կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-22 14:12
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հաշվի չէինք առնելու՝ ինչո՞ւ ենք դիմել․ իմքայլական պատգամավորը՝ ՍԴ մասին նախագիծը ներկայացնողին

Եթե Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը հաշվի չէինք առնելու, ապա ինչո՞ւ ենք դիմել՝ ըստ Yerkir.am-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին հարցրեց նույն՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ-ում՝ ՍԴ նախագահից և 12 տարի պաշտոնավարած անդամներից ազատվելու օրինագծի քննարկման ժամանակ։

Թագուհի Թովմասյանի դիտարկմանը, որ Վենետիկի հանձնաժողովը նշել է՝ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի ներկայացրած կարծիքին, Հովակիմյանը հակադարձեց՝ Վենետիկի հանձնաժողովը ողջունել է այս փոփոխության հիմքում դրված մոտեցումը։

«Այն հիմնական առանցքը, որը կա այս նախագծում, այդ առանցքի շուրջ Վենետիկի հանձնաժողովի հետ գոյություն ունի փոխադարձ ըմբռնում և կոնսեսուս։ Ինչ վերաբերում է այդ կոնսեսուսի իրացման ճանապարհի մոտեցումներին, դա այս դեպքում շատ շնորհակալ ենք հանձնաժողովին, ուղղակի այստեղ որոշակի նրբություններ կան, որոնք մենք կիրառում ենք իրացման այն ճանապարհը, որը նախընտրելի է մեզ համար՝ հաշվի առնելով ներկա իրողությունը»,-ասաց Վահագն Հովակիմյանը։

Իմքայլական պատգամավոր Թագուհի Թովմասյանի համար անհասկանալի մնաց իր հարցի պատասխանը։

Հովակիմյանը մեկ՝ նշեց, որ դեռ առաջին ընթերցումն է, իսկ ՍԴ նբերկայացնելու հարցը պետք է բարձրացվի երկրորդ ընթերցման քվեարկությունից առաջ, մեկ էլ՝ ասաց, որ նախորդ և ներկա նախագծերի միջև էական փոփոխություններ կան, որոնք արվել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հաշվի առնելով։

«Իրականում մենք հենց այդ կարծիքով ենք առաջնորդվում։ Եթե համեմատեք փետրվարի 6-ին հանրաքվեի դրված նախագիծը և այսօր խորհրդարանի քննարկմանը ներկայացված նախագիծը, կտեսնեք, որ էական տարբերություն կա։ Այսինքն մենք հենց Վենետիկի խորհրդատվական կարծիքը հաշվի առնելով՝ այս նախաձեռնությունն ենք ներկայացրել»,-ասաց նա։

Հովակիմյանը նաև նշեց, որ այս հարցում հետադարձության խնդիր գոյություն չունի, այսինքն, ՍԴ դատավորների վիճակը վատթարացնելու հիմքով հետադարձ ուժ չունենալը սահմանող կանոնը չի աշխատելու։

Նա ասաց, որ այս օրինագծի ընդունման դեպքում ՍԴ 3 անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում քվորումի խնդիր ՍԴ-ն չի ունենա, բնականոն կգործի։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է ԱԺ-ում արագացված՝ 3-ժամյա ընթացակարգով, ընդունել Սահմանադրության փոփոխության մի նախագիծ, որով կդադարեցնի ՍԴ գործող նախագահի ու այն անդաների լիազորությունները, որոնք 12 տարուց ավելի են պաշտոնավարել։

Մանրամասն՝ տեսանյութում․