կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-22 19:10
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սփյուռքը պառակտելու փորձերը վտանգավոր հետևանքներ են ունենալու Հայաստանի համար. Իշխան Սաղաթելյան

Ով վարչապետին Սփյուռքի վերաբերյալ վիճակագրությունը տվել է, նա հարցին չի տիրապետում. ըստ yerkir.am-ի`168. am-ի ուղիղ եթերում մեկնաբանելով ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան լայվի ժամանակ հնչած կարծիքը, թե Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է վերանայել, քանի որ, ի տարբերություն  նախկին 90 տոկոսի, այժմ Սփյուռքի միայն 10 տոկոսն է կապված այնտեղ գործող կազմակերպությունների հետ, ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Բայց ես վստահ եմ, որ մեր դիվանագետները` դեսպանները, հյուպատոսները, ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին և կարող են Սփյուռքի գաղթօջախների իրական պատկերը ներկայացնել կառավարությանը»,- նշեց նա:

Ըստ Սաղաթելյանի` Փաշինյանը փորձում է կրկնել ՀՀ առաջին նախագահի` Սփյուռքի հետ ուղիղ աշխատելու քաղաքականությունը: «ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ Հայաստանի և Արցախի զարգացման ամենամեծ առավելությունը և գրավականը Սփյուռքի պոտենցիալը Հայաստանի և հայ ժողովրդի համար լիարժեք ծառայեցնելն է, բայց այս մեթոդներով, այս ճանապարհներով չեն կարող: Կան տարիների արդյունքում ձևավորված համահայկական կառույցներ, և` ոչ մեկ հատ, միայն Դաշնակցությունը չէ: Դաշնակցությունն, իհարկե, դրանց մեջ գլխավորներից է, ամենակազմակերպվածներից է, բայց լուրջ անցյալ ունեցող կազմակերպություններ կան, որոնք ունեն դպրոցներ, հսկայական կարողություններ, որոնք ծառայեցվում են հայ համայնքին: Չես կարող Սփյուռքում անտեսել նաև եկեղեցու հսկայական դերակատարությունը: Եվ սա Սփյուռքը քանդելու ևս մեկ փորձ է»,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը:

Ըստ նրա` այո, իշխանափոխությունից հետո եղել են հեղափոխությունը Սփյուռք տեղափոխելու կոչեր: Ինչ վերաբերում է  Դաշնակցությանը,  այն պառակտելու փորձեր եղել են միշտ` սկսած կայսրություններից, վերջացրած ՀՀ առաջին իշխանություններով: «Բայց նրանք, ովքեր այդ փորձերն անում են, նշանակում է` չեն հասկանում, թե ինչ է ՀՅԴ-ն: Դաշնակցությունը հիմա, ավելի քան երբևէ, կուռ է, կազմակերպված, միակամ, ունի իր սեփական քաղաքական օրակարգը, և որևէ մեկը չի կարող այդ օրակարգի վրա ազդեցություն ունենալ` լինի իշխանություն, ընդդիմություն, արտաքին ուժ և այլն»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով Սփյուռքի հանձնակատարի ինստիտուտին` նա նշեց, որ իշխանությունների վերաբերմունքը Սփյուռքի նկատմամբ սկսվեց նախարարության լուծարումով և այդ ինստիտուտի ձևավորմամբ: «Կար նախարարություն, որ զրոյից էր ստեղծել, կային հաջողություններ, անշուշտ` նաև բազմաթիվ բացթողումներ և թերություններ: Պետք է ճիշտ գնահատեին իրավիճակը, հասկանային` որտեղ են խնդիրները, և դրանց լուծում տային, այլ ոչ թե նախարարությունը լուծարեին: Մենք ժամանակին դատապարտել ենք Սփյուռքի նախարարության լուծարումը: Ստեղծեցին հանձնակատարի ինստիտուտ, որը մինչ օրս ցանկալի արդյունք չի տվել և չի տալու, որովհետև նախ` այն չունի համապատասխան լիազորություններ, հնարավորություններ, երկրորդ` չկա իշխանությունների կամքը: Նրանց նպատակը ոչ թե Սփյուռքը կազմակերպելն է, այլ քանդելը: Եթե կարող են լավ բան ստեղծել, մենք միայն ուրախ կլինենք և կօժանդակենք, բայց եթե, իրենց քաղաքական, անձնական շահերից ելնելով, փորձեն նաև Սփյուռքը պառակտել, սա վտանգավոր հետևանքներ է ունենալու Հայաստանի համար»,- ընդգծեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը` հավելելով, որ այս օրերին ամենաբարձր մակարդակով պետք է շնորհակալություն հայտնել Սփյուռքի կազմակերպություններին` կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց դերակատարության համար:

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ այսօր Հայաստանում կան բազմաթիվ հայրենադարձներ, որոնք ունեն լուրջ դժվարություններ, կոնկրետ խնդիրներ, և դրանք լուծելու, Հայաստանի կյանքում այդ մարդկանց ամբողջությամբ ներգրավելու փոխարեն, իշխանությունները զբաղվում են Սփյուռքի կազմակերպությունների գնահատմամբ և արժևորմամբ: «Վստահաբար կարող եմ ասել, որ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ կոնկրետ քայլ չի իրականացվել այս ուղղությամբ: Եվ ՀՅԴ հայրենադարձների հանձնախումբն է, որ լուրջ աշխատանք է իրականացնում այդ մարդկանց հետ` փորձելով օգտակար լինել, թեև մեր միջոցներով ամբողջ ծավալով օգնել չենք կարող»,- նշեց Իշխան Սաղաթելյանը: 

Մանրամասն` տեսանյութում