Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվա-Երեւան-Մոսկվա ուղղությամբ չվերթների ավիատոմսերը վերջին օրերին կտրուկ թանկացել են՝ 250 ԱՄՆ դոլարից հասնելով 1250 ԱՄՆ դոլարի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «ՋՈԵԼ» միջազգային բեռնափոխադրումների եւ տուրիստական ընկերության տնօրեն Սոնա Եղիազարյանը։
«Շատ են թանկացել Մոսկվա-Երեւան-Մոսկվա չվերթների ավիատոմսերը. երկկողմանի տոմսերի գները տատանվում են 1250-ից 1350 դոլարի սահմանում, ընդ որում, առանց ուղեբեռի 1300 դոլար է։ Իսկ, օրինակ, «ՆՈՐԴՎԻՆԴ» ավիաընկերության տոմսերի գինը հասնում է մինչեւ 2000 դոլարի»,- նշեց նա։
Ըստ Սոնա Եղիազարյանի՝ ավիատոմսերի թանկացումը պայմանավորված է ռուս-ուկրաինական ռազմական գործողություններով։
Նա ասաց, որ փետրվարին նույն ավիատոմսերի արժեքը 200-ից 250 դոլարի սահմանում էր։
NEWS.am-ը զրուցեց մի քանի տուրիստական ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք նշեցին, որ հիմնականում բիզնես դասի ավիատոմսեր են մնացել։
«Հաճախորդները, որ ճշտում են գները, իրենց վերաբերմունքից կամ զանգերի քանակից հասկանում ենք, որ դա ՀՀ քաղաքացիների համար մեծ գումար է»,- ասաց տուրիստական գործակալության ներկայացուցիչը։
Մենք տեղեկացանք, որ «Ուրալ» ավիաընկերությունն առաջիկա օրերին Երեւան-Մոսկվա չվերթ չի իրականացնում, խնդիրը պայմանավորված է «Սիբիր» ավիաընկերության (Siberia Airlines)՝ А320 տիպի ինքնաթիռի թռիչքների արգելքի հետ։ Նշենք, որ «S7 Airlines»-ը չեղյալ է հայտարարել Airbus օդանավերով միջազգային բոլոր չվերթները։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին ռուսական «Սիբիր» ավիաընկերության (Siberia Airlines) կողմից շահագործվող А320 տիպի ինքնաթիռի՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց ժամեր առաջ, երբ այն դեռեւս գտնվում էր ՌԴ օդային տարածքում, ի հայտ են եկել տվյալ ինքնաթիռի թռիչքային պիտանիության ապահովման հետ կապված փաստաթղթային խնդիրներ։ Ավիաընկերության որոշմամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում, որից հետո միայն ժամանել է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան: Վերը նշված հանգամանքով պայմանավորված՝ ինքնաթիռի նախատեսված թռիչքը Երեւանից անհնարին է դարձել: Առաջացած խնդիրները կապված են եղել ավիաընկերության եւ օդանավի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների, ինչպես նաեւ նշված օդանավի վարձատուի միջեւ: