Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-10-10 21:10
Առանց Կատեգորիա

Վստահություն սպանող վանաձորյան սովորական «աճպարարություն»

Վստահություն սպանող վանաձորյան սովորական «աճպարարություն»

Վանաձորի ավագանու` այսօրվա փակ, գաղտնի քվեարկության արդյունքում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ խմբակցությունը գլխավորող Մամիկոն Ասլանյանը: Նրա օգտին քվեարկել էր ավագանու 19 անդամ, այն դեպքում, երբ բուն ՀՀԿ-ն և նրա հետ նաև Վանաձորի ՏԻՄ-ի ձևավորման հարցում համագործակցող ՀՅԴ խմբակցությունը միասին ունեին ընդամենը 15 ձայն, իսկ ավագանու մանդատ ստացած մյուս երեք ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները, քաղաքական հուշագրով համաձայնության էին եկել քաղաքապետի ԼՀԿ-ական թեկնածու Քրիստ Մարուքյանի թեկնածությունը պաշտպանելու շուրջ: Վերջինիս օգտին քվեարկել էր ավագանու ընդամենը 14 անդամ՝ ակնհայտ դարձնելով, որ բացարձակ թվաբանական հաշվարկով կոալիցիոն երեք ուժերի 4 ներկայացուցիչ «դավաճանել» է քաղաքական այդ համաձայնությանը:

Ովքե՞ր են նրանք, առայժմ հայտնի չէ, քվեարկությունը եղել է փակ: Չի բացառվում, սակայն, որ առաջիկայում այդ մարդկանց շրջանակը պարզվի: Համենայն դեպս, դատելով քվեարկության արդյունքների վերաբերյալ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի մեկնաբանությունից` հենց նման զարգացումները կանխատեսելով, նրանք ինչ-որ այնպիսի մեխանիզմներ են կիրառել, որը ապացուցելի է դարձնում տված խոստմանը հավատարիմ քվեարկելու իրողությունը:

Քաղաքապետի ընտրության արդյունքները բացարձակապես անակնկալ չէին: Նմանատիպ «դավաճանական» քվեարկությունների ականատես հանրությունը եղել է նաև խորհրդարանում: Կարելի է հիշել թեկուզ 2013թ. հոկտեմբերի 1-ին կայացած` նախկին դատախազի ընտրության քվեարկությունը, երբ թեև բազմաթիվ ընդդիմադիր պատգամավորներ էին դեմ քվեարկել Գևորգ Կոստանդյանի թեկնածությանը, սակայն փակ, գաղտնի քվեարկությունից հետո պարզվեց, որ նրանցից ընդամենը 3-ն են հավատարիմ մնացել հայտարարությանը:

Մյուս կողմից` եթե անակնկալ չէր Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրություններում ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի ստացած ձայների քանակը, որը չէր տեղավորվում որևէ ռացիոնալ  տրամաբանության մեջ, ապա ընդհանրապես չպետք է զարմանալ նրանց ներգրավմամբ տեղի ունեցած քվեարկության նման արդյունքներից: Ավագանու նիստում քաղաքապետի ընտրության  քվեարկությունն ինչ-որ իմաստով հոկտեմբերի 2-ին Վանաձորում տեղի ունեցած ավագանու ընտրությունների տրամաբանական շարունակությունն էր:

Այս քվեարկությունը, սակայն, միայն ԼՀԿ-ի և նրա քաղաքապետացու Քրիստ Մարուքյանի պարտությունը չէր: Սա քաղաքականության և քաղաքական սկզբունքայնության պարտությունն էր անձնական, գուցե՝ խմբակային ամբիցիաներին, նյութական շահին, բավարարված կամ բավարարվելիք որոշակի պահանջմունքներին: Սա ցույց է տալիս, որ խնդիրը բացարձակապես քվեարկության բաց կամ գաղտնի լինելու մեջ չէ, խնդիրը վստահության տոտալ ճգնաժամի և քաղաքականության անբարոյականացման մեջ է: Այս ընտրությունը վերաբացահայտեց դառը իրականությունը, որ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերը չունեն հասարակական վստահություն, և որ ավելի ողբերգական է՝ այդ կուսակցությունների ներսում չկա փոխադարձ անձնական վստահության ռեսուրս: Քաղաքական ողջ համակարգը տառապում է ներքին անվստահության, անսկզբունքայնության, պատեհապաշտության հիվանդությամբ, որը, ի դեպ, բացարձակ պարտադիր չէ, որ դրսևորվի միայն քաղաքապետի ընտրությամբ: Դրա արգասիքն են նաև համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային հանձնաժողովների անդամների, վստահված անձանց «գործարքային» ինքնահանձնման խայտառակ ակտերը, ինչի մասին բացահայտ խոսում են հենց քաղաքական ուժերը և ինչի պատճառով չեն կարողանում գոնե մի քանի տասնյակ վստահելի անձանց ներգրավել ընտրություններում: Այդ հիվանդության պատճառով էր, որ, չնայած հուշագրի ստորագրմանը, փաստացի առաջին իսկ պահից երեք կուսակցություններն էլ միմյանց հետ գործակցության մեջ էին մտել փոխադարձ խոր անվստահությամբ: Դրա մասին է վկայում ոչ միայն նրանց ներկայացուցիչների քվեարկությունն ապացուցելի դարձնելու մասին` ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, այլև ԼՀԿ-ի կողմից քվեարկությունը հնարավորինս բաց անցկացնելուն ուղղված` կատաղի և իրեն ժողովրդավարական արժեքների ու օրինականության ջատագով հռչակած այդ կուսակցությանն անհարիր ագրեսիվ, անհավասարակշիռ վարքագիծը:

Ակնհայտ է, որ եթե անգամ Քրիստ Մարուքյանն ընտրվեր Վանաձորի քաղաքապետ, ներքին անվստահության ռեսուրսով չէր կարողանալու պահպանել իր քաղաքական հենարանը: Որքան խորհրդարանական ընտրությունները մոտենային, այնքան այս լոկալ բնույթի «դաշինքը» ճաքեր էր տալու և օրերից մի օր ուղղակի փլուզվելու էր: Այս դաշինքը հեռանկար ուղղակի չուներ: Նման քաղաքական երերուն հենքով հաղթանակը զուտ պահի խնդիր էր լուծելու և ծառայեցվելու էր ԼՀԿ-ի PR-ին:  

Մամիկոն Ասլանյանը ևս շատ բան չշահեց: Խնդիրն այն է, որ գոնե հիմա այնքան էլ պարզ չէ՝ ինչպես է նա կարողանալու հասնել ավագանու կողմից քաղաքի բյուջեի և բյուջեի կատարողականի հաստատմանը, որոնց համար պահանջվելու է բաց քվեարկություն: Այսպես կոչված` «թաքնված» հանրապետականները կա'մ ստիպված են լինելու դեմ քվեարկել՝ ինքնաբացահայտման խայտառակությունից խուսափելու համար, կա'մ գնալու են ինքնաբացահայտման՝ համախոհություն դրսևորելով ավագանու մեծամասնության հետ: Եվ այս իմաստով Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ինտրիգը դեռ ավարտված չպետք է համարել:

Գևորգ Դարբինյան