Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց մի որոշում, որը բխում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականից՝ տնտեսվարողների մոտ նվազագույնի հասցնել տեսչական ստուգումները:
Դավիթ Հարությունյանը մանրամասն ներկայացրեց նախագիծը` թե որքանով են կրճատվում տեսչական ստուգումները, որ դեպքերում կարող են ստուգումներ իրականացվել, որ ստուգումներ իրականացնելուց առաջ տեսչական մարմինները պետք է վարչապետին ներկայացնեն հիմնավորումներ, թե ինչու են ցանկանում ստուգումներ իրականացնել, և ստանան վարչապետի համաձայնությունը:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այդ որոշման նախագիծը շատ կարևոր է, քանի որ դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի բարելավման վրա: «Հանձնարարում եմ բոլոր նախարարներին` խստագույնս հետևել այս որոշմամբ սահմանված կարգավորումներին: Մյուս կողմից` հորդորում եմ տնտեսվարող սուբյեկտներին որոշման պայմանները տեսչական մարմինների կողմից չպահպանելու դեպքում գրավոր ձևով դիմել համապատասխան մարմիններին կամ դիմել կառավարության աշխատակազմ: Երաշխավորում եմ սահմանված կարգով ընթացք կտրվի վարչապետի վերահսկողության ծառայության կողմից»,- ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է հարկային ստուգումներին, վարչապետը նշեց, որ թեև կարևոր է պետական բյուջեի եկամուտների ապահովման խնդիրը, սակայն ֆինանսների նախարարության կողմից իրականացվող ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ստվերային շրջանառության առկայության դեպքում, ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա:
«Հանձնարարում եմ ֆինանսների նախարարին` վերանայել ռիսկայնության չափանիշները` նպատակ հետապնդելով նվազեցնել ստուգումների քանակը: Միաժամանակ հորդորում եմ հարկ վճարողներին՝ չխուսափել հարկերը ժամանակին վճարելուց, բարձրացնել ֆինանսական կարգապահությունը»,- ասաց վարչապետը: