կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-18 13:44
Հասարակություն

Բաղրամյանը չհերքեց՝ գազի տեսուչներ կկրճատվեն

Բաղրամյանը չհերքեց՝ գազի տեսուչներ կկրճատվեն

Գազի ներկրման գինը հունվարի 1-ից բարձրացել է 15 դոլարով՝ 150 դոլարից դառնալով 165 դոլար, բայց քանի դեռ սպառողների համար սակագները վերջնական չեն բարձրացել, սակագնի տարբերությունը փոխհատուցվելու է ընկերության կողմից. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Մարդկանց մոտ պետք է վերանան այն կասկածները, թե պարտքեր են կուտակվում: Շեշտում եմ՝ պետության կողմից որևիցե պարտք չի կարող կուտակվել»,- հավելեց նա:

Հարցին` հնարավո՞ր է, որ հավելյալ այդ գումարները վճարվեն տեսուչների կրճատման հաշվին, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, այո, ընկերությունը սկսել է որոշակի օպտիմալացման գործընթացներ, որոնց շրջանակում որոշակի թվով տեսուչներ կարող է կրճատվեն: Ինչ վերաբերում է դիտարկմանը՝ եթե կարելի էր կրճատել, ինչո՞ւ դա առաջ չէին անում, ապա պետք է շարժվեինք օրենքի տառին համապատասխան: Իսկ մինչև 2019-ի հունվարի 1-ը գործում էին  Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված միջպետական պայմանագրերը, որոնցով որոշակի սահմանափակումներ էին սահմանված»:

Նա ասաց նաև, որ վերջերս Մոսկվայում տեղի է ունեցել հայ-ռուսական միջկառավարական նիստ, և ըստ այնտեղ ձեռք բերված համաձայնության՝ մինչև հուլիսի 1-ը պետք է նոր համաձայնագրի նախագիծ ներկայացվի, որում ներառված կլինեն սահմանին գազի գնի ձևավորման մեխանիզմները: Եվ դա, ըստ Բաղրամյանի, որոշակի հստակություն ու կայունություն կմտցնի:

«Այդ համաձայնագիրը նվազագույնը հնգամյա կլինի: Եվ մենք հնարավորություն կունենանք կանխատեսելու ու իմանալու, թե ինչ է լինելու գազի գինը սահմանին: Թեև չի բացառվում, որ, եթե քաղաքական ղեկավարներն այլ պայմանավորվածություններ ունենան, գազի համար կարող է ավելի ցածր գին սահմանվել, քան՝ համաձայնագրով»,- եզրափակեց նա: