կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-23 13:15
Քաղաքական

Դուք արդեն լեզվին եք տալիս. Գալուստ Սահակյանը չի կարողանում լռեցնել պատգամավորներին

Դուք արդեն լեզվին եք տալիս. Գալուստ Սահակյանը չի կարողանում լռեցնել պատգամավորներին

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Ռուբեն Հակոբյանի, Աղվան Վարդանյանի, Թևան Պողոսյանի, Արծվիկ Մինասյանի, Էդմոն Մարուքյանի, Արմեն Բաբայանի ու Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողով ներկայացված` մշտադիտարկում իրականացնելու մասին ԱԺ որոշման նախագիծ ընդունելու հարցը: Այն նախատեսում է մշտադիտարկում անցկացնել էներգետիկ համակարգում:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ելույթում կարևոր համարեց անդրադարձ կատարել Բաղրամյան պողոտայում կատարված դեպքերին, սակայն Գալուստ Սահակյանը ընդհատեց նրան: Հակոբյանը զայրացավ. «Ինձ, խնդրում եմ, չընդհատեք, ես տեղյակ եմ ԱԺ կանոնակարգին, ավելին քան Դուք: Մի\' սրեք իրավիճակը, Դուք ավելի շատ եք սրում իրավիճակը»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես Ձեզ կզրկեմ խոսքից, որովհետև Դուք արդեն լեզվին եք տալիս, և ոչ թե` մտքին»:

Պատգամավորը պնդեց. «Թույլ տվեք խոսել, էս ամբիոնը թանկ է ինձ համար: Չի կարելի չտեսնել դեպքեր, որոնք լուրջ հասարակական հնչեղություն ունեն: Այսօր վստահության լուրջ դեֆիցիտ կա` թե\' իշխանություն-ընդդիմություն, թե\' ժողովուրդ-ընդդիմություն, թե\' ժողովուրդ-իշխանություն»:

Նա անդրադարձ կատարեց գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին` նշելով, որ իր գործընկերները նվիրված աշխատեցին ամիսներ շարունակ, կատարեցին լուրջ ուսումնասիրություններ, սակայն եզրակացության մեջ առկա` լուրջ ծավալով հանցագործություններին, քրեական հաղորդումներին ընթացք չտրվեց:

«Բա իրավապահ մարմիններն ինչի՞ համար են, եթե ես պետք է դիմեմ նրանց: ԱԺ-ն նաև այն տեղն է, որը պետք է կարողանա լուծել այն խնդիրները, որոնք պետք է տեղափոխվեին փողոց: Ու եթե պայքարը տեղափոխվում է փողոց, ուրեմն ԱԺ-ն ինչ-որ բան չի կարողանում լուծել և, այո, գնում է անօրինական քայլերի, և դա մենք պետք է կանխենք ԱԺ-ի միջոցով, մենք ժողովրդին այստեղից պետք է բացատրություն տանք, թե ինչը ինչպես է արվում: Ես կարծում եմ` պետք է ձևավորել ժամանակավոր հանձնաժողով»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ վերջին ժամանակներս ԱԺ-ն դարձել է մի մարմին, որից ժողովուրդը ոչինչ չի սպասում:

Նա նշեց, որ Արծվիկ Մինասյանը շատ լուրջ պրոսֆեսիոնալ գործ է կատարել և պետք է միասին շարունակեն աշխատել: Նշեց նաև, որ «Ժառանգությունը» կողմ է քվեարկելու այդ նախագծին: