Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արմենակ Մանուկի Ամրիկյանը ծնվել է 1887 թ. Վանի նահանգի Մոկս գավառի Ոզմ գյուղում: Նա վերապրել է և Սուլթան Համիդի հրամանով կազմակերպված հայերի ջարդերը, և 1915-ի Հայոց ցեղասպանությունը: Նա ներկայացրել է դեպքերի հաջորդականությունը, ինչպես նաև՝ մանրամասներ Վանի ինքնապաշտպանական մարտերից:
Արմենակ Մանուկի Ամրիկյանը ծնվել է 1887 թ. Վանի նահանգի Մոկս գավառի Ոզմ գյուղում: Ունեցել է երեք քույր և երկու եղբայր (Պետրոս և Սարգիս):
Մասնակցել է բազմաթիվ մարտերի և Փեսանդաշտի ինքնապաշտպանությանը:
Բարվար կոչված գավառի մեջ է մտնում մեր Ոզմ գյուղ: Այդ գավառ եղել է նախկին Աղձնեաց գավառ, որ սահմանակից է Մոկաց գավառին:
Մեր գյուղի ապրուստի մեծ ճյուղերից մեկն էր գզրարություն (գեզ անել, թաղիք գցել կամ բամբակ գզել), որ մենք կատան ենք ասում: Սա մեր ապրուստի աղբյուրն էր աշունից մինչև գարուն: Մեր ձեռք ուրիշ տեղից փող չէր գա:
Մեր Ոզմ գյուղ քուրդ չկար, մինչև անգամ հովիվ չեն վարձի քրդերից: Սովորություն չկար մեր մեջ քրդին տուն տալ մեր գյուղի մեջ: Մեր գյուղի շատ կին կամ երեխաներ քրդերեն խոսել չին իմանա, տղերք մինչև չգնային կատան, գզրարություն, քրդերեն չեն իմանա խոսել:
Աշուն վերջանում էր: 1895 թվականի նոյեմբերի 20-ին լուր տարածվեց մեր Ոզմ գյուղում, թե Շեխմոս Բաղեշի վալի հրամանով գալիս է հայկական գավառներ կոտորելու կամ իսլամացելու, որովհետև հայեր չեն ենթարկվում Սուլթան Համիդի կարգերին: Այդ լուր կեծակի արագությամբ տարածվեց ոչ թե մնակ Ոզմ գյուղ, այլ նաև Խիզան, Սպարկերտ, Կարկառ գավառ և Բարվար գավառ: Մարդիկ զարմանում ին, թե ինչո՞ւ է Սուլթան Համիդ այդպես հրաման արձակել: Մեր ոզմեցիք դրսից տեղեկութուն չունին, միանգամայն կտրված ին դրսի աշխարհից: Այդ սարսափելի լուրը ստանալու պես ընդհանուր գյուղի ժողովուրդ հավաքվեց Շականց սալ կոչված գյուղամեջ: Մարդ, կին, երեխա որոշեց մարդ ուղարկեն Մոկս` իմանալու: 1895 թվականի նոյեմբերի 22-ին Մոկաց տեղեկություն տվին, որ սուլթանի ջարդարար զորքն անցել է Կարճկան, Կարկառ և Գավաշի կողմեր, այն հայը, որ չի ուզում տաճկանա, կոտորում են, ովքեր որ կրոն փոխում են, նրանց չեն վնասում, ազատ են ամեն փորձանքից:
Ես այն ժամանակ անջաղ 10 կամ 11 տարեկան լինեի: Նոյեմբեր 23-ին մեզ գյուղից դուրս հանին: Առավոտ շուտ մի նոր սարսափ տիրեց ժողովրդի մեջ, լաց, կոծ սկսեց կանանց ու երեխաների մեջ, ո՞վ կուզի իր տնից-տեղից հեռանա աշնան վերջին, ցուրտ օրերին: Ի՞նչ արած, դրություն շատ լուրջ է, պետք է ենթարկվել բռնակալներին, որիշ միջոց չկար: Ուստի պատրաստվեցին ճանապարհ ընկնելու, յուրաքանչյուր մարդ և կին իրենց շալակ շալակեց և ճամբա ընկավ դեպի Բետար գյուղ, որ շատ հեռու չէր մեր գյուղից, ընդամենը երկու ժամվա ճանապարհ կլիներ, բայց ճանապարհ շատ դիք էր, և շալակներ` ծանր: Մեր տարած ի՞նչ էր, միայն ուտելեղեն, քնելաշոր: Մեր գյուղ կամ շրջանի բոլոր գյուղերի տեղաշորեր թաղիք էր: Մեզ հետ վերցրել ինք ջրի և ճաշի ամաններ, մնացած ապրանք պահած էր: Կեսօրին իջանք Բետար գյուղի դիմաց` Գրեսոր կոչված բերդի հարավային, Մոկաց գետի արևկող ձախ ափին: Գրեսոր բերդ կոչվում է Կարմիր դար: Դա մի հին բերդ էր քանդված: Մնակ նրա հիմքերից հայտնի էր, որ այդ Կարմիր բերդ եղել է հին հայկական բերդ: Աղայից հրաման բերին, որ թող հայեր մնան բերդի մոտ, մինչև կարգադրենք կամ որոշենք նրանց վիճակի մասին: Ժողովուրդ արևի տակ` բացօթյա, քարերի մեջ տեղավորեց իրերը և հանգիստ առավ: Ես շատ էի բեզարած բեռս ծանր լինելու պատճառով: Չորս օր մեզ թողին չոլի մեջ, մեր բախտից անձրև չեկավ, խմելու ջուր հեռու էր մեզնից, մեր անասուն չոլերի մեջ ցրված էր անտեր, սիրտ չունինք նրանց հավաքելու: Չորս օր հետո հրաման եկավ Մահմատ աղայից, թե հայերին տարեք գյուղ, արդեն տեղ պատրաստ է, հայերին պետք է տաճկացնեն, որ կարողանանք ազատել կոտորածից: Հրաման սուլթանից էր: Մեզ մեր տեղից հանին և Բետար գյուղի կողմ տարան: Արդեն մզկիթի հայաթում շեխ և մալաներ պատրաստ սպասում ին ընդունել մեզ արդար կրոնին դարձնելու: Նորից լաց ու կոծ ընկավ մեր մեջ: Ի՞նչ արած, մեր իրեր շալակինք, ընկանք ճանապարհ դեպի Բետար գյուղ, որ շատ հեռու չէր մեր նստած տեղից, մոտ մի կիլոմետր:
Մեզ դարձրին նորից դեպի Գրեսոր` Կարմիր, բերդ, բայց այս անգամ տարան դեպի Հուսփռանի կողմ: Այնտեղ նստանք, որ գիշեր մնանք, իսկ տղամարդկանց ուղարկեցին գյուղ` իբրև գյուղի պաշտպան: Այնտեղ մնացին միայն կանանք ու երեխաներ, անտեր ու անպաշպան: Մեզ խաբին քրդեր: Մութ ընկավ թե չէ, մի ավազակ աղա եկավ, հայտնեց, թե` ինչ որ անասուն կա, թողեք, մենք կտանինք ձեր գյուղ, մինչև դուք կգաք առավոտ: Բոլոր ոչխար, տավար տարավ, փոխանակ մեր գյուղ տանելու, տարավ իրենց գյուղ: Զրկվանք մեր անասուններից:
Առավոտ շուտ շեխ եկավ, մեզ բերեց մեր գյուղի տերերի մոտ: Վեց ավուր բացակայության ժամանակ գյուղ դարձեր էր ավերակ: Ոչինչ չին թողած, բացի պահած հորերից, ոչ մի բան չկար, թալաներ ին, բայց կորեկ հաց մնացեր էր: Կորեկ մինչև գարուն մեզ պահեց: Մենք շատ ուրախ ինք, որ մարդ չսպանվեց: Հետո իմացանք, թե ինչո՞ւ մեզ չը տաճկացրին: Պատճառ Դահեր աղայի կինն էր, որ իր մարդուն կկանչի, կասի. «Գնա՛ շատ շուտ, ոզմեցոց ուղարկի՛ր իրենց գյուղ, թող մնան որպես հայ, թե նրանք քուրդ դառնան, մեր գործ շատ վատ կլինի: Անխելք մարդ, նրանք հայ են, ձեզ չեն ենթարկվի, որ քրդացան, մեր Բարվարի գավառ կքանդինք, ո՞վ մեր խոտ կքաղի կամ մեր ուրիշ աշխատանք կանի, եթե չի լինին հայեր…
Տասնչորս թվին, որ արև խավարավ, էն ժամանակից մեր գյուղը տատանման մեջ էր, ոչ մի մարդ կատան, գզրարութուն չգնաց: Բոլոր կասկածում ին, թե մի բան կա, արևի խավարում լավ բան չի: Մի քանի օրից հետո ոստիկանները եկան գյուղ, ասկար պահանջին մինչև 27 տարեկան: Շատերի թիվ պռնեց, բայց քիչ դուրս եկավ: Առաջի անգամ մինչև 27 տարեկան երեսունչորս մարդ տարան Սղերդ, ապա Բիթլիս, այնտեղից էլ Վան:
Մեր գյուղից փախած մի քանի մարդ եկան մեզ մոտ և պատմեցին և մանրամասն տեղեկություն տվեցին գյուղից: Ասկարներ տանելուց հասնում են Վելաս գյուղ, այնտեղ մի ծանոթ քուրդ նրանց ասում է. «Հայե՛ր, ինչո՞ւ ելաք ձեր տներից, ձեր տունը քանդվի, վաղը զորք կը երթա ձեր գյուղի վրա կռիվ, ձեր գյուղից դուրս հանել պատրաստած պլան էր, եթե կարող եք, փախե՛ք և մի կերպ ձեր գյուղին իմա՛ց տվեք, մեղք են: Դուք էլ փախե՛ք, ի՞նչ բանակ գնալու ժամանակ է: Որոշում կա բոլոր հայերին կա՛մ կոտորեն և կա՛մ հեռացնեն դեպի Բաղդադի կողմեր»:
Ոչ մի տեղից հույս չկար գյուղին օգնելու, հույս մնաց ժողովրդի վրա: Բայց պետք է ասել, որ եղած տղաներ, մարդ և կին լավ կռվին, քանի որ փամփուշտ կար: Ոզմի անուն կոտր չի գցին, բայց այդքան քրդի դեմ հնար չկար երկար պաշտպանվել: Մի քանի օրից հետո թողնում, հեռանում են գյուղից կին, մարդ, երեխա: Անցնում են Մոկս, Գավառ, գյուղում մնում են մի քանի ծերացած մարդ: Խուժանը լցվում է գյուղի մեջ, որովհետև նրանցից շատ մարդ է սպանված եղել, նրանք էլ չեն խնայում ծերերին, որոնք ուխտել ին իրենց տան մեջ մեռնին, ոչ թե իրենց օջախից հեռանան:
Մինչև ռուսների և կամավորների գալը լսեցի, որ մեր գյուղի ժողովուրդ գյուղ վառելուց հետո փախած են Մոկաց գյուղեր: Ինձ հաջողվեց Մոկս գնալ և մեր ժողովրդին տեղափոխել դեպի Ոստան կամ Հայոց Ձորի գյուղեր:
Տեղափոխեցի նրանց, որոնք ինձ լսեցին: Տեղավորեցինք ժողովրդին Չաղար սուրբ Նշանա վանք, նրանից հետո` Գուգանց գյուղ, որի քրդեր փախած ին իրենց տեղերից: Դա այն ժամանակն էր, որ նահանջը սկսել էր արդեն, և ռուսները հայ կամավորների հետ եկան դեպի սահման ժողովրդի հետ մեկտեղ: Մի քիչ ազատության շունչ քաշելուց հետո նորից ընկան դժվար ճանապարհի վրա, որ ավելի վատ եղավ, քան թե կռվի ժամանակ: Ավելի շատ զոհ տվին, քան կռվի օրերին:
Վանի ժամանակավոր կառավարությունը Լևոնին ընտրել ին Ոստանի գավառապետ: Նա ինձ տվեց մի վաշտ` ռուս կազակների հետ: Ես ժամանակ ունեցա տունս, մորս, կնոջս, եղբայրներիս, բոլորին տեսնելու, որոնց չէի տեսել մեր գյուղից դուրս գալուց հետո: Շատ ուրախ եղա, որ մերոնք բոլորը լավ են, ազատված կոտորածից, ամեն վտանգից: Բայց իմ ուրախություն քիչ եղավ: Սիրտս էլի մեր գյուղի բամբասանքներից վիրավորված էր, և չէի ուզում շատ մարդկանց` ինձ զրպարտողներին տեսնել: Դրա համար էլ հոժար կամքովս ընդունեցի Լևոնի առաջարկը. մտա սիբիրական կազակների վաշտ, չի նայած որ նրանց լեզուն չէի հասկանում: Նրանք առանց իմ ցուցմունքի առաջ կամ հետ չին շարժվում: Ինձ ճանաչին որպես շատ հավատարիմ մարդ:
Մեր վաշտին տվին դեպի աջ կողմի թուրքական սրի հեծյալ բանակ: Կռիվը սկսեց սրերով: Սուր բանացնել չէի իմանում, բայց երբ որ տեսա մի քանի թուրք իմ հարյուրապետին նեղում են, էլ չի համբերեցի, ատրճանակով խփի երկուսին, մնացածներ թողին, փախան: Մեր կռիվը շատ երկար չի տևեց: Շուտով հրաման եկավ, թե նահանջեք: Մենք հետ եկանք Դատվան` ծովափ: Ես տեսա, որ մի շարան հայեր կապված են իրար ու սպանված են: Նրանք բոլոր գամոչիքն ին, որ թուրքերին Վանից տեղափոխել ին Դատվան, բոլորին կապած տեղ սպանել են ծովի ափին: Ես խնդրեցի կազակներին, որ ինձ օգնեն, և հայերին թաղենք…
1915 թվի ապրիլի մեկին-երկուսին սկսեց ազատության պայքար: Ամսի մեկին ամենից առաջ Շատախի կողմից սկսվեց. առաջինը ոստիկանությանը զինաթափ արին, հետո սկսին կռիվ: Ապրիլի երկուսին մեզ լուր տվին, որ շուտ հասնենք Շատախին օգնության, կռիվ սկսված է արդեն: Նույն երեկոյան դուրս եկանք Փարգախներ գյուղից դեպի Փեսանդաշտ` Շիտան գյուղ: Վանում կռիվը սկսվեց ապրիլի երեքին: Կռիվը տարածվեց Շատախ, Կարկառ, Կարճկան, Գավաշ, Հայոց Ձոր, Թիմար, Ալջավազ: Դարձավ ժողովրդական կռիվ, մեկ միություն մնաց` ժողովրդական միություն: Պետք է ասել, որ վանեցիները դարձան բոլոր գավառների ազատության դրոշը: Շատ տեղերից, գյուղերից գաղթեցին դեպի քաղաք, իրենց ուժերը միացրին քաղաքի ուժերին, իսկ Շատախը մնաց անխախտ, իր տեղից չի շարժվեց մինչև ռուսաց գալու օրը: Ներքին Հայոց Ձորը չորս օր կռվելուց հետո նահանջեց: Մի մասն եկավ դեպի Վարագի, Վանի կողմ, մի մասն էլ Փեսանդաշտ` Արտոսի սարով: Լավ կռվեցին Քերծ և Բլթենց գյուղերը, բայց թշնամու շատ ուժերին չդիմացան: Փեսանդաշտի Կաղազիզ գյուղ հասանք կեսօրից հետո, բայց տեսանք, որ ժողովրդին տեղ-դադար չկա:
Ցուրտ ապրիլ ամսին Արտոս սարի գլուխ: Փեսանդաշտը ընդամենը չորս հայ գյուղ են: Այդքան բազմություն տեղ չի անի չորս գյուղի մեջ, այն էլ պիտի ասեմ, որ Կանիմերան գյուղում կեսը քուրդ են ապրում, կեսը` հայ: Փեսանդաշտի կռիվը տևեց մոտ քառասուն օր: Մենք սկսեցինք կռվել, որպեսզի կարողանանք գոնե այդտեղի ժողովրդին պաշտպանենք մի կերպ, հաց սակավ էր այն գյուղեր: Բայց որ ես գնացի Շիտան գյուղ, ռես Հակոբն ինձ ասաց. «Իմ հույս ձեր` ոզմեցոց վրա է մնակ: Դուք մեզ պաշտպանեք կոտորածից, մենք մեր ունեցած հաց, անասուն, տուն-տեղ հանձներ ենք ձեզ, մնակ ժողովուրդ փրկեցե՛ք, մինչև կհասնի շեկ ռուս»: Եվ մարդիկ ոչ մի բան չխնային կռվող մարդկանց համար, մնակ պակաս աղն էր, որ չկար մոտիկ տեղեր: Դարենց քրդի գյուղ մոտիկ էր, բայց տեղի հայեր խնդրվեցին, որ ձեռք չտան նրանց, որովհետև մոտիկ, ծանոթ և սերով ժողովուրդ են եղած հին ժամանակից: Նրանք վնասակար մարդ չեն, մեկ ուրիշ տեղ չեն գնացել, մի քանի տուն քասիբ ժողովուրդ քուրդ են, թող մնան իրենց տների մեջ:
Մեր կռիվ Բարատոտիկ սարի գլուխ շատ հաջող անցավ: Չնայած մեր մոտ փամփուշտ քիչ կար, յուրաքանչյուր մարդուն հազիվ հարյուր կամ հիսուն հատ հազիվ լիներ, բայց մեր դիրք շատ հաջողակ էր:
Եկանք Բիթլիս: Բիթլիսից դարձանք Մուշ, բոլոր գյուղեր շատ ժողովուրդ կար: Կզլաղաջի կռվից հետո վերջապես հասանք Ս. Կարապետի վանք: Շատ չմնացի Ս. Կարապետի վանք, Սոկոլովի հետ եկա Մուշ: Մի ամիս մնացինք Մուշի դաշտի իմ ծանոթ գյուղեր, բոլոր ման եկա: Մարդու սիրտ չէր դիմանում, որ մտիկ ես տալիս Ցրոնքի նման շեն, մեծ գյուղին: Ո՛չ մարդ կա, ո՛չ անասուն, դարձել է ավերակ: Գնացի Սրկեխոնց տուն, Ջվե Սաֆարի տուն, որտեղ շատ ինք թաղիք շինել, ծախել: Այնտեղից եկա Մուշ, գնացինք Առաքելոց վանք և այն վերջին անգամ տեսանք: Շատ տեղեր գնացի…
Եկա Բագարան, այնտեղից Արաքս գետի ափով եկա Գեջալու գյուղ, վերջին անգամ մորաքրոջս տեսա ու անցա ուղիղ դեպի մեր տուն` Նոր Բայազետ: Մեր տուն տեսա Ղշլաղ գյուղում, բայց ոչինչ չկար տան մեջ: Մնակ մեծ եղբորս կինն էր մահացել, իսկ մյուս ընտանիք ողջ են: Իմ գործ գզրարություն է, ես ի՞նչ գործ ունեմ ձիու կամ զենքի հետ: Տունս փոխադրի Բայազետ, սկսինք մեր պապական արհեստը մինչև տասնութ թիվ: Առաջին անգամ մի գունդ զինվորներ եկան, Բայազետից անցան, որ կոչվում էր «Շուշինսկի պոլկ»: Նրանից հետո եկավ «Գենջինսկի պոլկ»: Զինվոր չի մնաց Թուրքիայի դեմ, մի քանի օրից հետո եկավ Անդրանիկի գունդ:
Այն ժամանակ նոր ժողովուրդ սկսեց կասկածել, և ամեն մարդ իր պատրաստություն տեսավ փախչելու: Մեր գաղթականներ ինձ ղրկեցին Անդրանիկի մոտ, ասին.
–Դուն ծանոթ ես նրան, գնա՛, տես ինչ խորհուրդ կտա, մենք գնա՞նք, թե՞ ոչ:
Անդրանիկ նստած էր Աբրիկյան Օհանի տուն: Նա ինձ ճանաչեց:
–Ի՞նչ կա, ոզմեցի՛ տղա:
Ես պատմի մեր գնալու կամ մնալու մասին:
Ասաց.
–Ձեզ ոչինչ չկա, դուք հանգի՛ստ կացեք, թուրք այստեղ չի գալու: Թուրքի Էնվեր փաշեն ուզում էր ինձ պռներ, բայց նրան չի հաջողվում գալ, աղվեսին չի կարող մոտենա: Ես իմ ճանապարհ թեքեցի, իսկ նա կանչեց դեպի Բաքու: Նրա ցավ ես իմանում եմ: Նրա ցավ Անդրանիկն է:
Պատմեց Թուրքիայի դրության մասին: Ասաց.
–Էնվեր փախած է Պոլիսից, էլ հետ չի դառնալու Պոլիս: Հավիտյան մեկնում է Բաքու, իր համար նոր ապաստան գտնի: Բայց այնտեղ էլ նրան տեղ չկա: Նա ոչ մի տեղ չի կարող մնալ, շուտով նրա կյանքին վերջ կտան: Էնվեր Կովկասում կամ ռուսական հողի մեջ տեղ չունի, իսկ դուք չեք իմանում, որ անգլիացիք Դարդանել գրավել են: Սուլթան Ռաշիտ իրեն թունավորեր է, Թալեաթ փաշան նույնպես փախած է Պոլիսից, ինչպես նաև Ջամալ փաշեն, Նազիմ փաշեն: Բոլոր հայ դահիճներ չկան Պոլիսի մեջ: Շուտով թուրքի իշխանություն կփակվի, քրդեր նույնպես գլուխ չեն խոնարհի Թուրքիայի առաջ, եթե դրություն չի փոխվի: Միայն, որ հայեր խելոք լինեն, կկապվեն Ռուսաստանի հետ, ձեռք կքաշեն խաբեբա, գոռոզ Անգլիայից…
Արմենակ Ամրիկյանը բնակություն է հաստատել Երևանում և աշխատել է որպես քարհատ: Ուներ 1 որդի և 2 դուստր:
Վախճանվել է 1975 թ. Երևանում և ամփոփվել Թոխմախի գերեզմանոցում:
Հուշագրական ժառանգություն, գիրք ԺԴ, ՀՃՈՒ հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ, Երևան, 2011, 384 էջ, էջ 278-362: