կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-19 13:13
Քաղաքական

Օրենքը կնպաստի աղքատության ավելացմանը. ՀՀԿ-ականը՝ կառավարության բերած օրենքի մասին

Օրենքը կնպաստի աղքատության ավելացմանը. ՀՀԿ-ականը՝ կառավարության բերած օրենքի մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը դժկամությամբ էր փորձում մեկնաբանել «Ակցիզային հարկի» մասին օրենքում փոփոխություններին դեմ քվեարկելը: Նշենք, որ այսօր քվեարկության դրվեց կառավարության ներկայացրած` «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասն հարցը, որով նախատեսվում է ավելացնել հարկային դրույքաչափը օղու, ծխախոտի, դիզվառելիքի համար, ինչն էլ ենթադրում է այդ ապրանքների թանկացում:

«Ես երեկ հայտարարեցի, որ դեմ եմ քվեարկելու: Կողմ կքվեարկեմ, եթե կառավարությունը որոշ միջոցառումներ ձեռնարկի: Բոլորը հասկանում են, որ այնտեղ, որտեղ հարկը կարելի է ավելացնել, ուրեմն՝ կարելի է, որտեղ չի կարելի, ուրեմն` չի կարելի: Այս օրենքի փոփոխությունը կբերի աղքատության շեմից քիչ վերև ապրող մեր քաղաքացիների ավելի աղքատացման: Ես բաց հայտարարեցի, որ հոսանքի թանկացման հետ կապված մենք դեռ չենք կարող հստակ գնահատել, թե աղքատությունն ինչ ձև և չափ կընդունի: Եվ դրան կգումարվի այս թանկացումը: Եվ որպեսզի աղքատության շեմի հետ կապված մենք չունենանք լուրջ պրոբլեմներ, ուրեմն, կարծում եմ, այս օրենքի նախագիծը ժամանակին չէր»,- ասաց նա:

Միաժամանակ, պատգամավորը պաշտպանեց կառավարությանը, համարելով, որ կառավարության գործառույթն է` կարողանալ իր մասնաբաժինը վերցնել աշխատողներից, որովհետև կառավարությունը հավասար փայատեր է այդ աշխատողների ստեղծած արդյունքի մեջ: Պատգամավորը փորձում էր համոզել լրագրողներին, որ այլ երկրներում հարկային դրույքաչափերը ավելի բարձր են, քան Հայաստանում:

Անդրադառնալով «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությանը` Հակոբյանը նշեց, որ դա վտանգավոր օրենք է, որովհետև կնպաստի աղքատության ավելացմանը: «Մեկ այլ հարց է ՝վերանայել օրենքը: Այո, դու մարդկանց կարող ես ասել, որ ծխախոտը թանկացնում եմ, դու քիչ գումար ունես, մի\' ծխիր, օղին թանկացնում եմ, եթե փող չունես, կարող ես օղի չխմել, բայց չենք կարող ասել` եթե դու քիչ գումար ունես, քո աշխատանքային գործունեության համար թանկ գազ կամ բենզին գնիր: Սա չենք կարող ասել, առավել ևս` մեր երկրում, երբ մարդկանց 30 տոկոսը զբաղված է գյուղատնտեսությամբ»,- ասաց պատգամավորը: