Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրթության և գիտության նախարարությունն արդեն ամփոփել է այս տարվա առարկայական օլիմպիադաների արդյունքները, և այսօր ԿԳ նախարարն անձամբ առաջին մրցանակի արժանացածներին պատվոգրեր տվեց: Այս տարի 16 առարկաներից անցկացված օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել է շուրջ 1700 աշակերտ, որոնցից առաջին կարգի դիպլոմների են արժանացել 62 աշակերտ, երկրորդ կարգի` 120, իսկ երրորդ` 156 աշակերտ:
Արցախի Մարտունու շրջանի Ճարտարի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Արիաննա Սարգսյանը մեկն է նրանցից, ով մի քանի փուլ հաղթահարելուց հետո առաջին տեղն է զբաղեցրել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայից: Արիաննան Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե սիրում ես առարկան, ընթացքում պարապելն ու պատրաստվելը չես էլ նկատում` արագ է մոտդ ստացվում: Արիաննան մինչ այս ևս երկու անգամ մասնակցել է օլիմպիադիայի ու երրորդ կարգի դիպլոմ ստացել:
«Երբ առաջին անգամ էի մասնակցում, ինքնավստահ չէի ու որոշ վախեր ունեի, բայց հիմա արդեն ավելի վստահ էի ու մտածում էի` կարող եմ հենց առաջին կարգի դիպլոմի արժանանալ: Այսինքն` օլիմպիադային մասնակցելն ինձ ինքնավստահություն տվեց, քանի որ հասկացա` կարող եմ նպատակ դնել իմ առջև ու, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, հասնել դրա իրագործմանը: Սա ոչ միայն իմ հաղթանակն էր, այլ նաև իմ դպրոցի ու ուսուցչիս, ով ջանք ու եռանդ չի խնայել ինձ գիտելիքներ տալու հարցում»,- ասաց աղջիկը` հավելելով, որ միակն է իրենց դպրոցից, ով դիպլոմի է արժանացել:
Արիաննան նշեց նաև, որ հետագայում հավանաբար պատմության գծով կշարունակի իր կրթությունը, քանի որ իրեն շատ է հետաքրքրում պատմությունը, հատկապես` հայոց պատմությունը:
Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սյուզաննա Գաբրիելյանն էլ առաջին կարգի դիպլոմի է արժանացել «Հայ գրականություն» առարկայից: Սա առաջին մրցանակը չէ` «Քիմիա», «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաներից երրորդ կարգի դիպլոմների է արժանացել:
«Օլիմպիադային մասնակցելը շատ կարևոր էր ինձ համար. բացի գիտելիքներս խորացնելուց, մրցակցության փորձ տալուց, այն նաև սովորեցրեց չվախենալ անհաջողություններից: Հիմա արդեն ընդունելության քննություններին եմ պատրաստվում, տնտեսագետի մասնագիտությունն եմ ընտրել, քանի որ մտածում եմ, որ ավելի հեշտ աշխատանք կգտնեմ: Կուզեի` հաջորդ սերունդը դժվարություն չտեսներ և իր ձեռքերով կերտեր իր ապագան այստեղ` հայրենիքում: Ճիշտն ասած` որոշ ժամանակ առաջ ընտանիքով հայրենիքից գնալու հնարավորություն ունեինք, բայց չուզեցինք, ես էլ դեմ էի… Ապագաս միայն այստեղ եմ տեսնում»,- ասաց Սյուզաննան:
Նա նշեց նաև, որ թեև տնտեսագետի մասնագիտությունն է ընտրել, սակայն գրականության նկատմամբ սերը մանկուց է գալիս, կարդալ շատ է սիրում, հատկապես` Սևակ ու Չարենց: Ավելին` ժամանակակից գրականություն էլ է կարդում, բայց դասականներին է նախընտրում:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ, շնորհավորելով հաղթողներին, նշեց, որ օլիմպիականների գաղափարախոսությունը երկու կարևոր սկզբունք է ներառում` նախանշում է աշակերտի` ապագա մասնագիտական կողմնորոշվածությունը, և նրանք կարողանում են ցույց տալ, թե դպրոցում ստացած գիտելիքը որքանով է կիրառելի: Ըստ նախարարի` հաջողություններն աշակերտների համար պետք է լինեն ապագան կերտելու լուրջ հիմք, բայց, միաժամանակ, պետք է երբեք չընկրկեն:
«Հիշեք, որ հաջողությունն ու անհաջողությունն իրար հետ են գալիս: Չպետք է կոտրվեք, դուք այսօր հաղթողներ եք, բայց միշտ չէ, որ պետք է հաղթեք, երբեմն կունենաք անհաջողություններ ու պարտություններ, բայց պետք է ձեր ընտրած ճանապարհով առաջ գնաք: Վերջին 25 տարվա մեջ առաջին անգամ ունենք անընդհատ զարգացող պետություն, և մեր պետության բախտը ձեր ձեռքում է լինելու: Ինչ հաջողություններ ունենք, պետք է շարունակեք, իսկ բացասականը պետք է թողնենք անցյալում: Դուք մեծ առաքելություն ունեք»,- ասաց Մկրտչյանը:
Նա հավելեց, որ աշակերտները պետք է հիշեն` մեր երկրի քաղաքացիներն են, ուր և ինչ մասնագիտական ու անձնական ճանապարհով էլ գնան, պետք է հասկանան, որ 5000 տարվա պատմություն ունեցող ժողովրդի ավանդույթների շարունակողն են: «Պետք է այնպես անենք, որ ինչպես 5000 տարվա մեջ մեր ժողովուրդն աշխարհի ժողովուրդների գրադարանում ունեցավ իր հատուկ տեղն ու ձեռագիրը, այնպես էլ այս նոր աշխարհում ունենա իր տեղը»,- ասաց Մկրտչյանը: