալ: Իմ և շատ հանրապետական կանանց պարագայում ակտիվությունը մշտապես եղել է, ամեն դեպքում` եթե մրցակցային դաշտ է ստեղծվել, դա էլ նորմալ երևույթ է: Շատ կանայք կարող են իրենց տեսնել ապագա խորհրդարանում, և ես դրան թշնամանքով չեմ վերաբերվում»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է վերաբերվում որոշ կին պատգամավորների պասիվ օրենսդրական գործունեությանը, Ռուզաննա Մուրադյանը խուսափեց գնահատականներ տալուց` ասելով` գուցե նրանք առերևույթ ակտիվ չեն, բայց իրենց կաբինետներում են գործում կամ իրենց ընտրողների հետ են ակտիվ: Ամեն դեպքում` պատգամավորը մտածում է, որ առաջիկայում առաջարկություններ կներկայացվեն պատգամավորների ակտիվության կարգավորման մասով, որպեսզի հստակ սահմանվի՝ ինչ ասել է պասիվություն ու ակտիվություն պատգամավորական գործունեության մեջ: