Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախում 300-ից ավել նոր հուշարձան է հայտնաբերվել, որոնք պետական ցուցակներում հաշվառված չեն այդ թվում խաչքարեր, արձանագիր եւ ոչ արձանագիր, տապանաքարեր, եկեղեցիների, մատուռների ավերակներ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Արմինե Հայրապետյանը:
Անդրադառնալով շրջափակման հետեւանքով որոնողական աշխատանքների խնդիրներին՝ մեր զրուցակիցն առանձնացրել է տրանսպորտային վառելիքի պակասը, որի պատճառով կազմակերպության կողմից դաշտային աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:
«Մինչ շրջափակումն իրականացված աշխատանքների արդյունքում հիմնականում նորություններ գրանցվել են Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր եւ Վաղուհաս համայնքների, Ասկերանի շրջանի Պատարա գյուղի տարածքներում»,-մանրամասնել է Ա. Հայրապետյանը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքներին երբեմն միանում են նաեւ տեղացիները, ովքեր պատահական ինչ-որ բան գտնելու դեպքում անմիջապես հայտնում են ծառայությանը:
«Ուրախությամբ ուզում եմ նշել, որ վերջերս տեղեկություններ են հաղորդվել Խաթրավանքի շրջակայքում հայտնաբերված պարսպապատերի վերաբերյալ, որը ենթադրում ենք, որ դիտակետ-աշտարակ կարող է լինել, ինչպես նաեւ խաչքարերի վերաբերյալ ունենք տեղեկատվություն, սակայն շրջափակմամբ պայմանավորված ու հիմնականում վառելիքի հետ կապված դեռ չենք կարողացել այցելել»,- ասել է Ա. Հայրապետյանը:
Անդրադառնալով հայտնաբերված խաչքարերի պահպանման պայմանների հարցին, ՊՈԱԿ-ի տնօրենը պատմեց, որ վերջերս սոցցանցերում առաջարկվել է Վաղուհասում գտնվող ամենահին արձանագիր խաչքարերից մեկը տեղափոխել Ստեփանակերտ ու տեղադրել եկեղեցու բակում, սակայն մեր զրուցակցի համոզմամբ, յուրաքանչյուր հուշարձան արժեքավոր է եւ ասելիք ունի, երբ գտնվում է իր պատմական միջավայրում։
«Երբ հուշարձանը պատմական միջավայրից տեղափոխում ես մեկ այլ վայր, թե հուշարձանն է կորցնում իր պատմական նշանակությունը, եւ թե դրանից խեղաթյուրվում է պատմամշակութային միջավայրը։ Կազմակերպության կողմից գտնված խաչքարերը ֆիքսվելուց հետո մնում են իրենց տեղերում։ Հնարավոր է, գալիք սերունդները դրանք ուսումնասիրելու ավելի մեծ հնարավորություն ունենան եւ արդյունքում ավելի մեծ տեղեկատվություն ձեռք բերեն»,- ընդհանրացրել է Ա. Հայրապետյանը։