կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-22 13:00
Քաղաքական

Վենետիկի հանձնաժողովի անդամները եկող շաբաթ կժամանեն Հայաստան

Վենետիկի հանձնաժողովի անդամները եկող շաբաթ կժամանեն Հայաստան

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի զրույցում ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի անդամները հաջորդ շաբաթվա ընթացքում ժամանելու են Հայաստան` Սահմանադրության նոր նախագծի վերջնական տարբերակը քննարկելու նպատակով: Բաղդասարյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ քննարկումներից հետո Վենետիկի հանձնաժողովի անդամները օգոստոսի 25-ին, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպում են ունենալու`  Սահմանադրության նախագիծը քննարկելու, իրենց առաջարկները ներկայացնելու։

«Սա ևս մեկ հնարավորություն է բոլոր քաղաքական ուժերի համար ներկայանալ իրենց առաջարկներով: Որևէ մեկին գրավոր հրավեր չի ուղարկվել, սակայն, բոլորն էլ տեղյակ են, որ հանդիպում է լինելու և լավ կլինի, որ գան, մասնակցեն»,- ասաց Բաղդասարյանը:

Մեր այն հարցին, թե որ քաղաքական ուժերի կողմից են եղել առաջարկներ` մասնակցելու քննարկումներին, Բաղդասարյանը պատասխանեց, որ ցանկացողները կարող են գալ, դա հատուկ հրավերով չի:

«Տեղյակ է պահվել բոլորին, և նրանք կարող են ներկա լինել ու մասնակցել քննարկումներին: Վենետիկի հանձնաժողովն է քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի հետ հանդիպման ցանկություն հայտնել: Կարծում եմ, որ բավականին շատ քաղաքական ուժերի կողմից մասնակցություն կլինի: Օրինակ ԲՀԿ-ի տրամադրվածությունը ինձ թվում է, որ դրական է: Քաղաքական ուժերին ասվել է այդ մասին, որոշողը իրենք են»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: