կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-12 09:38
Հասարակություն

Չաշխատող «Նաիրիտ» գործարանում նոր փոխտնօրեն է նշանակվել. «168 ժամ»

Չաշխատող «Նաիրիտ» գործարանում նոր փոխտնօրեն է նշանակվել. «168 ժամ»

««168 ժամի» տեղեկություններով՝ «Նաիրիտ» գործարանում նոր փոխտնօրեն է նշանակվել Պարգև Պետրոսյանը: Նա գործարանում նախկինում չի աշխատել: Այս նշանակման «հեղինակը», մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է: Սա առավել ևս տարօրինակ է, քանի որ հենց նախարարության կամ կառավարության դժգոհության արդյունքում էր, որ այս տարվա փետրվարին աշխատակիցների, այդ թվում՝ փոխտնօրենների մեծ մասը գործազուրկ դարձան: Թե ինչո՞ւ է չաշխատող գործարանին հարկավոր նոր փոխտնօրեն, պարզ չէ: «Նաիրիտի» ներկայիս ղեկավար Ռուբեն Սաղաթելյանը մեր թղթակցի հետ զրույցում մասամբ հաստատել է տեղեկությունը՝ նշելով, սակայն, որ Պ.Պետրոսյանը դեռ նոր պետք է նշանակվի փոխտնօրենի (ընդհանուր հարցերով) պաշտոնում:

 

Թե ո՞վ է որոշումը կայացրել Ռ.Սաղաթելյանը չի պատասխանել: «Էդ ի՞նչ կապ ունի»,-ասել է նա: Դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ գործարանը չի աշխատում, նոր նշանակումը տարակուսանք է առաջացնում, Ռ.Սաղաթելյանը հակադարձել է. «Ձեզ մոտ տարակուսանք է առաջացնում, մեզ մոտ չի առաջացնում»: Նա հայտարարել է, թե գործարանում նոր փոխտնօրենի կարիք կա, ներկայումս միայն մեկ փոխտնօրեն կա, և «կան աշխատանքներ, կոնկրետ հանձնարարականներով ինքը պետք էաշխատի». Ռ.Սաղաթելյանը հրաժարվել է պարզաբանել, թե ի՞նչ մասնագետ է Պ.Պետրոսյանը, որտե՞ղ է աշխատել: «Հարցաքննություն չենք անում: Զբաղված եմ, հետո կզանգեք»,- վրդովվել է Ռ.Սաղաթելյանը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։