կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-02 15:09
Հասարակություն

Փրկության վերջին հույսը կրոնափոխ լինելն էր, բայց դա էլ չփրկեց

Փրկության վերջին հույսը կրոնափոխ լինելն էր, բայց դա էլ չփրկեց

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

Արշակ Տերտերյանի վկայությունը

1916 թ.,Կարին

 

 

Արշակ Տերտերյանն իր պատմությունը սկսում է նրանից, որ շատ քչերն են կարողացել փախչել և դրանց թվում եղել է նաև իրենց ընտանիքը: Շատերին թալանել են, սպանել, առևանգել գեղեցիկ կանանց ու աղջիկներին: Նա կնոջ ու երեխաների հետ բազմաթիվ թուրքական գյուղերով թափառելուց  հետո ապաստանել է մի թուրքական գյուղում ու կրոնափոխ եղել` համարելով փրկության վերջին հույս: Բայց  հրաման են տվել սպանել նաև իսլամացած հայերին, որովհետև հայերը, միևնույն է, կարող են ժառանգել երկիրը:

 

 

Երբ ռուսերը գրաւեցին Հասան-Ղալան, այն ժամանակուանից ժանտարմները տեղական թուրքերի հետ միացան, սկսեցին նեղել, թալանել և սպաննել, առևանգելով գեղեցիկ կանանց ու աղջիկներին: Սրանից յետոյ մնացածներին գետի մէջ խեղդեցին, փախչողներ, որոնց թւում էի ես` իմ ընտանիքով, շատ քիչ եղան: Նրանք էլ զանազան վայրերում գնդակահարուեցին ու այսպիսով այս ժողովուրդից համարեա թէ ո՛չ մի հատ գոյութիւն չունի որպէս հայ: Ես, կինս և երկու երեխաներս ապաստանեցինք Ենիքէոյ թրքական գիւղում: Մնացինք այնտեղ մէկ ամիս: Այս գիւղից տեղափոխուեցի Ատնջըղ դարձեալ թուրքի գիւղը`  ինձ ծանօթ Մոլլա անունով մի թուրքի պաշտպանութեանը ապաւինած: Մնացի չորս ամիս ու պարապում էի իմ արհեստով: Մոլլան ինձ խորհուրդ տուեց տաճկութիւնը ընդունիլ և անունս դրեց Աշրաֆ: Կրօնափոխութիւնը վերջին ծայր [այեղ] միջոցն էր ազատուելու համար նրանց գազանութիւնից: Ընտանիքով ընդունեցի նոր կրօնը: Մտերմանալով նոր դաւանակիցներիս, նրանցից տեղեկութիւններ էի հաւաքում հայերի մասին, նրանք ծրագրել էին, որ սրանից յետոյ հայ անունը այլևս աշխարհում, գոնէ Տաճկաստանում, չպիտի գոյութիւն ունենայ:

 

 

Շուտով դժբաղդաբար հրաման դուրս եկաւ, չխնայել և իսլամացած հայերին, որովհետև նրանք դարձեալ հայ կը մնան ու կը ժառանգեն այս երկիրը, երբ ռուսերը խլեն մեզանից նրանց ցեղակիցների օգնութեամբ: Իմ խնամակալ Մոլլան ինձ տեղափոխեց իրենց եայլան ու այնտեղ մնացի մէկ ամիս: Քիւրտ կամաւորները մի գիշեր շրջապատեցին իմ բնակարանը և կամենում էին կոտորել մեզ, բարեբաղդաբար վրայ հասաւ դարձեալ մի բարերար թուրք, ազատելով մեզ ուղարկեց դարձեալ Ատնջըղ գիւղը: Ատնջըղում դարձեալ հետևում էին կոտորելու մեզ ու մեր նախկին բարեկամ Մոլլան այս անգամ էլ օգնութեան հասաւ ու պահեց բարդոցների մէջ, բայց շուտով Աշխալայի ոստիկանները եկան և ձերբակալեցին մեզ ու տարին Աշխալա` մեր նախկին գիւղը: Ազատարար Մոլլան առաջուց գնաց ոստիկանատուն և հաստատեց, որ ես դեռ պատերազմից էլ առաջ իսլամացած եմ եղել և այդ կրօնը ընդունել եմ կամովին, ոչ թէ բռնութեամբ կամ երկիւղից: Նա վկայագրեր էր դուրս բերել-հաւաքել շրջակայ տաճկական գիւղերից և գիւղական դատարաններից այդ առթիւ:

Ես այս անգամ էլ ազատուած, մնացի Աշխալայում, որտեղ ո՛չ մի հայ չէր մնացել: Մոլլան ինձ համար արհեստանոց-խանութ բաց արեց: Թուրքերը ինձ ցոյց տուին ջարդի տեղերը: Ես տեսայ սպանուած, անթաղ մարտիրոսների ոսկորները ու սգացիՏեղական զինուորական գլխաւորը ինձ վկայագիր տուեց և ուղարկեց էրզրում, որ արհեստիս համար ապրանք գնեմ: Հասնելով Իլիջա հայ գիւղը որպէս թուրք, ականատես եղայ 200 մահմետականութիւնը ընդունող հայերի թլպատութեան ծիսակատարութեանը, բայց վերջը լսեցի, որ նրանց կոտորել են վերջին հրամանի հիման վրայ: Ես մտայ էրզրում այն ժամանակ, երբ ռուսական զօրքերը գրաւել էին Դաւա-Բոյնը: Կարգադրուեց քաղաքի դռները և  բոլոր անցքերը փակել: Եօթը ոսկիով կաշառեցի ժանտարմին ու գիշերով ելայ քաղաքից: Հասայ տուն, բայց լսեցի, թէ հայերին պիտի քշեն Տաճկաստանի խորքերը, որպէս գերի, ու վստահութիւն չունենալով նոր կրօնիս վրայ, փախայ Սարիբաբա Ահմատ աղայի մօտ: Նա մարդ ուղարկեց և իմ գերդաստանը խլելով գերեվարողների ձեռքից, բերել տուաւ ինձ մօտ: Ռուսները գրաւեցին Աշխալան և [երբ] 4 վերստ էր մնացել, որ հասնէին մեզ, նրանք կանգ առան: Մի թուրքի միջոցաւ ես ու Խոսրով անունով մի տղայ անցանք և յանձնուեցինք ռուսներին: Նրանց գլխաւորից թուղթ ստացանք ու գնացինք ազատեցինք իմ գերդաստանին ու թրքացած միւս հայերին, որոնց ազատ էր պահել Ահմատ աղէն:

 

 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 482, թթ. 5 և շրջ., բնագիր, ձեռագիր:

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 3, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 85 – 86: