Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 19-ին Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, այնուհետև նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարեց, որ հայ-իրանական սահմանը հազարամյա վաղեմություն ունեցող հաղորդակցական ճանապարհ է, և Իրանը դեմ է ցանկացած ծրագրի ու քաղաքականության, որը կարող է հանգեցնել դրա փակմանը։ Սա Իրանի Իսլամական Հանրապետության կողմից հայ-իրանական սահմանի գոյությունը կարևորող ամենաբարձր մակարդակի հայտարարությունն էր։ Օգոստոսի 10-ին ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում hոգևոր առաջնորդի խոսքերը վերահաստատեց նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Ըստ իրանական կողմի՝ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Ռաիսին շեշտել է, որ հայ-իրանական սահմանը պետք է պահպանվի ցանկացած գնով։ Ավելի վաղ՝ հուլիսի սկզբին՝ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ընթացքում, Իրանի համար տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխության անընդունելի լինելու մասին հայտարարել էր նաև ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Ընդհանուր առմամբ Հայաստան-Իրան սահմանի անփոփոխելիության վերաբերյալ իր դիրքորոշումը Թեհրանն արտահայտում է Արցախյան 44-օրյա պատերազմի օրերից ի վեր։ Թեև պատերազմի ընթացքում Իրանը պաշտոնապես հանդես էր գալիս «Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու» օգտին, սակայն ռազմական գործողությունների ծավալմանը զուգահեռ, մասնավորապես՝ 2020 թ. հոկտեմբերի վերջին, երբ Ադրբեջանն արդեն օկուպացրել էր Արցախի հարավն ու մոտենում էր Սյունիքին, Թեհրանը սկսեց հայտարարել, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունն իր կարմիր գիծն է՝ նկատի ունենալով հայ-իրանական սահմանը։ «Իրանը հարգում է իր հարևան երկրների տարածքային ամբողջականությունը, և սահմանների աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն Իրանի կարմիր գիծն է»,- հոկտեմբերի 24-ին Արցախին սահմանակից Խոդաֆարինի շրջան կատարած այցի ժամանակ ընդգծել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը։ Հաջորդող օրերին նմանատիպ հայտարարություններ արեցին բարձրաստիճան այլ զինվորականներ ևս։ Այդ ընթացքում Իրանի բանակի և ԻՀՊԿ բարձրաստիճան զինվորականությունը գրեթե ամեն օր այցելում էր Արցախի հետ սահման։ Իրանը շարունակում էր նաև զինտեխնիկա կուտակել սահմանին և անցկացրեց մի քանի զորավարժություն։
Իրանական կողմի հայտարարությունները, սակայն, պատերազմի ավարտով չսահմանափակվեցին։ Նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնությունից հետո իրանական դաշտում լուրջ մտահոգություն առաջացրեց ՀՀ տարածքով դեպի Նախիջևան, այսպես կոչված, միջանցքի ստեղծման և դրա հետևանքով հայ-իրանական սահմանի հնարավոր վերացման հարցը։ Համացանցում հայ-իրանական սահմանի վերացումը պատկերող քարտեզներն Իրանում այնքան մեծ աղմուկ բարձրացրին, որ նոյեմբերի 16-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայտարարեց. «Կեղծ քարտեզներ են հրապարակվել, որոնք ԶԼՄ-ների քարոզչությունն են։ Իրանի սահմանները փոփոխության չեն ենթարկվել և ապագայում էլ չեն փոխվի։ Մեր ընկալմամբ՝ դա սովորական տրանսպորտային ճանապարհ է, որի անվտանգության հարցը պետք է քննարկվի։ Իրանն ուշադրությամբ հետևում է խնդրին։ Ամբողջովին պարզ է՝ ո՛չ սահման է փոխվել, և ո՛չ էլ Իրանն իր հայտարարածից դուրս փոփոխություն կընդունի։ Միջանցքը, որ, ասում են, սովորական տարանցիկ ճանապարհ է, հենց այդ սահմանում ենք ընկալում»։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի կողմից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շահարկման պայմաններում Իրանի Իսլամական Հանրապետությունը սկսեց ավելի հստակ արտահայտել իր դիրքորոշումները, և արդեն 2021 թ. հունվարին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարեց, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը Իրանի կարմիր գիծն է։
Այս ուղեգիծն Իրանը պահպանեց նաև հետագայում։ Մայիսին Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոննուրը հայտարարեց. «Իրանի դիրքորոշումը շատ հստակ, պարզ և վերջնական է. մենք ոչ մի դեպքում տարածաշրջանի սահմաններում փոփոխություն չենք ընդունի, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։ Միաժամանակ մենք չենք ընդունի նաև մեր սահմանների մոտ որևէ արտատարածաշրջանային ուժի տեղակայումը։ Այդ իսկ պատճառով, եթե որոշվի, որ պետք է Հայաստանի տարածքի մի մասը վերցվի, և մեր սահմաններին իրադրությունը փոխվի, այսինքն՝ մենք նոր հարևան ունենանք, մենք դա չենք ընդունի։ Նախկին սահմանները պետք է ամբողջովին պահպանված լինեն, և Իրանի ու Հայաստանի ընդհանուր սահմանը պետք է պահպանվի»։
Հայ-իրանական սահմանի գոյության և այդ համատեքստում ՀՀ տարածքով անցկացվելիք «միջանցքի» հարցում Իրանի այս դիրքորոշումն էլ Ադրբեջանում հակաիրանական արշավի ուժգնացման և 2021 թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Թեհրանի հետ հարաբերությունների սրման պատճառներից մեկը դարձավ։ Ֆորմալ առումով հարաբերությունների սրման շարժառիթն իրանական բեռնատարների ելումուտն էր Արցախ ու Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդների ձերբակալությունը։ Այս ընթացքում ևս, ինչպես մեկ տարի առաջ, Իրանը նորից զորքեր կուտակեց սահմանին, անցկացրեց զորավարժություններ և նորից հայտարարեց տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխության անթույլատրելիության մասին։ «Հարևան երկրների սահմաններում փոփոխությունների կանխումը Իսլամական Հանրապետության ռազմավարություններից է, և մենք համարում ենք, որ տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն վնասում է մեր ներքին անվտանգությանը, և դա միշտ կարմիր գիծ ենք հայտարարել: Ըստ այդմ՝ ակնհայտ է, որ անտարբեր լինել չենք կարող»,- շեշտել էր ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը։ Իրանի ու Ադրբեջանի միջև լարվածության թուլացումից հետո իրանական մեդիադաշտում լուրեր շրջանառվեցին, որ Ադրբեջանն ու Թուրքիան Սյունիքի վրա հարձակում էին նախապատրաստում, որը կանխվեց Իրանի կոշտ արձագանքի միջոցով։
Խոսելով արդեն բուն «Զանգեզուրի միջանցքի» հարցում Թեհրանի մտահոգությունների մասին՝ պետք է նշել, որ այդ հարցի շահարկման սկզբից ի վեր իրանական լրատվադաշտն ակտիվորեն լուսաբանել է խնդիրը՝ «Զանգեզուրի միջանցքը» անվանելով պատմական կեղծիք։ Իրանցի վերլուծաբանները շեշտում են, որ չպետք է կիրառել «միջանցք» տերմինը, քանի որ դա ադրբեջանական քարոզչությունն է։ Կովկասի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին էլ առաջարկում է կիրառել «Զանգեզուրի կեղծ միջանցք» ձևակերպումը։ Իրանական կողմը «միջանցքի» հարցը բարձրաձայնել է նաև Ադրբեջանում միջազգային փորձագետների հետ այդ երկրի նախագահի կազմակերպած հանդիպումների ժամանակ։
Իրանցի փորձագետների գնահատմամբ՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման դեպքում Իրանի համար առաջանում են հետևյալ խնդիրներն ու մարտահրավերները՝
– հայ-իրանական սահմանի՝ «Իրանի շնչուղու» վերացում, ըստ այդմ՝ Իրանից Եվրոպա երթուղիներից մեկի վերացում,
– Իրանի ու Կովկասի միջև աշխարհաքաղաքական խզվածքի առաջացում,
– Իրանի՝ Նախիջևանն Ադրբեջանին կապող դերի զրոյացում,
– պանթյուրքական աշխարհի միավորում և Իրանի տարածքների նկատմամբ ոտնձգություն,
– տարածաշրջանի էներգետիկ նախագծերից Իրանի դուրսմղում,
– Կովկասին և Կենտրոնական Ասիային Թուրքիայի արագ հասանելիության ապահովում, ըստ այդմ՝ Իրանի տարանցիկ դերի նվազում,
– ռազմական նպատակներով Իսրայելի կողմից միջանցքի օգտագործում,
– կովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցության ընդլայնում:
Հատկանշական է, որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում լարվածության թուլացումից և 2021 թ. նոյեմբերի վերջին Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ECO) գագաթնաժողովի շրջանակներում նախագահներ Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումից հետո մամուլում սկսեցին շրջանառվել լուրեր, թե իբր Իրանը ևս համաձայնություն է տվել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը։ Այդ լուրերը, սակայն, ծավալուն հրապարակմամբ հերքեց Իրանի կառավարական IRNA լրատվական գործակալությունը: IRNA-ն շեշտեց, որ շրջանառվող լուրերն առաջին հերթին քարոզչական նպատակ են հետապնդում: Գործակալությունը նաև մանրամասներ հաղորդեց Ռաիսի-Ալիև հանդիպումից՝ նշելով, որ Աշխաբադում Ադրբեջանի նախագահը որոշ պարզաբանումներ է ներկայացրել Ռաիսիին և հաստատել, որ Հայաստանի ու Իրանի սահմանի վերացման ծրագիր չունեն։ Իրանի նախագահն իր հերթին ողջունել է տարածաշրջանում «ավանդական հաղորդակցական ուղիների» բացումը։ «Իրանը նշված միջանցքի ստեղծման հարցում որևէ կողմի հետ որևէ պայմանավորվածություն չունի և իր ազգային շահերի շրջանակներում որևէ կերպ չի շեղվելու պաշտոնական սահմանների վերաբերյալ իր սկզբունքային դիրքորոշումից»,- շեշտադրել է IRNA-ն: Սա նշանակում է, որ այն, ինչն Ադրբեջանն ու Թուրքիան անվանում են միջանցք, Իրանն էլ, Հայաստանն էլ համարում են «ավանդական հաղորդակցման ուղիների» վերագործարկում, որտեղ առանցքային նշանակություն ունի, թե ում վերահսկողության ներքո է լինելու Հայաստանով անցկացվելիք երթուղին։ Իրանի դիրքորոշման առանձնահատկությունը հենց սա է. Թեհրանը կարևորում է, որ Հայաստանի տարածքով ստեղծվելիք երթուղին լինի ՀՀ վերահսկողության ներքո, չհանգեցնի աշխարհաքաղաքական փոփոխության և որևէ կերպ չխաթարի հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը: Ուստի պնդումները, թե Իրանն աջակցում է Ադրբեջանի ու Թուրքիայի պատկերացումների «միջանցքին», տեղին չեն: Եվ առհասարակ ՀՀ տարածքով երթուղու գոյությունը, ինչ ձևաչափով էլ այն լինի, ձեռնտու չէ Իրանին, քանի որ Թեհրանը բախվում է իր տարանցիկ դերի նվազման խնդրին։ Տարանցիկ նշանակությունը չկորցնելու տեսանկյունից է նաև Իրանի համար ողջունելի իր տարածքով դեպի Նախիջևան նոր երթուղու գործարկումը, որի շուրջ համաձայնությունը Թեհրանն ու Բաքուն ձեռք են բերել 2022 թ. մարտին։ Իսկ «ավանդական հաղորդակցական ուղիների» վերագործարկման հարցում Թեհրանն առաջին հերթին կարևորում է Նախիջևանի տարածքով երկաթուղու գործարկումը: Սա Իրանի համար իր տարանցիկ երթուղիները դիվերսիֆիկացնող նշանակություն ունի և հատկապես կարևորվում է «Հյուսիս-հարավ», Պարսից ծոց-Սև ծով միջանցքների համատեքստում։
Կարևորելով ՀՀ-ի հետ սահմանի գոյությունը՝ Թեհրանը փորձում է նաև ակտիվ ներկայություն ապահովել Սյունիքում, ընդ որում՝ թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական, հասարակական-մշակութային։ Պատերազմից հետո իրանական մի քանի պատվիրակություն է այցելել Հայաստան՝ քննարկելու «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցմանն Իրանի մասնակցության հարցը։ Թեհրանը նաև պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Գորիս-Կապան ավտոմայրուղուն այլընտրանքային երթուղիների կառուցմանը։ Իրանական պատվիրակություններն այցելել են նաև Սյունիք, քննարկել համագործակցության ոլորտներին վերաբերող հարցեր։
Սյունիքի նկատմամբ Իրանի հետաքրքրության ամենավառ դրսևորումը թերևս Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու Թեհրանի որոշումն է։ Նախատեսվում է, որ հյուպատոսությունը բացվելու է մինչև 2022 թ. վերջը։ Իրանն արդեն նշանակել է հյուպատոսին։ Նա Մորթեզա Աբեդին Վարամինն է, որը եղել է Եմենում Իրանի դեսպանության գործերի հավատարմատարը։ Սյունիքում նաև խթանվում են մշակութային նախագծերը:
Այսպես, օրինակ, օգոստոսի 10-11-ը Սիսիանում անցկացվել է «Նավասարդ» հայ-իրանական խոհանոցային, մշակութային փառատոնը։
Ամփոփելով վերոնշյալը՝ կարելի է արձանագրել, որ Իրանը Հայաստանը դիտարկում է որպես «շնչուղի»՝ դեպի Եվրոպա այլընտրանքային և վստահելի երթուղի, ինչպես նաև պանթյուրքիստական և հակաիրանական առանցքի ձևավորումը կանխող գործոն, ուստի Արցախյան 44-օրյա պատերազմի օրերից ի վեր Թեհրանը հանդես է գալիս միջանցքային տրամաբանությամբ ճանապարհների ստեղծման, դրա կամ ցանկացած այլ գործողության հետևանքով հայ-իրանական սահմանի հնարավոր վերացման դեմ։ Միաժամանակ Թեհրանը փորձում է ամրապնդել իր քաղաքական-տնտեսական ներկայությունը Սյունիքում։
Ժաննա Վարդանյան