Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկն այսօր առավոտյան հենց Կառավարության տարածքում, ըստ նախնական վարկածի, ինքնասպանության փորձ է կատարել, ապա տեղափոխվել հիվանդանոց, վիրահատվել, թեև` բարեհաջող, բայց հիմա էլ բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
Կարեւոր է, անշուշտ, պարզել, թե ինչո՞ւ է երիտասարդը դիմել այդ քայլին: Բայց քանի որ հիմա ընթանում է քննություն, որին միջամտելու, խանգարելու ցանկություն առհասարակ չունենք, հիմա` ամենակարեւորի մասին: Հասկանալի է, որ այս իրադարձությունն անմիջապես հայտնվեց ուշադրության կենտրոնում: Սոցցանցերի օգտատերերից ոմանք անգամ գրեցին, թե «կառավարության աշխատակցի ինքնասպանության փորձը Շանթ-2015-ի շրջանակներում է, հետեւաբար պետք չէ խուճապի մատնվել»: Կային, որ ասացին. «Եթե կառավարության աշխատակիցն է ինքնասպանության փորձ անում, բա մենք ի՞նչ անենք»: Ուրիշները նշեցին, թե` «ուրեմն որքան տխուր է երկրի վիճակը, երբ կառավարության աշխատակիցն է ինքնասպանության փորձ անում»…
Բայց ոչ ոք չխոսեց այն մասին, թե ինքը որտեղի՞ց գիտի, որ երկրի տխուր վիճակն ուղիղ կապ ունի մարդկային այս ողբերգության հետ, կամ` որտեղի՞ց գիտի, թե որքան աշխատավարձ է վստանում այդ երիտասարդը, բավարարո՞ւմ է ինքնասպանություն չգործելու համար: Կարեւորը դարձավ հեգնելը, փաստը ծիծաղելի եւ զիլ ստատուսների համար օգտագործելը` մոռանալով, որ տղան դեռ ողջ է, եւ փառք Աստծու, որ նա հարազատներ ունի, ովքեր կարդալ եւ զգալ գիտեն, մոռանալով, որ կարեւորն այն չէ, ինչին իրենք են ուշադրություն դարձրել, այլ մարդու ողբերգությունը, այո\', մարդու, ով մեր երկրից է եւ մեր կառավարության անվտանգության աշխատակիցն է: Իսկապես որ, մեզ բոլորիս տրվեց ազատ խոսքի իրավունք եւ հնարավորություն, բայց ոչ մեկիս չբացատրվեց, որ ազատ խոսքը սահմաններ ունի:
Ի դեպ, կառավարության աշխատակից լինել` չի նշանակում լավ ապրել: Նրանցից շատերն ապրում են մեզ պես եւ ունենում են ճիշտ նույն խնդիրները, որ մենք ունենք:
Հովիկ Աֆյան