Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի քարոզչության աշխատանքներն այլ են, ծրագիրն, այլ է. Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի եւ Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչ Սոս Գիմիշյանի հետ բանավեճի ժամանակ այսօր ասաց Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի ծրագիրն այնպիսին է, որում որեւէ բացասական կամ ընդդեմ գաղափար չկա, այն «հանուն»-ի ծրագիր է, որը բնորոշ է համաշխարհային լիդերին: Հովհաննես Սահակյանի մեկնաբանմամբ` այդ ծրագրում տրված է, թե որ ոլորտի հետ ինչ պատկերացումներ ու ինչ գաղափարներ կան: Իսկ ծրագրում թվերի լեզու չկա, քանի որ կառավարությունը բյուջեն նոր է ընդունել, եւ ծրագիրը կազմված է իշխանության` բյուջեում ներկայացված դրույթներին համապատասխան:
Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն էլ, մեկնաբանելով իրենց թեկնածուի ծրագիրը, նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրություններին մասնակցելու է իսկապես այլընտրանքային ծրագրով, եւ որ այդ ծրագրում կոնկրետ թվերով են ներկայացված այն արդյունքները, որոնց նպատակադրվում է հասնել: Արմեն Մարտիրոսյանը անդրադարձ կատարեց նաեւ գործող նախագահի խոստումներին` հատկապես կարեւորելով նախորդ ընտրությունների նրա ծրագրի չիրականացումը, եւ նշեց, որ բոլորն են տեսել, թե որքան էլ դրական ելույթներ է ունեցել նախագահը, միեւնույն է, դրանք կյանքի չեն կոչվել: Որովհետեւ Սերժ Սարգսյանը «երախտագետ» նախագահ է, ու նրա շրջապատում այնպիսի մարդիկ են, ում երախտագիտություն հայտնելիս մեր երկրի տնտեսական վիճակը երբեք չի կարգավորվի:
Արմեն Մարտիրոսյանը նաեւ անդրադարձավ, արդեն իսկ սկսված, վարչական ռեսուրսների կիրառմանը` տեղեկացնելով, որ Երեւանի քաղաքապետն ու կրթության վարչության պետը դպրոցների տնօրեններին հավաքել եւ նախագահական ընտրությունների մասին են արդեն խոսում, ինչը վարչական ռեսուրսի ուղղակի կիրառում է: «Ժառանգության» փոխնախագահը նաեւ կարեւորեց նախագահի թեկնածուի կենսագրությունը, անցած ուղին ու մարդկային որակները, որոնք միայն երաշխիք կարող են լինել նրա ներկայացրած ծրագրի իրականացման համար:
Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչ Սոս Գիմիշյանը շեշտեց, թե` լավ, վատ` յուրաքանչյուր մարդ էլ կարող է ծրագիր ներկայացնել, սակայն ավելի կարեւոր է սեփական ծրագրի կրողը լինել: Նա նշեց, որ Հրանտ Բագրատյանը, մասնագետների ու հասարակության կարծիքով, իր ծրագրի կրողն է եւ մանրամասն գիտի, թե ինչ խնդիրներ կան, եւ ինչպես պետք է դրանք լուծել: Նշելով, որ Բագրատյանի ծրագիրը շատ առարկայական է` Գիմիշյանն ասաց, թե ծրագիրն ամբողջությամբ ներառում է հետեւյալ մոտեցումը, որ տնտեսության զարգացումը ինքնանպատակ չի կարող լինել` ինքնանպատակ միայն տնտեսական աճի ցուցանիշ չի կարող լինել: Այլ աճը կարող է բերել հասարակության բարեկեցությանն ու տնտեսության հզորացմանը: Իսկ եթե տնտեսական աճը չի բերում դրան, ապա պետությունը թուլանալու է, եւ հասարակության բեւեռացվածությունը մեծանալու է: