կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-28 12:17
Մշակույթ

Սարոյանի` Ֆրեզնոյում գտնվող տան գնորդը միտքը չի փոխել

Սարոյանի` Ֆրեզնոյում գտնվող տան գնորդը միտքը չի փոխել

Դեռևս մայիսի 16-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Վիլյամ Սարոյանի` Ֆրեզնոյում գտնվող տունը տուն-թանգարանի կարգավիճակ է ստանալու: Ավելին` նախարարն ասել էր, որ առաջիկայում այցելելու է Ֆրեզնո` փորձելով տեղում լուծումներ գտնել:

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ մշակույթի նախարարություն` ճշտելու` արդյո՞ք նախարարն այցելել է Ֆրեզնո, հանդիպե՞լ է տան` ամերիկացի գնորդի հետ, և ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ի դեպ, Սարոյանի տան գնորդը հայտարարել է, որ տունը պահպանելու է որպես թանգարան:

Ի պատասխան մեր հարցմանը, նախարարարության հասարականության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ հունիսին Հասմիկ Պողոսյանն աշխատանքային այցով եղել է Նյու Յորքում: «Նախարարը տեղում հետաքրքրվել է Վիլյամ Սարոյանի տան շուրջը ստեղծված իրավիճակով։ Առայժմ որևէ փոփոխություն սեփականատիրոջ որոշման մեջ չկա։ Նախարարությունը շարունակում է հետևել գրողի տան հետ կապված գործընթացին»,- հայտնեցին մեզ:

Հիշեցնենք, որ մայիսին Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող տունը վաճառվել է: Մինչ այդ տունն աճուրդի էր հանվել 110 000 դոլարով: Սարոյանի տունը գնել են 162 000 դոլարով, գնորդն ամերիկացի է: Սակայն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կանխավ հանդես էր եկել կոչով, որ դրսի հայերից մեկը փորձի գնել այն: Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը yerkir.am-ի հետ զրույցում տան վաճառքից հետո նշել էր, թե իրենք տեղյակ են, որ տունը գնվել է, և հետևել են գործընթացին: «Տունը, ճիշտ է, գնել է մի ամերիկացի, սակայն պետք է ասեմ, որ նախարարի կոչին արձագանքող էլ է եղել: Հիմա Սարոյանի տունն ունի նոր սեփականատեր, բայց մենք ինչ-ինչ գործընթացներ ենք անում»,- ասել էր նա: