կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-15 15:10
Քաղաքական

Դուք գիտեք` Գալուստ Սահակյանը կամ մյուսներն են էս ազգը պահո՞ւմ. ԱԺ նախագահ

Դուք գիտեք` Գալուստ Սահակյանը կամ մյուսներն են էս ազգը պահո՞ւմ. ԱԺ նախագահ

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված` լրագրողների հարցերը վերաբերում էին հիմնականում էլեկտրաէներգիայի թանկացմանը և երկու օր առաջ այդ թեմայով ԱԺ-ում տեղի ունեցած լսումներին:

Հարցին, թե ի՞նչ հետևություն է արել այդ լսումներից, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այն հետևությանն եմ եկել, որ թանկացում, միևնույն է, լինելու է, և որ դրանց պատճառը հիմնականում դոլար-դրամ տատանումներն են: Հոսանքի թանկացումը ոչ միայն մարդկանց գրպանին է խփելու, այլև տնտեսության վրա է բացասաբար անդրադառնալու»:

Լրագրողները հարցրեցին, թե ինչո՞ւ ՀԷՑ-ի տնօրենը չներկայացավ լսումներին: Գալուստ Սահակյանի կարծիքով` Բիբինը, լինելով հիմնարկի ղեկավար, չի ներկայացել լսումներին, որովհետև երկնչել է: «Ասելիքը հիմնավորել չկարողանալու պատճառով Բիբինը չեկավ, ոչ թե ինչպես որոշ խորհրդարանականներ էին ասում, արհամարհել է ԱԺ-ն»,- ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ նրա չգալու հետ կապված վիրավորվելը անհեթեթություն է, որովհետև բազմաթիվ մարդիկ կան, որոնց ԱԺ-ն հրավիրում է որևէ քննարկման, և նրանք չեն ներկայանում:

Լրագրողները պնդեցին` ԱԺ-ն ունի՞ այն համարձակությունը, որ ռուս պաշտոնյային նման վարվելակերպի համար հեռացնի կամ պաշտոնազրկի, ԱԺ նախագահը պատասխանեց, որ ազգությունը կապ չունի, նրա տեղում կարող էր լինել ցանկացած ազգության պաշտոնյա:

ԱԺ նախագահը շեշտեց, որ Բիբինը ներկայացրել է 106 միլիարդի վնաս, սակայն ՀԾԿՀ-ն դրանից միայն 23 միլիարդն է օբյեկտիվ համարել:

Հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի Բիբինի հարցազրույցը, որում նա մեղադրել է ՀՀ կառավարությանը էներգետիկ ոլորտում ստեղծված վիճակի համար, Սահակյանը պատասխանեց. «Ինչպես՞ պետք է մեկնաբանեմ՝ գորշ: Անիմաստ մի հայտարարություն էր, թե իրեն մեղադրում ենք հանցագործության մեջ: Կշռելի կլիներ, եթե ոչինչ չխոսեր»:

Yerkir.am-ի այն հարցին, թե հնարավոր չէ՞ր` օլիգարխները հավաքեին այդ 23 միլիարդը, և էլեկտրաէներգիայի գինը չբարձրացվեր, ԱԺ նախագահը պատասխանեց. «Շատ հնարավոր կլիներ, որ բյուջեից հանեինք, տայինք, բայց, միևնույն է, թե, բյուջեից հանենք, թե, բյուջեն համալրենք, դա մեր ազգաբնակչության հաշվին պետք է լիներ»:

Իսկ թե ինչպե՞ս են քաղաքացիները վճարելու թանկացած էլեկտրաէներգիայի համար, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Կառավարությունը միջոցներ կձեռնարկի 105 հազար անապահով ընտանիքների համար»: Ըստ նրա` թանկացումը ամենավատ բանն է, և որ ամենաշատը իշխանությանն է մտահոգում այդ թանկացումը:

Հարցին, թե ի՞նչ է հանում իշխանությունը, որ տեղի չունենա այդ թանկացումը, Գալուստ Սահակյանը չիմացավ՝ ինչ պատասխանի. «Իսկ ի՞նչ քայլ պետք է ձեռնարկի` ըստ ձեզ»:

Լրագրողները տարակուսեցին` փաստորեն, ամեն ինչ ժողովրդի ուսերի՞ն է, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Բա ժողովուրդն է բյուջեն պահում, դուք գիտեք Գալուստ Սահակյանը կամ մյուսներն են էս ազգը պահո՞ւմ, ժողովուրդն է պահողը»: