Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան, երբ տեղեկություն տարածվեց Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտ ռուս զինծառայող` 19-ամյա Իվան Նովիկովի սպանության մասին, ռուսական լրատվամիջոցները շտապեցին հիշեցնել ռուս զինծառայողի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության պատմությունը:
Մեր բարեկամները երևի թե «հույս ունեին», որ ռուս զինծառայողին սպանողը հավանաբար հայ է լինելու և իրենց հաջորդ հրապարակումը լինելու է ընդդեմ հայերի ու Հայաստանի, ինչպես հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դեպքում էր: Հիշեցնենք, որ տասնյակից ավելի մարդու կյանք խլած վթարի դեպքից հետո, առանց վթարի իրական պատճառները վկայակոչելու, Ռուսաստանի Առաջին ալիքի լրագրող Օլգա Սկաբաևան ցուցաբերել էր հստակ հակահայկական դիրքորոշում ՝ անընդհատ շեշտելով Հարությունյանի ազգային պատկանելությունն ու վարորդի՝ իրադրությունը բացատրելու փորձերը համեմատելով բառաչի հետ:
Սակայն առավոտվա դեպքից ժամեր անց հայտնի դարձավ, որ Նովիկովի սպանության մեջ կասկածվում է նրա ծառայակիցը` նույն ռազմաբազայի պայմանագրային զինծառայող` 21-ամյա Իվան Բոսխոմջիևը: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ նա խոստովանել է մեղքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Նախնական տեղեկություններով` սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունից հետո Ռուսաստանը որոշում կայացրեց, որ 2016-ից ռուսական ռազմաբազայում կծառայեն միայն պայմանագրային զինծառայողներ: Հետաքրքիր է` ի՞նչ դասեր կքաղի ռուսական կողմն այս դեպքից հետո, արդյո՞ք ռազմաբազայի հրամանատարական կազմում կլինեն նոր պաշտոնանկություններ, և արդյո՞ք սպայական կազմից որևէ մեկը պատասխանատվություն կկրի կատարվածի համար:
Ի դեպ, ընդամենը երկու ամիս առաջ պաշտոնանկ էր արվել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պետ Անդրեյ Ռուզինսկին: Այդ պաշտոնում նրան փոխարինել էր գեներալ-մայոր Ուստինովը:
Նշենք, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո այս դեպքը ռուսական ռազմաբազայի հետ կապված` այս տարվա ընթացքում արդեն երկրորդ աղմկահարույց սպանությունն է: Ուշագրավ է, որ վերջին տարիներին այլ երկրներում պայմանագրային հիմունքներով ծառայություն իրականացնող ռուսական ռազմաբազաներում նման աղմկոտ դեպքեր չեն գրանցվել:
Ժամանակն է, որպեսզի մեր բարեկամները նմանատիպ միջադեպերը ռազմաբազայի ղեկավարության վրա բարդելու և կատարվածը ձերբակալություններով ու պաշտոնանկություններով «փակելու» փոխարեն մտածեն Հայաստան ուղարկվող զինծառայողների որակական հատկանիշների մասին, այլապես կարծիք է ստեղծվում, որ Գյումրիում քրեածին իրավիճակ ստեղծողները հենց ռուսաստանցի զինծառայողներն են: