Վանի ժամանակավոր կառավարությունը Լևոնին ընտրել ին Ոստանի գավառապետ: Նա ինձ տվեց մի վաշտ` ռուս կազակների հետ: Ես ժամանակ ունեցա տունս, մորս, կնոջս, եղբայրներիս, բոլորին տեսնելու, որոնց չէի տեսել մեր գյուղից դուրս գալուց հետո: Շատ ուրախ եղա, որ մերոնք բոլորը լավ են, ազատված կոտորածից, ամեն վտանգից: Բայց իմ ուրախություն քիչ եղավ: Սիրտս էլի մեր գյուղի բամբասանքներից վիրավորված էր, և չէի ուզում շատ մարդկանց` ինձ զրպարտողներին տեսնել: Դրա համար էլ հոժար կամքովս ընդունեցի Լևոնի առաջարկը. մտա սիբիրական կազակների վաշտ, չի նայած որ նրանց լեզուն չէի հասկանում: Նրանք առանց իմ ցուցմունքի առաջ կամ հետ չին շարժվում: Ինձ ճանաչին որպես շատ հավատարիմ մարդ:
Մեր վաշտին տվին դեպի աջ կողմի թուրքական սրի հեծյալ բանակ: Կռիվը սկսեց սրերով: Սուր բանացնել չէի իմանում, բայց երբ որ տեսա մի քանի թուրք իմ հարյուրապետին նեղում են, էլ չի համբերեցի, ատրճանակով խփի երկուսին, մնացածներ թողին, փախան: Մեր կռիվը շատ երկար չի տևեց: Շուտով հրաման եկավ, թե նահանջեք: Մենք հետ եկանք Դատվան` ծովափ: Ես տեսա, որ մի շարան հայեր կապված են իրար ու սպանված են: Նրանք բոլոր գամոչիքն ին, որ թուրքերին Վանից տեղափոխել ին Դատվան, բոլորին կապած տեղ սպանել են ծովի ափին: Ես խնդրեցի կազակներին, որ ինձ օգնեն, և հայերին թաղենք…
1915 թվի ապրիլի մեկին-երկուսին սկսեց ազատության պայքար: Ամսի մեկին ամենից առաջ Շատախի կողմից սկսվեց. առաջինը ոստիկանությանը զինաթափ արին, հետո սկսին կռիվ: Ապրիլի երկուսին մեզ լուր տվին, որ շուտ հասնենք Շատախին օգնության, կռիվ սկսված է արդեն: Նույն երեկոյան դուրս եկանք Փարգախներ գյուղից դեպի Փեսանդաշտ` Շիտան գյուղ: Վանում կռիվը սկսվեց ապրիլի երեքին: Կռիվը տարածվեց Շատախ, Կարկառ, Կարճկան, Գավաշ, Հայոց Ձոր, Թիմար, Ալջավազ: Դարձավ ժողովրդական կռիվ, մեկ միություն մնաց` ժողովրդական միություն: Պետք է ասել, որ վանեցիները դարձան բոլոր գավառների ազատության դրոշը: Շատ տեղերից, գյուղերից գաղթեցին դեպի քաղաք, իրենց ուժերը միացրին քաղաքի ուժերին, իսկ Շատախը մնաց անխախտ, իր տեղից չի շարժվեց մինչև ռուսաց գալու օրը: Ներքին Հայոց Ձորը չորս օր կռվելուց հետո նահանջեց: Մի մասն եկավ դեպի Վարագի, Վանի կողմ, մի մասն էլ Փեսանդաշտ` Արտոսի սարով: Լավ կռվեցին Քերծ և Բլթենց գյուղերը, բայց թշնամու շատ ուժերին չդիմացան: Փեսանդաշտի Կաղազիզ գյուղ հասանք կեսօրից հետո, բայց տեսանք, որ ժողովրդին տեղ-դադար չկա:
Ցուրտ ապրիլ ամսին Արտոս սարի գլուխ: Փեսանդաշտը ընդամենը չորս հայ գյուղ են: Այդքան բազմություն տեղ չի անի չորս գյուղի մեջ, այն էլ պիտի ասեմ, որ Կանիմերան գյուղում կեսը քուրդ են ապրում, կեսը` հայ: Փեսանդաշտի կռիվը տևեց մոտ քառասուն օր: Մենք սկսեցինք կռվել, որպեսզի կարողանանք գոնե այդտեղի ժողովրդին պաշտպանենք մի կերպ, հաց սակավ էր այն գյուղեր: Բայց որ ես գնացի Շիտան գյուղ, ռես Հակոբն ինձ ասաց. «Իմ հույս ձեր` ոզմեցոց վրա է մնակ: Դուք մեզ պաշտպանեք կոտորածից, մենք մեր ունեցած հաց, անասուն, տուն-տեղ հանձներ ենք ձեզ, մնակ ժողովուրդ փրկեցե՛ք, մինչև կհասնի շեկ ռուս»: Եվ մարդիկ ոչ մի բան չխնային կռվող մարդկանց համար, մնակ պակաս աղն էր, որ չկար մոտիկ տեղեր: Դարենց քրդի գյուղ մոտիկ էր, բայց տեղի հայեր խնդրվեցին, որ ձեռք չտան նրանց, որովհետև մոտիկ, ծանոթ և սերով ժողովուրդ են եղած հին ժամանակից: Նրանք վնասակար մարդ չեն, մեկ ուրիշ տեղ չեն գնացել, մի քանի տուն քասիբ ժողովուրդ քուրդ են, թող մնան իրենց տների մեջ:
Մեր կռիվ Բարատոտիկ սարի գլուխ շատ հաջող անցավ: Չնայած մեր մոտ փամփուշտ քիչ կար, յուրաքանչյուր մարդուն հազիվ հարյուր կամ հիսուն հատ հազիվ լիներ, բայց մեր դիրք շատ հաջողակ էր:
Եկանք Բիթլիս: Բիթլիսից դարձանք Մուշ, բոլոր գյուղեր շատ ժողովուրդ կար: Կզլաղաջի կռվից հետո վերջապես հասանք Ս. Կարապետի վանք: Շատ չմնացի Ս. Կարապետի վանք, Սոկոլովի հետ եկա Մուշ: Մի ամիս մնացինք Մուշի դաշտի իմ ծանոթ գյուղեր, բոլոր ման եկա: Մարդու սիրտ չէր դիմանում, որ մտիկ ես տալիս Ցրոնքի նման շեն, մեծ գյուղին: Ո՛չ մարդ կա, ո՛չ անասուն, դարձել է ավերակ: Գնացի Սրկեխոնց տուն, Ջվե Սաֆարի տուն, որտեղ շատ ինք թաղիք շինել, ծախել: Այնտեղից եկա Մուշ, գնացինք Առաքելոց վանք և այն վերջին անգամ տեսանք: Շատ տեղեր գնացի…
Եկա Բագարան, այնտեղից Արաքս գետի ափով եկա Գեջալու գյուղ, վերջին անգամ մորաքրոջս տեսա ու անցա ուղիղ դեպի մեր տուն` Նոր Բայազետ: Մեր տուն տեսա Ղշլաղ գյուղում, բայց ոչինչ չկար տան մեջ: Մնակ մեծ եղբորս կինն էր մահացել, իսկ մյուս ընտանիք ողջ են: Իմ գործ գզրարություն է, ես ի՞նչ գործ ունեմ ձիու կամ զենքի հետ: Տունս փոխադրի Բայազետ, սկսինք մեր պապական արհեստը մինչև տասնութ թիվ: Առաջին անգամ մի գունդ զինվորներ եկան, Բայազետից անցան, որ կոչվում էր «Շուշինսկի պոլկ»: Նրանից հետո եկավ «Գենջինսկի պոլկ»: Զինվոր չի մնաց Թուրքիայի դեմ, մի քանի օրից հետո եկավ Անդրանիկի գունդ:
Այն ժամանակ նոր ժողովուրդ սկսեց կասկածել, և ամեն մարդ իր պատրաստություն տեսավ փախչելու: Մեր գաղթականներ ինձ ղրկեցին Անդրանիկի մոտ, ասին.
–Դուն ծանոթ ես նրան, գնա՛, տես ինչ խորհուրդ կտա, մենք գնա՞նք, թե՞ ոչ:
Անդրանիկ նստած էր Աբրիկյան Օհանի տուն: Նա ինձ ճանաչեց:
–Ի՞նչ կա, ոզմեցի՛ տղա:
Ես պատմի մեր գնալու կամ մնալու մասին:
Ասաց.
–Ձեզ ոչինչ չկա, դուք հանգի՛ստ կացեք, թուրք այստեղ չի գալու: Թուրքի Էնվեր փաշեն ուզում էր ինձ պռներ, բայց նրան չի հաջողվում գալ, աղվեսին չի կարող մոտենա: Ես իմ ճանապարհ թեքեցի, իսկ նա կանչեց դեպի Բաքու: Նրա ցավ ես իմանում եմ: Նրա ցավ Անդրանիկն է:
Պատմեց Թուրքիայի դրության մասին: Ասաց.
–Էնվեր փախած է Պոլիսից, էլ հետ չի դառնալու Պոլիս: Հավիտյան մեկնում է Բաքու, իր համար նոր ապաստան գտնի: Բայց այնտեղ էլ նրան տեղ չկա: Նա ոչ մի տեղ չի կարող մնալ, շուտով նրա կյանքին վերջ կտան: Էնվեր Կովկասում կամ ռուսական հողի մեջ տեղ չունի, իսկ դուք չեք իմանում, որ անգլիացիք Դարդանել գրավել են: Սուլթան Ռաշիտ իրեն թունավորեր է, Թալեաթ փաշան նույնպես փախած է Պոլիսից, ինչպես նաև Ջամալ փաշեն, Նազիմ փաշեն: Բոլոր հայ դահիճներ չկան Պոլիսի մեջ: Շուտով թուրքի իշխանություն կփակվի, քրդեր նույնպես գլուխ չեն խոնարհի Թուրքիայի առաջ, եթե դրություն չի փոխվի: Միայն, որ հայեր խելոք լինեն, կկապվեն Ռուսաստանի հետ, ձեռք կքաշեն խաբեբա, գոռոզ Անգլիայից…
Արմենակ Ամրիկյանը բնակություն է հաստատել Երևանում և աշխատել է որպես քարհատ: Ուներ 1 որդի և 2 դուստր:Վախճանվել է 1975 թ. Երևանում և ամփոփվել Թոխմախի գերեզմանոցում:
Հուշագրական ժառանգություն, գիրք ԺԴ, ՀՃՈՒ հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ, Երևան, 2011, 384 էջ, էջ 278-362