Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ավարտվեց Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը` ջութակ մասնագիտությամբ։ Այս տարի խաչատրյանական մրցույթի առաջին մրցանակը ժյուրին շնորհեց Սերբիան ներկայացնող ջութակահարուհի Իվա Միլետիչին։ Միլետիչին շվեյցարական Del Gesu հիմնադրամը մեկ տարի նվագելու իրավունքով տրամադրել է J.B.Vuillaume-ի` 1825թ. ջութակը: Նա այս տարվա դեկտեմբերին հանդես կգա նաև Երևանում անցկացվելիք` Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։
Ժյուրիի որոշմամբ` երկրորդ մրցանակը կիսում են Դավիթ Արդուխանյանը (Ռուսաստան) և Անդրեա Օբիսոն (Իտալիա)։ Իսկ երրորդ մրցանակակիրներ դարձան Պիեռ Ֆրապիերը (Ֆրանսիա) և Մարիամ Վարդանյանը (Հայաստան):
Մրցույթի հաղթող Միլետիչը նշեց, որ մեծ տպավորություններ ունի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթից։ Երաժիշտը նշեց, որ մինչ մասնակցելն էլ շատ լավ արձագանքներ է լսել, և հաճելի է, որ ինքն էլ մրցույթի մի մասնիկն է դարձել՝ հանդիպելով ժյուրիի մեծանուն անդամների, մրցույթի հյուրերի հետ: «Մրցույթի ընթացքը բավականին դժվար էր, սակայն ուրախ եմ մասնակցության համար: Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը վաղուց ծանոթ էր ինձ և այս օրերին մեծ բավականություն ստացա` նվագելով այն»,- ասաց ջութակահարուհին։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը կարևորեց այն հանգամանքը, որ տարեցտարի մեծանում են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցների թիվը և աշխարհագրությունը։ Նա ընդգծեց, որ մրցույթի մասնակիցների կատարողական վարպետությունը շատ բարձր էր. մասնակիցների մոտ 30-40 տոկոսը մի քանի միջազգային մրցույթների դափնեկիրներ են։
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին այս տարի մասնակցել է 17 երկրի 25 ջութակահար։