կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-25 17:50
Հասարակություն

Թուրքերի ձեռքով նահատակվել է հայ անասնաբույժի որդին

Թուրքերի ձեռքով նահատակվել է հայ անասնաբույժի որդին

Աղբյուրը՝ armenianegnocide100

Մինաս Ավետիսյանի պատմությունը

1849թ., Կոստանդնուպոլիս

Անասնաբույժ, անասնաբուժության պրոֆեսոր, բեյ Մինաս Ավետիսյանը անասնաբուժական բոլոր գիտությունների վերաբերյալ թուրքերենով առաջին գրքերը գրած ու հրատարակած մասնագետն է: Այդ 14 գրքով են երկար տարիներ դասավանդել անասնաբուժական վարժարանների դասախոսները, սովորել ուսանողները և առաջնորդվել պրակտիկ անասնաբույժները: 1917 թ. Երզնկայում թուրքերի ձեռքով չարաչար նահատակվել է նրա բժիշկ որդի Պերճ Մինասյանը: Իր որդեկորույս սրտի խորը վերքը սփոփելու համար գրել է 6 հատորից բաղկացած հայերեն գեղեցիկ մի գիրք` «Ագարակին անասնաբոյժը», որը 1921 թ. դրությամբ դեռևս անտիպ էր: Նաև այլ ձեռագիր գործեր է ունեցել:

 

Ծնվել է 1849թ. փետրվարի 3-ին, Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում:

 

Նախնական ուսումն ստացել է Կ. Պոլսի հին Նարեկյան կրթարանում, որի բարձրագույն կարգն ավարտելուց հետո վարժարանի հոգաբարձու Հապեթիկ Նևրուզյանի միջոցով և պաշտպանությամբ ընդունվել է Կ. Պոլսի զինվորական իդադիե (միջնակարգ) վարժարանը:

 

1870-74 թթ. սովորել է իդադիե վարժարանի անասնաբուժական բաժնում և զինվորական անասնաբույժի վկայական ստացել:

 

Ավարտելուց հետո օգնական դասատու է աշխատել վարժարանի դարմանաբանության և ծննդաբերության ճյուղերում:

 

1875 թ. աչքի ընկնելով իր գրագետ ու բովանդակալից դասախոսություններով, նույն ճյուղերի և ներքին ախտաբանության դասախոսի պաշտոնն է ստացել:

 

Մանկավարժական գործունեությանը զուգահեռ գործնական աշխատանքում կատարել է անասնաբուժական գործի նորարարություններ՝ կենդանիների առողջապահությունն ու բժշկությունը հատուկ կայաններ ու հիվանդանոցներ տեղափոխելով:

 

Նրա անունն ամենուր հնչել է Զինվորական անասնաբուժական վարժարանի անվան կողքին: Պարգևատրվել է բազմաթիվ պատվանշաններով:

 

Կ. Պոլսի կառավարությունը բացել է նոր՝ Քաղաքային անասնաբուժական դպրոց և Մինաս բեյը հրավիրվել այդտեղ՝ համատեղությամբ դասախոսելու:

 

1903 թ. եղել է Կ. Պոլսի երկու անասնաբուժական վարժարանների ընդհանուր ուսումնապետը:

 

Մինչև 1906 թվականը, 30 տարի դասախոսել է, կրթել ու պատրաստել անասնաբույժներ Օսմանյան կայսրության ու նրա բանակի համար: Հասել էր կայմակամության աստիճանին և մոտ էր միրալայության, ապա փաշայության աստիճաններն ստանալուն, երբ բախտը երես թեքեց նրանից:

1906 թ. Յըլդըզում տեղի ունեցած մահափորձի ուրբաթ օրը բժիշկը միանում է սելամլըքի հանդիսությանը ներկա ձիավոր զինվորների գնդին: Պայթյունի պահին իսկ, բժիշկը (անշուշտ՝ հայ լինելու համար), իբրև մեղսակից ձերբակալվում է:

 

1906–07 թթ. անցկացրել է Յըլդըզի բանտում: 1907 թ. դատավարության ավարտին անմեղ է ճանաչվել, սակայն աքսորվել է Դամասկոս: Մինչև 1910 թ. մնացել է Դամասկոսի աքսորում:

 

1910 թ. վերադարձել է Կ. Պոլիս և վերականգնվել իր նախկի պաշտոններում: Սակայն աքսորի տարիներից հոգնած, իր նկատմամբ ցուցաբերած գարշապերախտությունից զզված, իր պաշտոնավարությունը շարունակելու ի վիճակի չի եղել և անցել է հանգստի՝ իր խնդրանքով:

 

Հանդիսանում է անասնաբուժական բոլոր գիտությունների վերաբերյալ թուրքերենով առաջին գրքերը գրած ու հրատարակած մասնագետը: Այդ 14 գրքերով են երկար տարիներ դասավանդել անասնաբուժական վարժարանների դասախոսները, սովորել ուսանողները և առաջնորդվել պրակտիկ անասնաբույժները:

 

1917 թ. Երզնկայում թուրքերի ձեռքով չարաչար նահատակվել է նրա բժիշկ որդի Պերճ Մինասյանը:

 

Իր որդեկորույս սրտի խորը վերքը սփոփելու համար գրել է 6 հատորից բաղկացած հայերեն գեղեցիկ մի գիրք` «Ագարակին անասնաբոյժը», որը 1921 թ. դրությամբ դեռևս անտիպ էր: Նաև այլ ձեռագիր գործեր է ունեցել:

 

1921 թ. ապրիլի դրությամբ բնակվում էր Կ. Պոլսում:

 

Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 49–51: