Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է Կունիտո Նագաոկայի (Ճապոնիա) «Խաչքար» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 24-ը:
Սա հնգամյա մի նախագիծ է, որով ճապոնացի պրոֆեսոր և արվեստագետ Կունիտո Նագաոկան ներկայացնում է իր ծրագիրը: 2012 թվականից ի վեր, ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների ու Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարանների հետ պրոֆեսորը սկսեց պատճենել իր կողմից ընտրած որոշ խաչքարեր` Տակու–Հոն դրոշմատպման եղանակով:
Պրոֆեսոր Նագաոկան երկար տարիներ դասավանդել է եվրոպական տարբեր գեղարվեստի ակադեմիաներում՝ որպես հրավիրյալ պրոֆեսոր: Նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի ավելի քան 60 թանգարաններում և պատկերասրահներում: Նագաոկան ունեցել է շուրջ 140 անհատական ցուցահանդես: Ձեռագործ դրոշմատիպեր ստեղծելիս Նագաոկան կիրառում է ավանդական չինական Տակու-Հոն տեխնիկան, որին այսօր հիմնականում տիրապետում են ճապոնացիները:
Դրոշմատպման համար անհրաժեշտ է բարակ, բայց ամուր թուղթ (բնական թելատու բույսերից պատրաստված) և համապատասխան ստվերաներկ (տուշ): Հայաստանում արվեստագետը օգտագործում է ճապոնական «տանգո» տիպի թուղթը, որը պատրաստվում է հատուկ պատվերով: Յուրաքանչյուր ձեռագործ դրոշմատիպը համարվում է բնօրինակ և արվեստագետի ստորագրությունն է կրում: Այս ցուցահանդեսում ներկայացվում է պրոֆեսոր Նագաոկայի ձեռագործ դրոշմատիպերի ընտրանին:
Խաչքարերի այս պատկերագրումը միևնույն ժամանակ վկայում է խաչքարերի զարմանալի բազմազանության մասին: Ամեն խաչքար եզակի է և դիտողին ցույց է տալիս քրիստոնեական խաչը` որպես կենաց ծառ: