Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստի օրակարգի քննարկումից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Հիշեցնենք, որ նաիրիտցիներն առարկություններ ունեն` աշխատավարձի վճարման հաշվարկի հետ կապված, և հայտարարել են, որ այսօրվանից անժամկետ նստացույց են սկսելու կառավարության շենքի առջեւ:
Վարչապետը կարծիք հայտնեց, որ կառավարությունը տված խոստումը՝ վճարել նաիրիտցիների աշխատավարձը ամբողջությամբ, կատարել է` գումարներն արդեն հատկացրել է: «Ուղղակի չեմ հասկանում նրանց հավաքվելու նպատակը, դրա համար խնդրում եմ պարզաբանել նաև նրանց համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ խոսքը փոխանցելով էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին:
Նախարարը հիշեցրեց, որ, պայմանավորվածության համաձայն, նաիրիտցիների աշխատավարձի պարտքը պետք է վճարվեր մինչև հուլիսի 15-ը, գումարը կազմում է 5 միլիարդ 310 միլիոն դրամ: Այդ գումարները կառավարությունն ի վիճակի է վճարել: «Հարցը հետևյալն է` «Նաիրիտ»-ի մի շարք աշխատողներ բողոք էին ներկայացրել, որ աշխատավարձը սխալ է հաշվարկվում: Այժմ աշխատանքներ են տարվում այդ աշխատավարձերը ճիշտ հաշվարկելու ուղղությամբ: Մեկ-երկու օրվաի ընթացքում այդ հարցերը կլուծվեն: Մենք առաջարկել ենք վճարել այն ժամանակ, երբ ձևաթղթերը պատրաստ լինեն, դաս կարող է տևել 10-15 օր: Աշխատակիցների պահանջն այն է, որ աշխատավարձերը վճարվեն միանգամից: Դրա համար պետք է սպասեն 10-15 օր: Որպեսզի այդքան չսպասեն, մենք առաջարկում ենք, վճարել խումբ-խումբ` փոխանցելով աշխատավարձերը նրանց հաշվին»,- ասաց Երվանդ Զախարյանը:
Վարչապետը նշեց, որ Երվանդ Զախարյանը չափազանց բարդ է բացատրում, և ինքը որոշեց բացատրել խնդրի էությունը. նաիրիտցիները պահանջում են բոլորի գումարը մեկ օրում վճարել, իսկ կառավարությունը բացատրում է, որ գործընթացը ձգձգվելու է 10-15 օր:
Միջամտեց ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը. «Երեկ հավաքված նաիրիտցիների թիվը մոտ 500 էր` քիչ չէր: Նրանք ուզում են փողը միանգամից ստանալ, որովհետև մտածում են, թե խումբ-խումբ եթե վճարեն, գումարը կվերջանա, և շատերը վերջում փող չեն ստանա: Այսինքն` չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ: Ո՞վ կարող է ասել, որ բոլորը կստանան: Եթե համոզված լինեն, որ բոլորը կստանան գումարները, նրանք չեն հավաքվի»:
Երվանդ Զախարյանն արձագանքեց, որ եթե նաիրիտցիները պատրաստ են սպասել մինչև ամսվա վերջ, ապա ամսվա վերջին իրենք միանգամից կարող են կատարել վճարումները: Եթե կլինեն աշխատակիցներ, ովքեր կցանկանան հիմա ստանալ, դա էլ կարող են անել:
Հովիկ Աբրահամյանը նշեց. «Դե ուրեմն` թող որոշեն ու առաջարկությունը ներկայացնեն կառավարությանը»: