կարևոր
2809 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-23 17:36
Քաղաքական

Մենք ծածկելու ենք այն գերեզմանափոսը, որը դուք Նիկոլ Փաշինյանի ձեռքով փորում եք հայ ժողովրդի համար․ Քրիստինե Վարդանյան

Ներկայացնում ենք ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին․

ԱԺ այս ամբիոնին մոտենալը գնալով ավելի ծանր է դառնում: Ընդհանրապես կապիտուլացիա վավերացնել պատրաստվող խորհրդարանի մասը լինելը խարան է, որը դեռ երկար ժամանակ պետք է հասկանալ ինչպես ենք մաքրելու մեր ճակատագրերի վրայից: 
 
 Բայց ես այսօր մոտեցել եմ ամբիոնին 2 ուղերձ հղելու համար:  
Առաջին ուղերձը հետևյալն է` կապ չունի Հայաստանի դատավճիռը որ երկրում է ստորագրվելու: Կապիտուլյացիան կապիտուլյացիա է` անկախ նրանից այն ստորագրվում է Վաշինգտոնում, Բրյուսելում թե Մոսկվայում: Հետևապես դրա դեմ պայքարը լինելու է նույն ուժգնությամբ: 
 
 2-րդ ուղերձը` դիմելով միջազգային հանրությանը, ՀՀ դաշնակիցներին, ցանկանում եմ ասել, որ այսօր ՀՀ-ում տիրող իրավիճակը չպետք է ընդունել որպես համաձայնություն Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը: 
 Այս պահին, երբ ես արտաբերում եմ այս բառերը, ՀՀ-ում ապօրինի կալանքի տակ է շարունակում մնալ թշնամուն չպարտված գեներալը, ապօրինի կալանքի տակ է գտնվում հայրենիքի համար նահատակված զինվորի մայրը, հետապնդման են ենթարկվում ոչ իշխանական հայացքներ ունեցողները, Հայաստանի բնակչությունը գտնվում է տեղեկատվական ահաբեկչության թիրախում: 
 Բայց անգամ այս դեպքում այս իրավիճակը լոկ թվացյալ հանգստություն է փոթորկից առաջ: Եթե որևէ մեկը կարծում է, որ այս խորհրդարանը մի քանի ընդդիմադիր ելույթով վավերացնելու է Հայաստանի կապիտուլյացին`սխալվում է: 
 
 Ընդհանրապես, երբ հետևողականորեն մարդուց խլում են ամեն ինչ և չեն թողնում կորցնելու ոչինչ, մարդը դառնում է ընդունակ ամեն ինչի: Հայ ժողովրդից խլելով ամեն ինչ, մեզ չթողնելով զարգացման որևէ հեռանկար, դուք բացելու եք տարածաշրջանային պանդորայի արկղը որը ոչ թե խաղաղություն` այլ նոր անկայունություն և ուժերի բալանսի անդառնալի փոփոխություն է բերելու տարածաշրջանում: 
 
 Մենք դա չենք ընդունելու, մենք ծածկելու ենք այն գերեզմանափոսը, որը դուք Նիկոլ Փաշինյանի ձեռքով փորում եք հայ ժողովրդի համար: