կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-03 16:58
Իրավական

Գլուխները պատին են տվել. Լիսկայի Զարզանդը` մարզպետի դոկտորական աստիճանը կասկածի տակ դնողների մասին

Գլուխները պատին են տվել. Լիսկայի Զարզանդը` մարզպետի դոկտորական աստիճանը կասկածի տակ դնողների մասին

Սյունիքի «կրկնակի» մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախկին օգնական Զարզանդ Նիկողոսյանը, որին հաճախ ներկայացնում են որպես մարզպետի թիկնապահ, երեկ ներկայացել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

 

Հետաքրքրական է, որ հիշյալ դատարանում քննվող երկու հնչեղ գործերով էլ Զարզանդը ներգրավված է որպես վկա: Խոսքը Գրիգոր Պապյանի սպանության գործը կեղծելու մեջ մեղադրվող`  Սյունիքի պաշտոնատար անձանց դեմ հարուցված և Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործերի մասին է:

 

Զարզանդը, ով մշտապես հայտնվում է սկանդալային պատմությունների կենտրոնում, ըստ մամուլի հրապարակումների, տարիներ առաջ Սյունիքի դատավորներից մեկին էր ծեծել: Նրա անվան հետ են կապվում նաև նախորդ տարի Սյունիքում տեղի ունեցած երկու աղմկահարույց միջադեպերը: Ըստ ոստիկանության` 2013-ի մարտի 26-ին Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբում Զարզանդ Ն.-ն Դավիթ Բ-ի հետ մարմնական վնասվածքներ է հասցրել 43-ամյա Արմեն Վարդանյանին, ով ակումբի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով գլխի սալջարդ էր ստացել:

 

Հիշյալ դեպքից ամիսներ անց` հունիսի 1-ին, Զարզանդը և Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրանը, կալանավորվել էին մարզպետի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով, սակայն երկու ամիս անց նրանք ազատ էին արձակվել և գործում ներգրավվել որպես վկաներ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Զարզանդը նշեց, որ ինքն այլևս մարզպետի թիկնապահը չէ, այլ պարզապես`  Խաչատրյանների ընտանիքի համար հարազատ մարդ: Նա հրաժարվեց խոսել նախորդ տարի մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպից մասին` ասելով, որ նախաքննական մարմինն ամեն ինչ պարզել է: «Դատը գնում ա, առանց ինձ հարցնելու էլ պարզ ա` ինչ է եղել»,- ասաց նա:

 

Այնուամենայնիվ,  Զարզանդը պատասխանեց Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը վերաբերող` մեր մի քանի հարցերին:

 

- Սպասո՞ւմ էիք Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը:

 

-Դուք տեսել եք, թե ոնց են դիմավորել նրան Սյունիքի դարպասների մոտ, մարդկանց ոգևորությունը… Էն որ հարցումներ են արել` պարզելու, թե սյունեցիների քանի տոկոսն է ցանկացել, որ նա վերանշանակվի, ես կասեի` իրականում 80 տոկոսն է ուզել: Ինքը, որպես ղեկավար, շատ ուժեղ ա եղել, կարաք մոտենաք մարդկանց, խոսացնեք:

 

-Չե՞ք կարծում, որ վերջին դեպքերը բացասական են անդրադարձել նրա վարկանիշի վրա:

 

-Եթե լրատվամիջոցներն իրանց մեջ բամբասանքներ լսեն, մի բան էլ իրենք ավելացնեն… Եթե չգրեն` ամեն ինչ լավ կլինի: Իրա ռեյտինգի վրա էլ ոչ մի բան չի ազդել, որովհետև տեսանյութը բոլորը տեսել են` դեպքը ոնց ա եղել, իրա մեղքը ըտեղ վապշե չկա, դեպքի վայրում չի եղել, տանը քնած ա եղել: Ավել բան չեմ կարող ասել:

 

՞նչ կասեք նախորդ մարզպետի գործունեության մասին:

 

-Ես Վահեին չեմ ճանաչում, ոչ էլ հետևել եմ նրա գործունեությանը, բայց, դե, մենք միշտ էլ Սուրիկ Խաչատրյանին տեսել ենք որպես Սյունիքի մարզպետ: Ճիշտ ա, ինքն էս ընթացքում մարզպետ չէր, բայց ինքն էնքան գործունեություն ա ծավալել, բարեգործություն ա արել, օրինակ` իր միջոցներով Գորիսի հրապարակի վերանորոգումն ա արել: Միայն ստեղ չէ, մյուս քաղաքներին հարցնեք, գյուղերին էլ ա օգնել էս ընթացքում:

 

-Բայց ասում են` Սուրիկ Խաչատրյանը մարդասպան է:

 

-Ես ասում եմ` դու կարաս մոտիկանաս Ղափանում, Սիսիանում ժողովրդից կարծիք հարցնես, տենաս` էդ մարդուն ոնց են սիրում, հարգում, ընդունում…


-Մարդիկ վախենում են խոսել…

 

-Չի կարա տենց բան լինի: Հարգանքը էտի լրիվ ուրիշ հասկացություն ա, վախ ասվածը ստեղ ընդհանրապես տեղ չունի: Ասենք` 75 տարեկան ծեր կին ա կամ երեխա ա, ասենք` իրանց ի՞նչ վախ պետք ա պատճառի:

 

-Գուցե լսել են մյուսների պատմածներից:

 

-Իմ մասին էլ են շատ բաներ խոսում, բայց հո ճիշտ չի:

 

-Օրինակ` ի՞նչ կասեք Ձեր մասնակցությամբ գիշերային ակումբում տեղի ունեցած դեպքի մասին:

 

-Մարդը խմած ա եղել ու գլորվել ա: Ես ընդեղ կանգնած եմ եղել, իմ մեղավորությունը ո՞րն ա:

 

-Որտեղի՞ց եք ճանաչում Գրիգոր Պապյանի սպանության գործով մեղադրյալ Սահակ Սահակյանին:

 

-Սահակն իմ ընկերն ա: Նախաքննական մարմինն անմեղ մարդուն 4 տարի կալանքի տակ ա պահում, ուղղակի չեմ հասկանում, թե ես ինչ կապ ունեմ գործի հետ: Էդ դեպքը եղել ա Քաջարանում, ես մեր տունը պառկած, քնած եմ եղել, բայց ինձ ներգրավել են որպես վկա:

 

-Իսկ ինչո՞ւ  են Ձեր մասին վատ բաներ տարածում:

 

-Մի հատ չուզող մասսա կա, որ բամբասանքների միջոցով սխալ բաներ ա տարածում,  ու լցվում ա համացանցերը, ու մարդիկ սխալ տպավորություն են կազմում մարդկանց մասին:

 

-Այժմ, երբ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվել է, ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել «չուժոյ մասսայի» դեմ, հաշվեհարդա՞ր կտեսնեք:

 

-«Չուժոյ մասսան» դա գիտե՞ս`  ինչ ա, դրանք սողուններ են, թաքնված, մեկը, համակարգչի մոտ նստած, լուրեր ա տարածում:

 

-Տեղյա՞կ եք` երբ և որտեղ է Սուրիկ Խաչատրյանին շնորհվել պատմափիլիսոփայանկան գիտությունների դոկտորի աստիճանը:

 

-Անցած տարի, պաշտպանել ա «Սյունիքի կառավարման պատմությունը հին ժամանակներից մինչև այսօր» թեման, շատ ուժեղ, ծավալուն ու դժվար թեմա ա եղել:

 

-ԲՈՀ-ը հայտարարել է, որ նման աստիճան ուղղակի գոյություն չունի, նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանին նման աստիճան իրենք չեն շնորհել:

 

-Գլուխները պատին են տվել, ո՞նց չեն տվել: Էտի էդ հավայի գրողներն են, դու իրանց մի լսի, եթե մարդը պաշտպանել ա, գիտությունների թեկնածու ա, ո՞նց կարա տենց բան չլինի: Ի ինքը տասնյակից ավելի գրքերի հովանավոր ա, դու գիտես էդ մասին:

 

Թ. Մ.