Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը, լրագրողների հետ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, ասաց, որ եթե Սահմանադրությունը պետք է ընդունվի այն տեսքով, որը հիմա կա, ուրեմն ինքը դեմ է դրան: Նա կարծիք հայտնեց, որ ճիշտ չէ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը մաս-մաս հրամցնել հանրությանը:
«Ես չեմ հասկանում, թե մենք ինչ ենք քննարկում: Նախ` պարզ չէ` սա սահմանադրական փոփոխությունների նախագի՞ծ է, թե՞ նոր Սահմանադրություն: Բացի այդ` նախագիծը դեռ պետք է անցնի տարբեր քննարկումներ, պետք է մտնի ԱԺ, և հույս ունեմ, որ այդ ճանապարհին նախագիծը վերջանական տեսքի կգա»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նա, միաժամանակ, մի նոր մեծ փոփոխություն է տեսնում նախագծում, այն է` Ընտրական օրենսգրքի փոփոխությունը:
Ինչ վերաբերում է 100 տոկոս համամասնական ընտրակարգին, ապա Լարիսա Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ պարզաբանումների կարիք կա: Նրա մտահոգություններից էր այն, որ ամեն անգամ երկրի ղեկավարությունը հայտարարում է, թե մանրակրկիտ աշխատանք է տանում` հասարակության իրավական գիտակցության հետ Սահմանադրությունը համապատասխանեցնելու համար, սակայն ամեն անգամ հրամցվում է մեկ այլ բան, որն, ի դեպ, դժվարընկալելի է դառնում ժողովրդի համար:
Լարիսա Ալավերդյանը նաև նշեց, որ Սահմանադրություն փոփոխելը դա լոկ իրավաբանների գործը չէ: Հանձնաժողովում չկային պրոֆեսիոնալ քաղաքագետներ, բարձր մակարդակի հասարակագետներ, սոցիոլոգներ, ինչպես նաև հոգեբաններ, քանի որ, ըստ իրավապաշտպանի, Սահմանադրությունը ոչ միայն իրավական, այլ մարդկանց հոգեկերտվածքը փոխող փաստաթուղթ է: