կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-01 14:19
Մշակույթ

Մարդ, մեկ քայլ առաջ անելով, երկու քայլ կարճացնում է իր ճանապարհից. Արտավազդ Փելեշյան

Մարդ, մեկ քայլ առաջ անելով, երկու քայլ կարճացնում է իր ճանապարհից. Արտավազդ Փելեշյան

Տեղեկացրել էինք, որ երեկ տեղի է ունեցել Արտավազդ Փելեշյանի` «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի շնորհանդեսը: Փելեշյանը շնորհանդեսի ժամանակ խոսքով հանդես եկավ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

***

Մեր ժամանակ մի թերթ կար` «Լիտերատուրնայա գազետա», որում մի սյունակ կար` «Ֆիզիկոսները ծիծաղում են»: Այսինքն` գիտնականներն արվեստի գործերն էին քննարկում` կինո, թատրոն, կերպարվեստ ու երաժշտություն: Հետո ինձ մոտ հարց առաջացավ` ինչո՞ւ չկա սյունակ «Գրողներն են ծիծաղում» խորագրով, որպեսզի արվեստի մարդիկ էլ իրենց հերթին կարողանան փորձել գիտության մասին ինչ-որ բան ասել: Թող գիտության մարդիկ ինձ ներեն, բայց, իմ կարծիքով, արվեստն ուժեղ բան է, և առջևում է գտնվում, քանի որ այն, ինչ գիտությունն անում է, արվեստը նույնպես անում է, բայց այն, ինչ անում է արվեստը, գիտությունը չի կարող անել:

***

Մեր դպրոցի տնօրենը հետաքրքիր մարդ էր, դասավանդում էր մեզ, իսկ ես շատ չարաճճի էի, խանգարում էի դասերը: Մի անգամ նեղացավ ինձնից, բացում էր մատյանը, ներկա-բացակա անում, բայց իմ անունը չէր կարդում: Էդ ձևի մարդ էր: Մի օր էլ «Ֆիզիկա» առարկայի քննությանը տնօրենն եկել էր, որ տեսնի` ինչպես եմ պատասխանում: Ինձ ընկած հարցերին պատասխանեցի, հետո տնօրենն առաջին անգամ խոսեց հետս. դասարանում մի թմբուկ կար, որը 7 գույն ուներ, նա մոտեցավ ու պտտեցրեց այն, իսկ հետո հարցրեց, թե ի՞նչ գույն է ստացվել, ի՞նչ գույն եմ տեսնում: Ես պետք է օրենքն ասեի, որ սպիտակ գույն է ստացվել, բայց ոչինչ չասացի ու սկսեցի ռակուրսներ ընտրել ու նայել թմբուկին: Երկար նայելուց հետո ասացի. «Մկան գույն է»: Տնօրենն եկավ ու իմ կանգնած տեղը կանգնեց և ուսուցչին ասաց, որ կրկին պտտեցնի թմբուկը: Նա ինձ պես տարբեր ռակուրսներից նայեց թմբուկին ու ասաց. «Ոչ սպիտակ է, ոչ էլ` մկան գույն: Սրան 3-ից ավելի չդնես»: Էդ մեր դպրոցն էր: Հետաքրքիր դպրոց էր, հետաքրքիր ժամանակներ էին: Կան երևույթներ, որ մինչ օրս մնացել են հիշողությանս մեջ:

***

Կարծում եմ` բնության մեջ անվերջանալի թվեր չկան: Դրանք սկսում են մեծանալ-մեծանալ ու մի կետում, անսպասելիորեն, աննկատ կերպով նվազելով, հետ են դառնում: Որտե՞ղ է այդ կետը, չգիտեմ, դա ի՞նչ ֆորմուլա է, նույնպես չգիտեմ, բայց համոզված եմ, որ թվերը նման ընդունակություն ունեն: Միտքս կտրվեց… Կներեք… Չեմ հիշում` ինչ էի ուզում ասել…

***

Կան երևույթներ, չափեր կան, որ բնության մեջ երկու անգամ մեծ են իրենք իրենցից: Դժվար հասկացողություն է, բայց կա նման բան: Մի օրինակ բերեմ, կներեք, քանի որ այն իրականության հետ չի համընկնում, բայց իմ մտքերն է արտահայտում: Ենթադրենք` 0 պահին ծնվում է մարդը, նրա մահն այս դեպքում /Աստված ոչ անի/ ճիշտ կլինի նշանակել X-ով: 0-ից X գիծ տանենք և տեսնենք` ինչ է կատարվում այս գծի հետ. մարդն ապրում է մեկ օր` ստացվում է` 0+1, իսկ ի՞նչ է կատարվում X –ի հետ` նրա դեպքում ստացվում է X-1: Եվ այդպես` 5 տարի ապրելուց հետո լինում է` 0+5, իսկ X-ը` X-5, և այսպես շարունակ: Ստացվում է` մարդ, մեկ քայլ առաջ անելով, երկու քայլ կարճացնում է իր ընդհանուր ճանապարհից: Եթե մարդուն տրված է 90 տարվա կյանք, այս սխեմայով ստացվում է` այն պահին, որ ծնվեց` 180 տարվա կյանք պիտի ունենար: Այսինքն` եթե 0-ից մինչև մահ նշանակենք R տառով, կլինի R=2R-ի` սա է ֆորմուլան: Սա մի քիչ մոտ էր նրան, ինչ իմ գրքում է գրված:

***

Էյնշտեյնը կյանքի վերջին 30-40 տարում աշխատեց, որ գտնի տիեզերական դաշտի միասնական տեսության բանաձևը` 30-40 տարի դա նրան չհաջողվեց: Իմ կարծիքով` նա թույլ տվեց մի սխալ, որը ես անուղղելի սխալ եմ համարում, բայց նա մեղք չուներ: Տեսեք` բոլոր մոլորակները «+ -»-ով ձգում են իրար, եթե մինչև վերջ ձգեն, կբախվեն միմյանց ու կվերջանան: Էյնշտեյնը ձգողության բանաձևի մեջ մտցրեց կոսմոլոգիկ մշտական նշանը` կոնստանտը, ինչը մոլորակները հեռու էր պահում մշտական ձգողականությունից և պաշտպանում էր վերջնական ձգողականությանը: Բայց 20-ական թվականներին Էդվին Հաբելը հայտնաբերեց տիեզերքի լայնացումը և մեծ պայթյունը: Եվ լայնացման պատճառով Էյնշտեյնը հրաժարվեց իր ձեռքով ստեղծած կոնստանտից և համարեց, որ իր կյանքի ամենամեծ սխալը դա է եղել, որ այն ստեղծել է: Բայց ես կարծում եմ, որ նրա ամենամեծ սխալը դրանից հրաժարվելն էր` Հաբելի լայնացող տիեզերքը շփոթեցրեց Էյնշտեյնին, և նա ստիպված հրաժարվեց իր սեփական գաղափարից։

***

Մինչ օրս բնության մեջ չի հայտնաբերվել որևէ բան, որը լույսի արագությանը կգերազանցի, ինչի վրա էլ հիմնված է Էյնշտեյնի ֆորմուլան: Աշխարհի բոլոր գիտնականները փորձում են գտնել ինչ-որ բան, որը լույսի արագությունից ավելի արագ կլինի, բայց չկա, չեն գտնում: Իմ կարծիքով`լույսից արագ է տեսանելիությունը և արտացոլումը։ Ես ուզեցա իմանալ, թե ի՞նչ է տեսանելիությունը, ինչի՞ց է այն բաղկացած, բայց ինտերնետում, գրականությունում չգտա, բառարանում էլ չգտա, ոչ մի տեղ չգտա։ Կարծես թե մասնագետները խուսափել են այդ հարցի պատասխանից։ Բոլորը խոսում են աչքի և ուղեղի ընդունակության մասին, որ տեսնում են, բայց իմ հարցն այդ մասին չէ։ Հարցս սա է. տեսանելիությունն ինչի՞ց է բաղկացած, ի՞նչ է իրենից ներկայացնում, այն նյութակա՞ն է, թե՞ ոչ։ Ես դրա անունը դրեցի բիոիմպուլս, այն լույսի արագությունից արագ է և մտքից էլ է արագ, այնքան արագ, որ մի ակնթարթում երկու անգամ հատում է տարածությունը՝ այնտեղից այստեղ: