կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-14 22:31
Առանց Կատեգորիա

Թուրքիայի խորհրդարանում քրեական տարրերի ներկայությունը տարօրինակ չէ

Թուրքիայի խորհրդարանում քրեական տարրերի ներկայությունը տարօրինակ չէ

Թուրքիայում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները, ու թեպետ կրկին հաղթեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, սակայն վերջինս նոր խորհրդարան կմտնի նախորդ 341-ի փոխարեն` 326 պատգամավորով: Ի դեպ, Թուրքիայի 550 տեղանոց խորհրդարանում կրկին տեղ է գտել 4 կուսակցություն: Հարեւան երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵՐԿԻՐ-ը զրուցել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:

- Թուրքիայում հետընտրական կրքերը գնալով թեժանում են` քարկոծվում են նախընտրական շտաբներ, կազմակերպվում են գրոհներ, բախումներ են տեղի ունենում ոստիկանների հետ: Այս ամենն ինչպե՞ս եք գնահատում:

-Նման զարգացումները ես նորմալ եմ համարում, եւ չեմ կարծում, որ այդ ամենը կհանգեցնի ինչ-որ արտասովոր սրացումների: Կարծում եմ, որ դրանք առավելապես կրում են տեղային բնույթ, այսինքն` համաթուրքական չեն եւ, բնականաբար, հետագայում շարունակվելու պոտենցիալ էլ չունեն:

-Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացրած «Էրգենեկոն» եւ «Մեծ մուրճ» գործի շրջանակներում մեղադրվող մի քանի անուններ են անցել խորհրդարան: Սա նորմա՞լ երեւույթ եք համարում:

- Կարող եմ ասել, որ հերթական անգամ թուրքական խորհրդարանում տեղ են գտնում քրեական հանցագործներ, եւ դա թուրքական խորհրդարանական պատմության մեջ արդեն դարձել է սովորական երեւույթ, երբ տարբեր ոճրագործներ, այդ թվում եւ Հայոց ցեղասպանության ժամանակ մեղավոր շատ անձինք հետագայում եղել են Թուրքիայի մեծ ժողովի պատգամավորներ: Եվ զարմանալի չէ, որ ձեր նշած սկանդալային գործերով անցնող մարդիկ կարող են զբաղեցնել պատգամավորի աթոռ եւ իրենց հանցագործ մտածելակերպով շարունակել աշխատել օրենսդրության ոլորտում: Դա, կարծում եմ, Թուրքիայի համար խիստ բնորոշ երեւույթ է:

- Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Թուրքիայի քաղաքական ուժերը որեւէ հայ թեկնածուի չառաջադրեցին խորհրդարանական ընտրություններում, սակայն առաջադրեցին Հայոց ցեղասպանությունը հեքող երկու տխրահռչակ պատմաբանների` Սեյիթ Սերթչելիքին եւ Յուսուֆ Հալաչօղլուին:

-Խորհրդարանական ընտրություններում հայ թեկնածուի չառաջադրումը պատահական չէ: Թուրքական հասարակության մեջ եւ, ընդհանրապես, Թուրքիայում տիրող հակահայկական տրամադրությունների ֆոնին յուրաքանչյուր քաղաքական ուժ իր հաշվարկների մեջ, բնականաբար, մեծ տեղ է տալիս այդ երեւույթին, այսինքն` եթե իր ցուցակում ընդգրկում է հայ թեկնածուի, ապա դա ուղղակիորեն ազդում է իր քաղաքական վարկանիշի վրա եւ ընտրություններում կարող է բացասական արդյունքի հանգեցնել: Ուստի Թուրքիայի քաղաքական ուժերը, այդ թվում եւ` Քրդական կուսակցությունը, ռեալ պոլիտիկ իրավիճակից ելնելով, նաեւ հաշվի առնելով իրենց հասարակության մեջ ծայրաստիճան սրված հակահայկական տրամադրությունները, չընդգրկեցին հայ թեկնածուների:

Եվ, դրան հակառակ, թուրքական հասարակության մեջ բավական մեծ հեղինակություն են վայելում ոչ միայն քրեական հանցագործները, այլեւ պատմության մեջ կեղծարարությամբ զբաղվող եւ որոշակիորեն պատմական հանցագործությամբ զբաղվող մարդիկ: Այնպես որ, դա նույնպես խիստ բնորոշ է Թուրքիային, որ խորհրդարանում հայ թեկնածուներ չեն ընդգրկվում, եւ ընդգրկվում են պատմակեղծարարներ: Սրանք, բացի մեզ համար ցավոտ լինելուց, նաեւ թուրքական իրականության որոշակի կողմեր են: Այսինքն, մենք պետք է գիտակցենք, որ հենց այդ մարդիկ են, որ բարձրացնում են այդ քաղաքական ուժերի հեղինակությունը, ուստի քաղաքական հաշվարկներում նրանց ընդգրկելը խիստ կանխատեսելի երեւույթ է:

- Ի՞նչ եք կարծում, Թուրքիայի քաղաքական կուրսը որոշակի փոփոխություններ կկրի՞ այս ընտրություններից հետո:

- Քանի որ իշխող կուսակցությունը բավական մեծ քվեներ է ստացել, ապա Թուրքիայում կշարունակի իշխել միակուսակցական կառավարությունը: Այսինքն` կրկին լինելու է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մենիշխանությունը, եւ արտաքին քաղաքական ոլորտում ես շեշտակի փոփոխություններ չեմ ակնկալում: Միգուցե էլ ավելի խորանա Թուրքիայի նեոօսմանիստական քաղաքականությունը, որի կնքահայրը հենց ներկայիս արտգործնախարար Դավութօղլուն է: Իսկ Հայաստանի հետ հարաբերություններում, իմ կարծիքով, Թուրքիայի քաղաքականությունը շարունակելու է մնալ նույնը, այսինքն` արտաքին ճակատում շարունակվելու են իրականությանը չհամապատասխանող սուտ, կեղծ հայտարարությունները` իբրեւ թե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, իսկ ներքին ոլորտում, այսինքն` ներթուրքական զարգացումներում, շարունակվելու են հակահայկական տրամադրությունները, եւ շարունակվելու է այդ տրամադրությունների քաջալերումը թուրքական իշխանությունների կողմից:

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ