Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ուջանցիները, ուղիղ հարյուր տարի առաջ գաղթելով Արևմտյան Հայաստանից, հաստատվել են այս գյուղում: Համոզված եմ, որ ուջանցու` այստեղ լինելը ժամանակավոր է. մեր հաջորդ հանգրվանը Արևմտյան Հայաստանն է, դեպի այն բնակավայրերը, որտեղից եկել են մեր պապերը: Մենք ինքներս պետք է դուռ բացենք այս նոր սերնդի հետ և պետք է գնանք մեր երկիրը: Դրա համար պետք է վրեժը տաք պահենք մեր սրտում, մեր մտքի մեջ, մեր գլխի մեջ», - ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի վերահիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՀՅԴ Գերագույն մարմնի անունից իր ողջույնի խոսքը այսպես սկսեց նույն մարմնի անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։
Հոկտեմբերի 19-ին կայացած միջոցառման նախաձեռնողը համայնքապետ Նաիրի Կիրակոսյանն էր, հյուրերի թվում՝ ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը:
Բժիշկ Տարոն Տոնոյանը, որը, սկսած ազատամարտի տարիներից, մեծ ճանաչում և հարգանք է վայելում գյուղի բնակիչների մոտ, իր ելույթում նշեց, որ երեխաների մեջ պետք է միշտ հարգանք սերմանել մեծերի, սեր՝ գիտության, հայրենիքի, հողի, մշակի, ուսուցչի հանդեպ:
«Միայն այդ ձևով մենք կարող ենք տեղ հասնել: Պատահական չէ, որ այս խոսքերը ես այստեղ եմ ասում, որովհետև այդ դասերը ուջանցին միշտ տվել է նոր սերնդին: Պատահական չէ, որ Անդրանիկի արձանը Սովետական միության տարիներին առաջինը կանգնեցվեց այստեղ՝ Ուջան գյուղում: Պատահական չէ, որ արցախյան ազատամարտի ակունքներում կանգնած է ուջանցիների ջոկատը»,- ասաց նա:
Տարոն Տոնոյանը հիշեց և արժևորեց գյուղի փառապանծ մարտիկների անցած ուղին՝ մատնանշելով նաև նորօրյա սերնդի վրա դրված մեծ առաքելությունը: «Ազատամարտի և ջոկատի առաջին զոհը եղավ Հարությունյան Նորիկը, որի հուշարձանն այստեղ կանգնած է, պատահական չի, որ այստեղ է մեր շատ սիրելի, հարգարժան ընկեր Հենրիկ Հովհաննիսյանի հուշարձանը: Եվ բոլոր մեր ընկերները, մեր սուրբ նահատակներն իրենց հայացքը հառել են այն նույն ուղղությամբ, ինչ ուղղությամբ մեր պապերը իրենց աչքերը փակեցին՝ դեպի Հայրենիք, դեպի Էրգիր: Սիրելի՛ ուջանցիներ, շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ համայնքապետ, մեր լավ ընկեր Նաիրի Կիրակոսյան, շնորհավորում ենք և համայնքին ցանկանում ամուր, հայրենիքի հզորացմանն ու շենացմանն ուղղված անխռով և հաստատ ընթացք»,- խոսքը եզրափակեց բժիշկ-ազատամարտիկը։