Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական OdaTV կայքը տեղեկություն է հրապարակել, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը Թուրքիայի նախագահի, վարչապետի, ազգային հետախուզության ծառայության պետի եւ մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հետաքննություն է սկսել` պատերազմական հանցագործություններին մասնակցության կասկածներով: Ըստ աղբյուրի` պատճառը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը նախորդ տարի բեռնատարներով զենք տրամադրելու իրողության բացահայտում է:
Թե ով, ինչ հանգամանքներում և ինչ փաստաթղթերի հիման վրա է բացահայտել իսլամիստ ծայրահեղականների հետ թուրքական իշխանությունների հանցավոր համագործակցության այս դրվագը, պարզ չէ: Որևէ մակարդակով այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել: Սակայն կարևորը ոչ թե դա է, այլ այդ լուրերի` շրջանաառության մեջ դրվելը:
Հիշեցնենք, որ ընդամենը երեք օր առաջ բրիտանական «Observer» պարբերականի թղթակից Մարտին Չուլովը տեղեկություններ էր հրապարակել, թե մայիսին ԻՊ-ի` նավթի ապօրինի առևտրի պատասխանատու Էբու Սայաֆի նկատմամբ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների իրականացրած հատուկ գործողության ժամանակ ձեռք են բերվել գաղտնի փաստաթղթեր, ըստ որոնց` Թուրքիան «Իսլամական պետության»-ը հսկայական աջակցություն է ցուցաբերել նավթի ապօրինի արտահանման գործում: Ուշագրավն այն է, որ այս տեղեկատվությունը ևս մնաց պաշտոնապես չմեկնաբանված: Եթե դրանք հերյուրանք լինեին, Անկարայի արձագանքն այս աստիճան իներտ չէր լինի` հաշվի առնելով, թե դրանք ինչպիսի հարված են հասցնում Թուրքիայի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներքին և արտաքին հեղինակությանը:
Ակնհայտ է, որ թուրքական ներկայիս իշխանություններին ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրելուն միտված տեղեկատվական հոսքերը կոմպրոմատային նշանակություն ունեն: Նման լուրերի միջոցով Թուրքիային առայժմ կարծես զգուշացնում են այդ մեղադրանքներն անհրաժեշտության դեպքում փաստարկված հանրայնացնելու և դրանց հիման վրա գործընթացներ նախաձեռնելու մասին: ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից (հաշվի առնելով, որ տեղեկությունները հենց այս դաշտից են երևան հանվում) Անկարայի հետ նման կերպ հաղորդակցվելու անհրաժեշտությունը կարող է բացատրվել երկու հիմնական գործոնով:
Առաջինն ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիային միանալու անվան ներքո Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ մարտնչող քրդական զինված ուժերին նպատակային հարվածներ հասցնելու` Անկարայի որդեգրած մարտավարությունն է, որն Արևմուտքում գնահատվել է որպես քրդերին չթիրախավորելու հարցում ձեռք բերված պայմանավորվածության խախտում Թուրքիայի կողմից: Նման կոմպրոմատների խաղարկմամբ` Վաշինգտոնը ոչ միայն փորձում է պատժել Անկարային, այլև զգուշացնել այդ մարտավարությունը շարունակելու հնարավոր ծանր հետևանքների մասին:
Երկրորդ գործոնը կարող է պայմանավորված լինել Թուրքիայի ներքին քաղաքական ճգնաժամով: Չնայած խորհրդարանական ընտրություններից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն «Արդարություն և զարգացում» կուսակցությանը չի հաջողվում մյուս պառլամենտական ուժերից որևէ մեկի հետ կոալիցիա կազմել և կառավարություն ձևավորել: Նախագահ Էրդողանը և վարչապետ Դավութօղլուն հայտարարել են, որ ստեղծված իրավիճակում չի բացառվում նոր պառլամենտական ընտրությունների անցկացում: Սակայն այս տարբերակը իշխող կոսւակցության համար ձեռնտու կարող է լինել միայն այն դեպքում, երբ միանշանակ երաշխիքներ ունենա, որ դրանց արդյունքում բացարձակ մեծամասնություն է կազմելու, մնացած բոլոր դեպքերում այդ ընտրությունները նախանշելու են Էրդողանի, «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման դարաշրջանի ավարտ: Գործնականում միակ հնարավորությունը, երբ այդ երաշխիքը վերջինս կարող է ունենալ, այնպիսի իրավիճակի ստեղծումն է, երբ թուրքական հասարակությունը, արտաքին մարտահրավերներով թելադրված, ինքնաբերաբար կոնսոլիդանում է սեփական իշխանության շուրջը: Թերևս հենց սրանով է բացատրվում, թե ինչու թուրքական իշխանությունն այսպիսի տեմպերով սկսեց 2012-ից ի վեր իր համար որևէ խնդիր չստեղծած քրդերին արհեստականորեն վերածել Թուրքիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության թիվ մեկ սպառնալիքի:
Հասկանալով, որ Էրդողանը փորձում է բացարձակ իշխանությունը վերադարձնելու ճանապարհին հենց քրդական գործոնի խաղարկումը դարձնել ցատկահարթակ, նման կոմպրոմատների կիրառմամբ, ըստ էության, փորձ է արվում զսպել այդ հավակնությունները: Եվ այս իմաստով ԻՊ-ի հետ հանցավոր կապերի մասին լուրերի հետևողական շրջանառումը իսկական գլխացավանքի է վերածվում թուրքական իշխանությունների համար, որովհետև դրանց հաստատմանն ուղղված հետագա ցանկացած պրոցես ինքնաբերաբար հանգեցնելու է թուրքական իշխանություններին միջազգային ահաբեկչությանը հովանավորելու մեջ մեղադրելուն` դրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում` նաև հասարակության ներսում Էրդողանի վարչակարգի և իշխող կուսակցության կատարյալ հեղինակազրկմանը:
Պետք է ենթադրել, որ Թուրքիայում ստեղծված ներքին ստատուս քվոն ամեն գնով պահպանելու, գուցե նաև ներքաղաքական ճգնաժամը խորացնելու խնդիր է լուծվում: Դրա հետևանքը կարող է լինել ոչ միայն Թուրքիային պերմանենտ ներքին անկայուն վիճակների դաշտ շպրտելը, այլև Թուրքիայի ներքաշումը ներքին և արտաքին արյունալի ու անկանխատեսելի հետևանքներով հղի բախումների մեջ, գուցե նաև, տարածաշրջանում Իրանի հեգեմոնիայի հաստատման ֆոնին, Թուրքիայի պառակտումը... Թե ի՞նչ է սա նշանակում նաև Հայաստանի համար, թերևս մեկնաբանության կարիք չունի:
Գևորգ Դարբինյան