Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վիլյամ Սարոյանի` Ֆրեզնոյում գտնվող տունը գնել է Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը:
Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «20-րդ դարի ամերիկյան գրականության հսկաներից մեկը՝ Վիլյամ Սարոյանը, ապրել և ստեղծագործել է Ֆրեզնոյի Գուպեր միջնակարգ դպրոցից (Gooper Middle School) արևմուտք ընկած` 2729 Գրիֆիթ Վեյ (W Griffith Way) փողոցում գտնվող առանձնատանը: Այսօր մեծանուն գրողի տունը գտնվում է ամայացած ու դատարկված վիճակում՝ փայտե պատուհաններով, խնամքի բացակայության արդյունքում առաջացած լուրջ վերանորոգում պահանջող պատերով, հատակով և այլն:
Խորապես գիտակցելով Սարոյանի թողած ժառանգության համամարդկային կարևորությունը, հաշվի առնելով առանձնատան անմխիթար վիճակը և նպատակ ունենալով փրկել այն ոչնչացումից՝ 2015 թվականին այն գնեց Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը, որը վերջին երկու տարիների ընթացքում զարկ է տվել հայերեն Wikipedia-ի զարգացմանը և նպաստել հայկական ինտելեկտուալ ներուժը միջազգային մակարդակի բարձրացնելուն: Առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոներ և այլ մշակութային միջոցառումներ:
«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը մշակում է և շուտով հանրության դատին կհանձնի տուն-թանգարանի վերակառուցման նախագիծն ու գործունեության պլանը»:
Հիշեցնենք, որ մայիսին Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող տունը վաճառվել է: Մինչ այդ տունն աճուրդի էր հանվել 110 000 դոլարով: Սարոյանի տունը գնել են 162 000 դոլարով, գնորդն ամերիկացի է: Սակայն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կանխավ հանդես էր եկել կոչով, որ դրսի հայերից մեկը փորձի գնել այն: Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը yerkir.am-ի հետ զրույցում, տան վաճառքից հետո, նշել էր, թե իրենք տեղյակ են, որ տունը գնվել է և հետևում են գործընթացին: «Տունը, ճիշտ է, գնել է մի ամերիկացի, սակայն պետք է ասեմ, որ նախարարի կոչին արձագանքող էլ է եղել: Հիմա Սարոյանի տունն ունի նոր սեփականատեր, բայց մենք ինչ-ինչ գործընթացներ ենք անում»,- ասել էր նա: