Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող` ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ փոփոխությունը կատարվում է կառավարության «բաց երկնքի քաղաքականության» շրջանակներում և քաղավիացիայի ոլորտում բարեփոխումների համատեքստում: Նախատեսվում է իրականացնել լիազորությունների վերաբաշխում ոլորտը կարգավորող լիազոր մարմինների միջև` տարանջատելով տնտեսական ու տեխնիկական կարգավորումը, արդիականացվում է առևտրային օդային հաղորդագրությունների ոլորտը, հավաստագրերի ու թույլտվությունների մասը` ապահովելով թափանցիկություն:
Նախարարը նշեց, որ օրենքի փոփոխությունը կնպաստի ոլորտի թափանցիկության ապահովմանը, միջազգային լավագույն փորձի կիրառմանը և ոլորտի բարեփոխումներին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց նրան` նախապես ասելով, որ իր հարցն անմիջականորեն չի վերաբերում օրենքի փոփոխությանը, սակայն վերաբերում է հանրային մեծ հնչեղություն ունեցող խնդրին՝ օդաչուների աշխատավարձի և «Արմավիա» ընկերության խնդիրներին:
«Արմավիա» ընկերությունը ճանաչվեց սնանկ, բայց սեփականատերը միլիարդատիրոջ նման շարունակում է ապրել` լինելով դե յուրե սնանկ, դե ֆակտո՝ միլիարդատեր, իսկ օդաչուները շարունակում են ամեն օր կառավարության դիմաց պահանջել իրենց աշխատավարձը»,- ասաց պատգամավորը՝ հարցնելով, թե ինչպե՞ս է այդ խնդիրը կարգավորվելու:
Նաիրա Զոհրաբյանը հարցրեց նաև, թե ինչո՞ւ են Հայաստանում օրեցօր աճում ավիատոմսերի գները: «Ավիատոմսերը աճում են պրոգրեսիվ աճով, Հայաստանի քաղաքացիները գերադասում են որևէ երկիր գնալու համար, գնալ Թբիլիսի` մեքենայով, մեքենան կանգնեցնել այնտեղ ու շարունակել ճանապարհը: Ինչո՞ւ են Հայաստանում ավիատոմսերը աշխարհում ամենաթանկը»,- հարցրեց պատգամավորը:
Կարեն Ճշմարիտյանը, անդրադառանալով «Արմավիա»-ի սնանկացմանը, նշեց, որ գործընթացը ընթանում է ՀՀ օրենսդրության սահմաններում, և որ ինքը չի կարող մեկնաբանել որևէ անձի ֆինանսական կարողությունները: Ինչ վերաբերում է ավիատոմսերի գներին, նախարարը մեջբերեց վիճակագրություն` 2014-ին, 2013-ի համեմատ, ուղևորահոսքերի աճը կազմել է 20,9 տոկոս: Թռիչքների հաճախականությունը աճել է 19 տոկոսով, սակագները ունեցել են 5,1 տոկոսի նվազում, 2015-ին թռիչքների հաճախականությունը նվազել է, իսկ ուղևորահոսքը՝ աճել, սակագները նվազել են 14 տոկոսով:
Նախարարը հավելեց, որ Հայաստանում թռիչքներ իրականացնում են 24 ընկերություններ, որոնցից 8-ը ռուսական են, ծանրաբեռնված են եվրոպական ուղղությունները՝ «Չեխական ավիաուղիներ»-ի դուրս գալով պայմանավորված:
Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց, որ օդաչուների խնդիրը խորհրդարանական լսումների կարիք ունի: «Մեր երկինքը մեկ բացեցինք, մեկ փակեցինք, բայց դրանից ոչինչ չփոխվեց: Հարգում եմ վիճակագրությունը, բայց խորհուրդ կտամ մոնիտորինգ անել, թե մեր քաղաքացիների որ տոկոսն է Թբիլիսիով գնում այլ երկիր, որովհետև այդպես ավելի էժան է ստացվում»,- ասաց նա:
Նախարարը խոստովանեց, որ Թբիլիսիի միջոցով թռչում են հիմնականում բյուջետային ընկերություններ: