կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-05 13:23
Հասարակություն

Մեր բախտը բերել է, բա «Արմավիա»-ի աշխատակիցներն ի՞նչ ասեն. նաիրիտցիները գոհ են

Մեր բախտը բերել է, բա «Արմավիա»-ի աշխատակիցներն ի՞նչ ասեն. նաիրիտցիները գոհ են

Ինչպես հայտնի է՝ երեկ արդեն «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ստացան իրենց աշխատավարձերը: Գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը և Արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեցին իրենց վերջին ամիսների գործունեությունը և պայքարը:

Հրաչ Թադևոսյանի բնորոշմամբ՝ հանրապետության ղեկավարները քաջություն ունեցան իրենց վրա վերցնել իրենց աշխատավարձերի մարման հարցը:

«Նայելով մեր կողքերը՝  կարող ենք ասել, որ մեր բախտը բավականին բերել է: Ճիշտ է մենք շատ պայքարեցինք, որ հասանք աշխատավարձերի մարմանը, բայց օրինակ ի՞նչ է կատարվում մեր կողքերում: Օրինակ՝ «Արմավիա»-ի աշխատակիցները բավականին երկար ժամանակ չեն ստանում իրենց աշխատավարձերը»,- նշեց բանախոսը՝ հավելելով. «Միայն մեր իշանություններից կախված չէր մեր աշխատավարձերի մարումը: Ոչ միայն Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ պետք է համաձայնեցվեին մի շարք հարցեր, այլ նաև՝ Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի հետ»:

Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ վճարվել են 2400 նաիրտցիների աշխատավարձերը: Նա նշեց նաև, որ ընդհանուր պարտքը կազմում էր 12 մլն դոլար: «Նաիրիտցիները այո՛ ստացան աշխատավարձերը, բայց մարդիկ պարտքեր են կուտակել: Բանն այն է, որ քիմիական գործարանի մասնագետը այլ տեղ չի կարող աշխատել: Եթե քիմիական ոլորտի մասնագետներին աշխատանք չեն տալիս մեր երկրում, նա ստիպված պետք է դրսում աշխատի: Օրինակ՝ սպասարկման ոլորտում այդ տարիքում հնարավոր չէ աշխատանք գտնել»,- ասաց նա:

Հարությունյանը հայտարարեց նաև, որ իրենց պայքարը հենց սկզբից միտված է եղել ոչ միայն աշխատավարձերի մարման պահանջին, այլ նաև գործարանի վերագործարկմանը:

 «Մենք շարունակելու ենք պայքարը և պահանջելու ենք գործարանի վերագործարկում: Պահանջելու ենք ընդունել նաև Համաշխարհային բանկի առաջարկած աուդիտը: Գործարանը մեծ պետենցիալ ունի աշխատելու, առաջին հերթին մասնագետների մասին է խոսքը: 97միլիոն դրամ ներդրում է հարկավոր: 1700 հոգի դուրս են եկել աշխատանքից, 500 հոգի մնացել են»,- ասաց ընկերության նախկին մամուլի խոսնակը: