կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-04 15:47
Մշակույթ

«Փարիզի կիթառի հիմնադրամը» Ժորա Սարգսյանի նոր տեսահոլովակը նկարահանել է Գանձասարում

«Փարիզի կիթառի հիմնադրամը» Արցախում՝ Գանձասարում, նկարահանել է Երևանյան  միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար,  Գերմանիայի  Վուպպերտալի կիթառահարների  միջազգային ասոցիացիայի նախագահ, Երեւանի  կիթառահարների ասոցիացիայի նախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանի նոր տեսահոլովակը: Հոլովակում կիթառահարը կատարում է Մաթիաս Դյուփլեսիի Cavalcade ստեղծագործությունը:

Paris Guitar Foundation-ը, որի  նախագահն է այս տարվա Երևանյան միջազգային  կիթառի փառատոնի շրջանակումՀայաստան ժամանած կիթառահար Ագուստին  Պեսնոնը,  տեղադրել է տեսահոլովակն իր պաշտոնական Youtube-ի էջում:

«Միտքն այն է եղել, որ հոլովակը ոչ թե նկարահանենք ինչ-որ դահլիճում, այլ ավելի հետաքրքիր պայմաններում: Չցանկացա բաց թողնել Արցախը՝ Գանձասարը, ներկայացնելու հնարավորությունը: Տեղեկացնեմ, որ այս տարի նշվում է Գանձասարի  Սուրբ Հովհաննես  Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակը: Ստեղծագործությունը, որ կատարել եմ, հեղինակել է ֆրանսիացի ժամանակակից կոմպոզիտոր Մաթիաս Դյուփլեսին: Cavalcade նշանակում է շարժում: Գանձասարի բնությունը, եղանակը շատ համահունչ էին երաժշտության հետ»,- նշում է Ժորա Սարգսյանը:

Տեղեկացնենք, որ տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել ֆրանսիական հեղինակավոր «Մեցցո» ալիքով (mezzo.tv):