կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-06 16:14
Մշակույթ

Տեղի է ունեցել ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնած «Արցախը ստեղծագործում է» խորագրով ցուցահանդեսը

Տեղի է ունեցել ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնած «Արցախը ստեղծագործում է» խորագրով ցուցահանդեսը

Այսօր՝ փետրվարի 6-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնած «Արցախը ստեղծագործում է» խորագրով ցուցաահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացված էին ՀՅԴ ԱԵՄ-ի կողմից հայտարարված «Ասեղնագործության, շյուղագործության և ուլունքագործության» մրցույթի մասնակիցների աշխատանքները:

Մասնակիցների աշխարհագրությունը մեծ էր. ցուցահանդեսում տեղ են գտել Ստեփանակերտի, Շուշիի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շահմասուրի, Վանքի, Հացիի, Սպիտակաշենի, Խնուշինակի, ճարտարի տաղանդավոր երեխաների աշխատանքները:

Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես եկավ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Անի Հովհաննիսյանը, ով միության անունից շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ակտիվություն ցուցաբերելու համար և կարևորեց հատկապես Շուշիի և Հադրութի շրջանների մասնակցությունը այս ծրագրին՝ չնայած առկա դժվարություններին:

Նա իր խոսքում նշեց, որ ծրագրի իրագործման համար համագործակցել են ԱՀ Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, ինչի համար շնորհակալություն հայտնեց նախարարությանը, ինչպես նաև Արտադպրոցական ծրագրի բաժնի վարիչ Արմեն Պետրոսյանին:

Ինչպես նշել է Ա. Հովհաննիսյանը, միությունը կյանքի կոչելով այս ծրագիրը, նպատակ ուներ Արցախի պատանիների շրջանում սեր առաջացնել դեպի հայկական մշակույթը, հատկապես հետպատերազմյան շրջանում, ինչպես նաև մեր հանրությանը բացահայտել տաղանդաշատ պատանիներին և ցուցադրել նրանց աշխատանքները:

Ծրագիրն ի սկզբանե հայտարարվել էր «Արցախ» խորագրով Ասեղնագործության, շյուղագործության և ուլունքագործության ասպարեզներում, սակայն քանի որ ներկայացված աշխատանքները տարատեսակ և բազմաբովանդակ էին, ժյուրիի հետ որոշվել է յուրքանաչյուր շրջանից ընտրել ներկայացված լավագույն աշխատանքը:

Անի Հովհաննիսյանը մասնակիցներին հաջողություն մաղթեց, նշելով որ անկախ մրցույթի արդյունքներից, բոլորը պետք է շարունակեն կատարելագործվել և հարստացնել և տարածեն մեր մշակույթը՝ իրենց աշխատանքներով:

Ելույթով հանդես է եկել նաև ԱՀ ԿԳՄՍՆ Արտադպրոցական ծրագրի բաժնի վարիչ Արմեն Պետրոսյանը: Նա նախարարության անունից շնորհակալություն հայտնեց ներկայացված աշխատանքների հեղինակներին և նրանց ղեկավարներին, ինչպես նաև նշեց, որ նախարարությունը համագործակցում է տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, որոնց շարքում առաջիններից է ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը:

Արմեն Պետրոսյանը նախարարության անունից շնորհավորեց նաև ՀՅԴ հիմնադրման 131 ամյակի կապակցությամբ և նշեց, որ նախարարության կողմից ևս կպարգևատրվեն լավագույն աշխատանքն ներկայացրած մի խումբ աշակերտներ:

Ելույթի խոսք է ասել նաև ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալյոնա Գրիգորյանը: Նա ողջունեց մասնակիցներին և նշեց, որ հատկապես պատերազմից հետո շատ է կարևորում նման մշակութային միջոցառումների անցկացումը և այսօր էլ հուզված է, տեսնելով Հադրութից, Շուշիից ներկայացված աշխատանքները:

Նա հույս հայտնեց, որ չի ուշանա այն օրը, որ Հադրությում ևս առիթ կունենանք նման միջոցառումներ կազմակերպել: Ա. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ՀՅԴ ԱԵՄ-ին, որ Արցախում են, Արցախի կողքին են և Արցախի ցավով են ապրում:

Խոսք ուներ ասելու նաև մրցույթի ժյուրիի անդամններից ձեռագործ իաշխատանքների մասնագետ Կարինե Գրիգորյանը, ով ողջունեց և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ դժվարին պայմաններում նման ցուցահանդես կազմակերպելու համար, որը ոգևորում է նաև մեր երեխաներին: Նա հորդորեց մասնագետներին իրենց վրա շատ աշխատել, որպեսզի աշակերտներին կարողանան ոգևորել և ավելի շատ աշխատանքներ պատրաստել:

Մինչ ժյուրիի անդամները կվորոշեին լավագույն աշխատանքները, այդ ընթացքում հնչել են սիրված կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի կատարումները:

Ցուցահանդեսի ավարտին 12 լավագույն աշխատանքներ արժանացել են պատվոգրերի և նվերների ՀՅԴ Արցախի երիտասարդական միության և ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից, իսկ մասնակից բոլոր դպրոցները պարգևատրվել են ծրագրին ակտիվ մասնակցության համար: