կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-18 15:31
Իրավական

Մարդասպանները պետք է բանտում նստեն. Ջհանգիրյանը միտքը չի փոխել

Մարդասպանները պետք է բանտում նստեն. Ջհանգիրյանը միտքը չի փոխել

Արդեն տեղեկացրել ենք, որ Մատաղիսի գործով մեղադրյալ երեք երիտասարդներն այսօր անմեղ են ճանաչվել: Այս առնչությամբ ԱԺ-ում մի քանի լրագրողներ մեկնաբանություն խնդրեցին այն ժամանակվա զինդատախազ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից:

 

Լսելով հարցը` Ջհանգիրյանն արձագանքեց. «Դե, շատ լավ է... Դիմեք Կոստանյան Գեւորգին, իրենք են մեղադրանքը հաստատել: Ինձանից հետո պաշտոնավարել է երկու զինվորական դատախազ. երկրորդ զինվորական դատախազը նույն մեղադրանքով այդ գործը ուղարկել է դատարան, երրորդ դատախազի օրոք այդ մեղադրանքը պաշտպանվել է դատարանում, դիմեք իրենց»:

 

Լրագրողի դիտարկմանը` Դուք եք եղել այդ ամենի կնքահայրը, Ջհանգիրյանը պատասխանեց, որ իր կյանքում ինքը մեկ երեխա է կնքել: «Ուրիշ որեւէ մեկի կնքահայրը չեմ եղել»,- հայտարարեց նա:

 

Yerkir.am-ի  դիտարկմանը, թե` Ձեզ վատ չե՞ք զգում, Ջհանգիրյանն արձագանքեց. «Բացարձակապես, մարդասպանները պետք է նստեն»: Նա հաստատեց, որ շարունակում է մնալ նույն կարծիքին, եւ ընդգծեց, որ իր միտքը բացարձակ չի փոխել: «Ես մնում եմ իմ նույն կարծիքին, որ մարդասպանները պետք է բանտում նստեն»,- հայտարարեց նախկին զինդատախազը:

 

Երբ փորձեցինք պարզել, թե մեղքի զգացո՞ւմ էլ չունի, Ջհանգիրյանն արձագանքեց. «Մեղքի զգացողություն դուք ունեցեք, որ մարդասպանները դրսում են»: Ասաց եւ փակեց աշխատասենյակի դուռը: