կարևոր
4270 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-07 14:03
Քաղաքական

Փաշինյանն Ադրբեջանից ժամանակ է խնդրել նոր սահմանադրություն ընդունելու համար

Փաշինյանն Ադրբեջանից ժամանակ է խնդրել նոր սահմանադրություն ընդունելու համար

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատության» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում կրկնել է իր ղեկավարի հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է՝ առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության. «Տարածված կարծիք կա, թե կարևոր է հնարավորինս շուտ ավարտել խաղաղ բանակցությունները և պայմանագրի նախագիծը ստորագրել նոյեմբերին՝ COP29-ի շրջանակներում։ Բայց մենք կարծում ենք, որ դա իմաստ չի ունենա՝ առանց անդրադառնալու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ։ Ավելին, եթե իրավական խութեր մնան, դրանք կարող են թույլ տալ Հայաստանին ապագայում վերակենդանացնել իր տարածքային պահանջները, երբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվի իրենց օգտին»,- ասել է նա:

Հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնել էր, որ երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, իսկ ավելի վաղ՝ հունիսին հանձնարարել մինչև 2026-ի ավարտը նոր Սահմանադրության նախագիծ մշակել: Ինչպես գրում է «Haqqin»-ը, Ամիրբեկովի խոսքով՝ Փաշինյանն այս հարցը քննարկել է նաև Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։ «Հիմա նա ուզում է փաստարկ առաջ քաշել, որ սա քաղաքականապես շատ բարդ գործընթաց է և որ Սահմանադրության նախագիծը կարող է պատրաստ լինել միայն 2027 թվականին։ Շատ լավ, դա ևս տարբերակ է, բայց արտաքին աշխարհը պատրա՞ստ է այդքան սպասել, մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի... Եթե Հայաստանը ցանկանում է մշակել նոր Սահմանադրություն, դա իր ներքին գործն է և իրավունքը, խոսքը՝ նախաբանը փոխելու մասին է: Դա չի պահանջում տարիների քննարկում»,- շարունակել է ադրբեջանցի պաշտոնյան:

Ստացվում է, որ առնվազն մինչ 2027 թ. Փաշինյանի խոստացած խաղաղությունը չի լինելու, և «Սերգոն շարունակելու է վատ ապրել»։ 

Իսկ թե 2027֊ին Ադրբեջանի պահանջով ՀՀ  Սահմանադրության փոփոխումից, Անկախության հռչակագրից հրաժարվելուց, դրանով իսկ Հայաստանի նորանկախ Հանրապետության ոչնչացումից հետո Ադրբեջանն ի՞նչ նոր և հին պահանջ մեջտեղ կբերի, կապրենք, կտեսնենք։

Մի բան միայն հստակ է. այդ պահանջներն անվերջ են, և միայն խաշած հավին ու Փաշինյանի խունտային պարզ չէ, որ դրանց հերթական կատարումը ոչ թե մոտեցնում է խաղաղությանը, այլ կործանմանը կամ պատերազմին։