կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-04 21:22
Հասարակություն

Բաղրամյան պողոտայում իշխանություններին ժամանակ տվեցին մինչեւ երկուշաբթի 21:00-ն, ապա կմեկնարկի «մեկ քայլ առաջ» ակցիան

Բաղրամյան պողոտայում իշխանություններին ժամանակ տվեցին մինչեւ երկուշաբթի 21:00-ն, ապա կմեկնարկի «մեկ քայլ առաջ» ակցիան

Բաղրամյան պողոտայում բողոքի ցույցի ակտիվիստներն այսօր ավելի վաղ հայտարարել էին, որ պայքարը թեւակոխում է վճռորոշ փուլ:

Դավիթ Սանասարյանը հրապարակեց իրենց նոր մարտավարությունը:

«Այս ընթացքում պարապ չենք մնացել: Քննարկել ենք քայլեր, որ ձախողում չգրանցենք: Քայլերը որոշելու են ՀՀ հպարտ քաղաքացիները: Մենք պարտավոր ենք քայլեր իրականացնել, խաղաղ, բայց իշխանությանը մարտահրավեր նետող քայլեր: Իշխանությունները մեզ արհամարհում են, կասկածի տակ դնում մեր վճռականությունը: Մենք շարունակում ենք խաղաղ պայքարը ու սկսում ենք վճռական փուլը: Դիմում ենք իշխանություններին: Բաղրամյան պողոտան չենք բացելու, քանի դեռ պահանջները կատարված չեն: Դրա համար սպասում ենք մինչեւ  երկուշաբթի 21:00-ն: Սկսում ենք մեկ քայլ առաջ ակցիան: Ամեն նոր օրվա 21:00-ն եթե չենք ստանում մեր պահանջները՝ մեկ քայլ առաջ ենք գնում՝ դեպի Բաղրամյան 26:

 Կրկնում ենք  մեր պահանջները՝ չեղարկել սակագնի թանկացման հակասոցիալական որոշումը, պատժել լրագրողների եւ ցուցարարների դեմ բռնություններ կիրառած ոստիկաններին, վերանայել այսօրվա սակագինը:

Ուրախ ենք, որ երգեցինք, պարեցինք, բայց դեռ կա պայքար: Մենք պարելու ու երգելու ենք: Մեր ուրախ օրերն առջեւում են»:

Դավիթ Սանասարյանը այս մարտավարության աջակցությունը փորձեց ստանալ ցուցարարներից: Նրանք կոչերով ու ողջույններով ընդունեցին որոշումը:

Լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը շեշտեց, որ իրենք բախումների չեն գնում: Նա նշեց, որ ետ չեն դառնալու, ունեն նաեւ այլ քայլեր, որոնց մասին կասեն հետագայում: «Մենք չենք գնում Բաղրամյան 26-ը գրավելու, բայց մենք նաեւ չենք եկել երգուպարի, երբ մեզ արահամարհում են, մենք քայլերի ենք դիմում»,- ասաց Սանասարյանը: