կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-02 12:26
Հասարակություն

Սարսափելին այն է, որ հային ծեծելով սպանող 300 մարդկանց միջից գոնե մեկը չի ասել` էս ի՞նչ եք անում

Սարսափելին այն է, որ հային ծեծելով սպանող 300 մարդկանց միջից գոնե մեկը չի ասել`  էս ի՞նչ եք անում

Տեղեկացրել էինք, որ ՌԴ Ռոստովի շրջանի Սինյաևսկոյե գյուղի բնակիչները, դաժանաբար ծեծելով, մահվան են հասցրել 22-ամյա Ռաֆայել Խալգաթյանին: Նա ավտովթարի պատճառ է դարձել՝ հարվածելով մի քանի մեքենայի, ինչն էլ բարկացրել է ներկաներին: Նշվում է, որ նրան ծեծել է մոտ 300 մարդ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը նշեց, որ դեպքի հետ կապված ամենավտանգավոր հանգամանքն այն է, որ 300 հոգու միջից չի գտնվել մեկը, ով կասեր` էս ի՞նչ եք անում: Բաբայանի կարծիքով` այնտեղ, որտեղ մարդու կյանքը կարևոր չէ` նման դեպքեր միշտ էլ սպասելի է:

«Նման դեպքերին, իհարկե, պետք է արձագանքենք, քանի որ լռել` կնշանակի այս ամենն ընկալել իբրև սովորական երևույթ: Խնդիրն այն է, որ ուղղակի կան երկրներ, որտեղ մարդու կյանքն արժեք չունի: Հասկանո՞ւմ եք` տվյալ դեպքում ինձ համար անընդունելի է ազգային դրդապատճառ փնտրելը. այստեղ արժեհամակարգի փոփոխության խնդիր կա` հասարակությունն ապրում է մի հասարակարգում, որտեղ մարդը կարևոր չէ, իսկ նման հասարակերգերում նման դեպքեր միշտ էլ լինելու են: Ի վերջո` ինչպե՞ս են լուծում մարդիկ իրենց հարցերը` ինքնադատաստանով, որը պարզապես մի ապտակ չէ. մարդ կարելի է զոհել հանուն երկաթի»,-ասում է Բաբայանը:

Նա կարծում է, որ սա ահազանգ է, թե ինչ է կատարվում մեր հասարակության մեջ` արդյո՞ք մեր հասարակության մեջ մարդը մեծագույն արժեք է: Բաբայանի կարծիքով` ՌԴ-ում բարքերն են այդպիսին, որ ծեծելով կարելի է հաշվեհարդար տեսնել, մարդ սպանել` ի՞նչ դատարանի կամ օրենքի մասին է խոսքը. «Տվյալ դեպքում` ինչ կընկնի իրենց այս հոսանքի տակ` ուղղակի կոչնչացնեն: Ուշադրություն դարձրեք, թե ինչ է քարոզվում ՌԴ-ում` մենք ընտյալ ազգ ենք, բայց շրջապատված ենք թշնամիներով, որոնք ուզում են մեզ ոչնչացնել. նման քարոզչությունն էլ, բնականաբար, իր ծիլերն է տալիս»:

Բաբայանը հավաստիացնում է, եթե մեզ մոտ էլ մարդը չդառնա մեծագույն արժեք, նման դեպքեր մեզ մոտ էլ կլինեն և եթե ուշադիր լինենք, ինչ-ինչ դեպքեր արդեն եղել են, թեկուզ հիշենք «Հարսնաքարի» դեպքը:

Ըստ Բաբայանի, ի վերջո, կյանքը տրված է, որ քո միջից կարողանաս հանել անասունին, և մենք պետք է մտածենք` ինչ անել, որ այդ թույնը մեզ մոտ չընկնի.«Որտե՞ղ է երաշխիքը, որ նման դեպքեր այլևս չեն լինի… Այս ամենը կախված նրանից, թե ինչ արժեհամակարգում է մարդը մեծանում, բայց երբ խրախուսվում է ինքնադատաստանը, իսկ ՌԴ-ում, այո, այն խրախուսվում է, նման դեպքեր կլինեն ու կլինեն: Ի դեպ, հարց է առաջանում` ինչո՞ւ հենց Վլադիմիր Պուտինի օրոք ավելացավ անհանդուրժողականությունը, որքան էլ որ վերջինս երբեմն-երբեմն հանդես է գալիս պաշտոնական ելույթներով, թե դեմ է անհանդուրժողականությանը. պարզ է, չէ՞, որ նման ագրեսիան ուրիշի հանդեպ, հարցերը տեղում լուծելն ուղղակի խրախուսվում է»:

Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանն էլ իր հերթին նշեց, որ դեպքն ամենաթողության հետևանք է, և պետք չէ այնտեղ ազգային տարրեր փնտրել: Ըստ նրա` հայ երիտասարդին երևի չեն էլ հարցրել` ինչ ազգության է պատկանում:

«Այստեղ ուրիշ խնդիր կա` տղային դեռ հիվանդանոց չեն տարել, դեռ չեն զննել, բայց ռուսական ԶԼՄ-ներն արդեն հայտարարում են, թե տղան հարբած է եղել, թմրանյութի ազդեցության տակ գտնվել, այսինքն` փորձում էին մեղմացնել մարդասպանների արածը, քանի որ ազգային պատկանելության հարց կար: Բայց պետք է ասեմ նաև, որ ես հետևում էի լուրերի տակ գրվող մեկնաբանություններին և բոլորը վիրավորում էին հայ տղային միայն այն բանի համար, որ նա հարբած է եղել, այլ ոչ թե` հայ է եղել»,-ասում է Բայաթյանը` հավելելով, թե համաձայն է Ռուբեն Բաբայանի հետ` արժեհամակարգի խնդիր կա. «ՌԴ-ում հարբած, ձեռքներին օղու շիշ բռնած մարդիկ Россия գոռալով քայլում են, և դա նրանց մոտ հայրենասիրություն է որակվում: Մենք պարզապես շատ արդարադատ ազգ ենք, եթե այդպես չլիներ, Գյումրիում տեղի ունեցածից հետո ռուս զինվորին կդարձնեինք քուֆթայի միս»:

Հոգեբան Սամվել Խուդոյանը նույնպես համակարծիք է բանախոսների հետ` տեղի ունեցածը չի կարելի ազգային հողի վրա դիտարկել: Խուդոյանը հիշում է, թե ինչպես են ռուսները խնջույքից հետո հաշվեհարդար տեսել մի տղայի հետ, ով ինչ-որ աղջկա էր «խոսեցրել»:

«Չի կարելի ասել, թե ռուսները վատն են ու էդպիսին են: Ես ինքս ռուսական գյուղում խնջույքից հետո ականատես եմ եղել կռվի` հավատացնում եմ` դուք պարզապես չեք պատկերացնում` ինչպես են այնտեղ հարբում. դանակը ձեռքը վերցրած` քայլում են: Կռիվն ու ագրեսիայի պոռթկումը կուրացնում է մարդուն, աֆեկտի պահին մարդն ընդունակ է գործել ինչ ասես»,-ասում է հոգեբանը:

Ըստ նրա, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ամբոխն անկառավարելի է, և տղայի` հայ լինելը միգուցե ռուսների կատաղածության վրա մի կաթիլ էլ է ավելացրել, բայց այնպես չէ, որ եթե տղան հայ չլիներ, նրան ոչինչ չէին անի.«Այստեղ միգուցե դեր է խաղացել տղայի` կովկասյան ազգության ներկայացուցիչ լինելու գործոնը, և սա ավելի է կատաղեցրել նրանց, բայց, միևնույնն է, խնդիրը նրանց` ռուսների տեսակի մեջ է»: